կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 10:26
Աշխարհ

Թրամփը վստահ է՝ հաղթելու է 2020 թվականի նախագահական ընտրություններում

Թրամփը վստահ է՝ հաղթելու է 2020 թվականի նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի լրագրողների հետ զրույցում ասել է, որ «միանգամայն համոզված» է, որ կհաղթի նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու մեկ տարի հետո՝ 2020-ի նոյեմբերի 3-ին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Լրագրողների հարցին՝ համոզվա՞ծ է, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով, Թրամփը պատասխանել է. «Միանգամայն համոզված եմ։ Մենք շատ լավ արդյունքներ ունենք ըստ հարցումների: Մարդիկ չեն ցանկանում լսել իմպիչմենտի մասին։ Դրա մասին ցանկանում են խոսել միայն ստախոս ԶԼՄ-ները և դեմոկրատները, որոնք հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»։

ԱՄՆ-ում ընտրարշավի մեկնարկը տրվելու է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին, Այհովա նահանգում, որտեղ տեղի կունենան երկրում առաջին կոկուսները՝ կուսակցական ակտիվիստների ժողովները, որտեղ կընտրեն պատվիրակներ դեմոկրատների և հանրապետականների կուսակցական համաժողովների, հետո՝ նահանգի կոնֆերանսների, իսկ այնուհետև՝ ազգային համագումարների համար։ Նյու Հեմփշիր նահանգում փետրվարի 11-ին տեղի կունենան երկրում առաջին նախնական ընտրությունները, որոնք նախընտրական ժողովներից տարբերվում են նրանով, որ այստեղ ընտրվում են պատվիրակներ անմիջապես ազգային համագումարի համար։

Թրամփի մրցակցի անունը նախագահի պաշտոնի համար պայքարում հայտնի կդառնա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում, որը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 13-16-ը Վիսքոնսինի նահանգի Միլուոկի քաղաքում։ Հանրապետականներն իրենց նախընտրական համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ը Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքում ։

Քվեարկության օրը նախագահի թեկնածուն հաղթանակի համար պետք է ունենա 538  նախնական ընտրողներից առնվազն 270-ի ձայները։ Ըստ 1937 թվականից գոյություն ունեցող ավանդույթի՝ ԱՄՆ նոր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 21-ի կեսօրին։