կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 15:15
Աշխարհ

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ:

Երեք երկրների արտգործնախարարները՝ որպես աստանյան ձևաչափի երաշխավորներ, հոկտեմբերի 29-ին Ժնևում անցկացրել են եռակողմ հանդիպում և խորհրդակցություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեիր Պեդերսենի հետ:

Հայտարարությունում նշվում է. 

«Նախարարները հաստատել են Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրների շարունակական նվիրվածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նշել, որ այդ սկզբունքները պետք է հարգվեն բոլորի կողմից: Շեշտվել է ահաբեկչության և Սիրիայի տարածքում անջատողական ձգտումների դեմ պայքարի՝ նրանց վճռականությունը:

Նրանք համոզմունք են հայտնել, որ Սահմանադրական հանձնաժողովի գործարկումը փաստում է՝ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում, նաև կրկին հաստատել են իրենց հանձնառությունը՝ առաջ տանել կենսունակ և երկարաժամկետ քաղաքական գործընթաց, որը կիրականացնեն հենց սիրիացիները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի:

Նրանք կարևորել են Սիրիայի ամբողջ տարածքում առանց նախապայմանների և խտրականությունների մարդասիրական օգնությունն ավելացնելու, փախստականների և ներքին տեղահանված անձանց անվտանգ ու կամավոր վերադարձին՝ Սիրիայի իրենց բնակության վայրեր, նպաստելու և սիրիական կողմերի միջև վստահություն հաստատելու գործընթացը»: