կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 14:44
Հասարակություն

Զբաղվել է քաղաքականությամբ. Սեյրան Օհանյանը՝ աշխատանքից ազատված զինծառայողի մասին

Զբաղվել է քաղաքականությամբ. Սեյրան Օհանյանը՝ աշխատանքից ազատված զինծառայողի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աշխատանքից ազատված պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանի այն հայտարարությանը, թե ազատվել է աշխատանքից պաշտպանության նախարարի հրամանով:

«Կարծում եմ` այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, և չեմ կարծում, որ այդ հիմքն ունի Տիգրանը, որ մեղադրի զինված ուժերի ղեկավարությանը: Նա զբաղվել է քաղաքականությամբ: Զինված ուժերն այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել ևս, որ մեկ անգամ զգուշացվել է: Նա իր ցանկությամբ դուրս է եկել բանակից, և ասելու որևէ բան չունեմ»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը` Դուք ասում եք` չեզոքություն, բայց գուցե նա վարակվե՞լ է սահմանադրական փոփոխությունների ընթացքում Ձեր ցուցաբերած ակտիվությամբ, նախարարը պատասխանեց. «Իսկ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել: Ես քաղաքական թիմի անդամ եմ և այդ քարոզչության շրջանակներում ներկայացրել եմ, թե ինչպիսին է այսօր անվտանգության համակարգը և նոր Սահմանադրությամբ ինչպիսին է լինելու: Եթե դուք մեր զորամասերում գնաք որևէ տեղ և իմանաք, որ այնտեղ զբաղվել եմ քարոզչությամբ, այն ժամանակ ինձ կասեք»:

Հարցին, թե ով էլ շարունակի նման քաղաքացիական ակտիվություն դրսևորել, կհեռացվի՞ համակարգից կամ էլ այնպես կարվի՞, որ ինքնակամ հեռանա, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զինվորականները պետք է զբաղվեն իրենց գործով:

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանն աշխատանքից ազատվել է իր քաղաքական հայացքների համար: