|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում 25.04.2026թ․ հրապարակվել է «Նշում ենք քաղաքացու օրը» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները բեմում կատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգը: Հաջորդ օրը տեսանյութը հեռացվել է դպրոցի ֆեյսբուքյան էջից։
«Միջնակարգ դպրոցում աշակերտների ներգրավմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության հետ ասոցացվող երգի բեմադրումը և դպրոցի ֆեյսբուքյան էջում համապատասխան տեսագրության հրապարակումը, դիտորդական առաքելության գնահատմամբ, խախտել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու արգելքը, որն ուղղակիորեն սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»,-նշված է դիտորդական առաքելության տարածած հաղորդագրությունում։
Factor.am-ը Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Բաբլոյանից հետաքրքրվել է, թե ինչու են դպրոցում հնչեցրել Նիկոլ Փաշինյանի կողմից հեղինակված և «Վարչաբենդի» կողմից կատարվող երգը։ «Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում աշակերտները երգել են այդ երգը։ Ես լրագրողից եմ իմացել, որ դա նախընտրական քարոզչության երգ է, հետո ճշտեցի երգը գրված է եղել 2025 դեկտեմբերին, իսկ այդ ժամանակ քարոզչության մասին խոսք չկար։ Աշակերտներից մեկը կիթառ է կարողանում նվագել, նվագել, մյուսներն էլ երգել են։ Այստեղ որևէ քաղաքական միտում չկա»,-ասաց նա և հավաստիացրեց, որ երբ իմացել է, որ ասոցացվում է ՔՊ-ի հետ, հեռացնել է տվել էջից։
«Ես հրահանգավորեցի, որ ջնջեն, երբ արդեն իմացա, որ այդպիսի բան են ասում։ Բնականաբար, պետք է հանեինք»,-ասաց նա։ Հարցին՝ կուսակցակա՞ն է, Նոնա Բաբլոյանն ասաց․ «Ես կուսակցական չեմ, չեմ եղել, չեմ էլ լինի։ Ես շատ հեռու եմ կուսակցական լինելուց, կուսակցական գաղափարախոսությունը, կներեք, ինձ համար անբարոյականություն է։ Ես ունեմ իմ խիղճը, իմ Աստվածը, զբաղված եմ կրթության գործերով։ Չգիտեմ՝ ինչու նման արձագանք եղավ, սա միտումնավոր չէ․․․անմեղ երեխաների․․․ երևի տեքստը դուր է եկել, երգել են»,-ասել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։