կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 12:33
Քաղաքական

Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է․ այս պայմաններում նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու․ Տիգրան Աբրահամյան

Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է․ այս պայմաններում նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ:

Եթե նկատի ենք ունենում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես, պայմանավորվածությունների 5-ամյակ ժամկետը, ապա պարզ է դառնում, որ յուրաքանչյուր հնգամյակում, չկարգավորված կարգավիճակի պայմաններում, նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու:

Թե ինչ գնով, ինչ կորուստներով է հնգամյակը մեկ երկարաձգվելու եռակողմ պայմանավորվածությունները, դեռ պարզ չէ, բայց որ դրա մշտական ռիսկերը տասնամյակներով ուղեկցելու են մեզ՝ ցավոք, միանշանակ է:

 

Գործող իշխանություններն այս հարցը ոչ միայն չկարողացան մտցնել եռակողմ հայտարարության փաստաթուղթ, այլ այսօր էլ գործուն քայլեր, միջոցներ չեն ձեռնարկում դրանք առաջնային օրակարգ հետ բերելու հարցում:

Այս պայմաններում, ռուսական կողմն էլ իր հերթին շարժվելու է այն ճանապարհով ու առաջնահերթություններով, որն առաջին հերթին տեղավորվում է իր ռեգիոնալ օրակարգում:

Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, բացակայում է, իսկ նոյեմբերի 9-ից հետո, մեզ հետ կապված բոլորը հարցերը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և մյուսները խոսում ու քննարկում են ՌԴ-ի հետ»: