Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5-6 ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի «մարդը»՝ Վիգեն Ավետիսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն է՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նրա նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը, որին ազատել են աշխատանքից միտումնավոր «գործսարքոցիով»։
1999 թ.-ից նա աշխատել է տեսչական մարմնում և հեղափոխությունից հետո իրենց կառույցում մտահոգիչ զարգացումներ է տեսնում։
«Հիմնական լավ մասնագետներին հանում են, կամ այնպես են անում, որ նրանք դիմում գրեն՝ ազատվեն, կամ էլ բերում են դիլետանտ մարդկանց, որոնք մասնագիտությունից չեն էլ հասկանում։ Տպավորությունն այն է, որ այս համակարգն ուզում են քանդել»,-ասաց նա։
Դաշնակցության դեմ իշխանական դեմարշ մատնանշեց մամուլը։ Իգոր Սարգսյանը չի բացառում, որ իր՝ դաշնակցական լինելը դեր խաղաց՝ աշխատանքից ազատման հարցում, բայց չէր ուզենա այդ կերպ մտածել․ «Ուզում եմ հավատալ, որ Տեսչական մարմնի ղեկավարի հովանավորների հետևանքն էր, բայց անշուշտ մտածում եմ, որ իմ դաշնակցական լինելը նպաստեց դրան»։
Իգոր Սարգսյանի ազատման որոշումը հենց վարչապետ Փաշինյանն է ստորագրել։ Ազատման պատրվակը վերադասի ոչ օրինաչափ հանձնարարությանը կառուցողական առաջարկով պատասխանելն է։
Խնդիրն Ամուլսարի հետ էր կապված․ Վիգեն Ավետիսյանն իր դաշնակցական տեղակալին՝ Իգոր Սարգսյանին հանձնարարել էր 1-2 օրում միայնակ ստուգում իրականացնել և պատասխանել՝ Ամուլսարում հանք պե՞տք է աշխատի, թե ոչ։
Իգոր Սարգսյանն էլ առաջարկել էր 5-6 հոգանոց լուրջ մասնագետների թիմով կատարել ուսումնասիրությունը, որոնց արդեն աչքի տակ ուներ։ Ղեկավարը բոլոր առաջարկներն անտեսել է ու նրան փնովող զեկուցագիր գրել վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ իբր 1-2 օրում ստուգումն շտապ իրականացնելու իր հանձնարարականին հակադարձել են, որ լուրջ խնդիր կա, պետք է լուրջ նայվի։
«Բա եթե մի քանի ամիս առաջ 400 հազար դոլար տվեցին, որ արտասահմանյան կազմակերպությունը գար՝ 6 ամիս էլ չարչարվեր, հաշվետվությունները, նյութերը կարդար, էդ կարդացած նյութերի հիման վրա եզրակացություն տար, դու 2 օրում ինձնից պահանջում ես ստուգում, ես իրավունք ունե՞մ մենակ, իբրև օդի մեջ ձևավորված ստուգող խմբի ղեկավար, քեզ բերեմ ստուգումը տամ, ասեմ՝ էս ա ստուգումը՝ Ամուլսարի հանքը կա՛մ պիտի աշխատի, կա՛մ պիտի չաշխատի»,-տարակուսեց Իգոր Սարգսյանը։
Բայց ավելի վրդովեցուցիչ է եղել վարչապետի արձագանքը. նրա աշխատակազմը, առանց քննություն նշանակելու, բացատրություն պահանջելու, միանգամից որոշում է կայացրել, որ նոյեմբերի 13-ին Իգոր Սարգսյանը պետք է ազատվի աշխատանքից. «Բայց նույնիսկ նոյեմբերի 13-ին չսպասեցին՝ հոկտեմբերի 23-ին միանգամից վարչապետի որոշումը եղավ, և ինձ ազատեցին աշխատանքից»,-ասաց նա։
Տեսչական մարմնի աշխատակիցներն ստորագրահավաք կազմակերպեցին ու 30-40 հոգով բողոքեցին վարչապետին. դա համակարգային խնդիր էր, ոչ թե մեկ անձի։
Վիգեն Ավետիսյանի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց հետո աշխատանքային մթնոլորտը շատ վատացել է՝ ասում են աշխատակիցները. «Նա մասնագետ չէ, տեսչական համակարգում չի աշխատել, գործին չի տիրապետում, անձնական որակներն էլ վատն են․ ամբողջ տեսչական համակարգի աշխատանքն է փլուզել»։
Իգոր Սարգսյանն էլ դիմում գրեց վարչապետին. նա է նշանակում ու ազատում Տեսչական մարմնի ղեկավարին և տեղակալներին։
Սա միակ դեպքը չէ, որ դաշնակցական պաշտոնյա է ազատվում, կամ դրդում են, որ ազատման դիմում գրի։
Դարձյալ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին դաշնակցական մեկ այլ պաշտոնյա՝ Հովսեփ Սիմոնյանն էլ «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։
Yerkir.am-ին Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ դժգոհ չէ նախարարից, նրա հետ շփում էլ չի ունեցել, ազատման դիմումը պայմանավորված է առողջական խնդիրներով: Երեկ հավաքել է կոլեկտիվը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։
Էրիկ Գրիգորյանի հետ չի խոսել, դիմումը գրել է, փոխանցել գործավարություն, որ ուղարկեն նախարարություն։
Ազատման հրամանը դեռ չի ստացել և չի կասկածում, որ կստանա։
2,5 տարվա պաշտոնավարման ընթացքում զգալի ծրագրեր է իրականացրել. «Երբ նոր էի նշանակվել՝ «Արփի լիճ ազգային պարկի» այցելուների քանակը 500 մարդ էր, այսօր արդեն 4000-ի է հասել։ Արևային ջերմոց ենք տեղադրել, էլեկտրաէներգիա ստանալու արևային համակարգ, մի շարք բնապահպանական խնդիրներ ենք լուծել», - նշեց նա։
Չի բողոքում, չի դժգոհում։ Միայն չի հասկանում՝ ի՞նչ գաղափար է «Նոր Հայաստանը». «Ո՞վ է որոշել՝ ջնջել էն ամբողջը՝ արդեն Վարդան Մամիկոնյան չունե՞նք, արդեն թագավորներ չկա՞ն, պրծա՞վ։ Ես չեմ հասկանում էդ գաղափարը՝ էն գիտնականները չկա՞ն, նո՞ր գիտնականներ են գալու։ Հայաստանում հնարավոր է՝ նոր իրավիճակ է, բայց «Նոր Հայաստան» ասելն ինձ համար անհասկանալի է»։
Աննա Բալյան