Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Օսմանյան կայսրությունից փախչելով՝ Սիրիայի Ռաքքա քաղաքում մեծ թվով հայ ընտանիքներ են հաստատվել: «Իսլամական պետության» ավազակախմբերի կողմից բռնազավթման շրջանում հայերը դարձյալ աղետի առջև դեմ դիմաց էին մնացել, իսկ Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողությունից հետո հյուսիսային և արևելյան Սիրիայի նկատմամբ բռնազավթիչ հարձակումները հայերին նոր կոտորածների առջև են կանգնեցրել:
Հայոց ցեղասպանությունից փրկված իր պապի պատմածները ներկայացնող՝ Ռաքքայում բնակվող հայերից Մասիս Նասրին ասում է, որ թուրքական պետությունն ու Օսմանյան կայսրությունը միևնույն մտածելակերպն ունեն: Մասիսը նշում է, որ թուրքական պետությունը ժողովուրդներին ենթարկում է հարկադիր գաղթի, որի նպատակը շրջանի ժողովրդագրական պատկերը փոխելն է, իսկ Աֆրինում, Ջարաբլուսում և Էզազում տեղի ունեցածները ցեղասպանություն են:
«Էրդողանը շարունակում է իր պապերի ցեղասպան գիծը: Հյուսիսային և արևելյան Սիրիայի ժողովուրդներին ստիպողաբար գաղթի և կոտորածների ենթարկելու համար անիրական հիմնավորումներ է հորինում»,- Մասիսի խոսքերն է մեջբերում Yeniozgurpolitika.net կայքը:
Ռաքքայում ապրող մեկ այլ հայ՝ Խելիլ Խոջեն, նշում է, որ Օսմանյան կայսրությունն իրականացրել է հայերի և ասորիների պատմության ամենամեծ ցեղասպանությունը, սակայն միջազգային հանրությունը, ինչպես այդ անգամ էր, այս անգամ էլ լուռ հետևում է ոճրագործ հարձակումներին: Մասիսն ու Խոջեն նշում են, որ նման պայմաններում, երբ միջազգային հանրությունը լուռ է, կանգնած են էթնիկ ցեղասպանության առջև:
Սիրիայում գործող «Ասորիների միություն» կուսակցությունն էլ, կոչ անելով միջազգային հանրությանը՝ դադարեցնել թուրքական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը Սիրիայից, քանի որ դրանց ներկայությունը վտանգ է ասորիների համար:
Հիշեցնենք, որ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից հետո Սիրիայի հյուսիսում բնակվող ազգային փոքրամասնությունները՝ հայերը, ասորիները, քրդերը և այլն, հայտնվել էին Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալների կողմից կոտորածի ենթարկվելու վտանգի տակ, քանի որ այդ զինյալ միավորումն արդեն աչքի է ընկել նմանատիպ գործողություններով: Հայերը հիմնականում ապրում են Կամիշլի, Թել Աբյադ և այլ քաղաքներում: