Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:
Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն:
Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ: Նախագահը նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries ընկերություն:
Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քաջալերելու նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում. հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։