Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրական խնդիրն այն է, որ մարդիկ հասկանան, որ աղջիկ երեխան նույնքան լավ է, որքան տղա երեխան, որ աղջիկները կարող են լինել ծնողների և երկրի համար այն հենարանը, ինչ տղաները, որ աղջիկները նույնքան կարևոր են. Աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում աղջիկների խնդիրներին՝ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Մարդիկ մտածում են, թե տղայի հետ է միայն հնարավոր կապել ապագան: Իրականում, անհրաժեշտ է աշխատել, որ փոխենք մարդկանց այդ մտածողությունը. խնդիրները լուծելու միակ գործուն տարբերակը դա է: Պետք է նկատենք մեր հաջողակ կանանց ու աղջիկներին, պետք է խոսենք մեր ուժեղ աղջիկների մասին, և անպայման ես կուզեի նշել մի շատ էական ցուցանիշ՝ մեր ծերանոցներում երեխա ունեցողների 75 տոկոսը տղա ունեցողներն են՝ երկու, երեք տղա ունեցողներ կան, որ ապրում են ծերանոցներում, աղջիկ ունեցողները, փաստորեն, նրանցից երեք անգամ քիչ են»,- ասաց Ավագյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 11-ը, Աղջիկ երեխաների միջազգային օրն է՝ 2012 թվականից: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այն խնդիրներին, որոնց առավել հաճախ առնչվում են աղջիկները, և նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը: Հայաստանում աղջիկ երեխաների հիմնական խնդիրներն են սեռով պայմանավորված՝ հղիության ընդհատումները և վաղ հղիության, վաղ ամուսնության հարուցած խնդիրները՝ հոգեբանական, տնտեսական և այլ:
Հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները կանխարգելելու համար, Գայանե Ավագյանի խոսքով, ԱՆ-ը մշակել էր առաջարկ, որով պիտի արգելվեր մինչև պտղի 22 շաբաթական դառնալը հղիին հաղորդել նրա սեռը (այդ շրջանում արդեն հղիության ընդհատումն է արգելվում): «Սակայն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները բողոքեցին այդ առաջարկի դեմ՝ նշելով, որ կնոջ իրավունքն է տեղեկատվություն ստանալ իր մարմնի մասին և տնօրինել այն: Հիմա օրենքով արգելվում է սեռով պայմանավորված աբորտը, բայց դա վերահսկելի չէ. հղին ուղղակի կարող է այլ պատճառ ասել: Միակ տարբերակը մարդկանց մտածողության փոփոխությունն է»,- ասաց նա:
Միանշանակ արգելելը, սակայն, Ավագյանի խոսքով, չի կարող երաշխավորել երևույթի բացառում: «Օրինակ՝ Հնդկաստանում սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումը քրեականացվեց, բայց ցուցանիշների վրա գրեթե չազդեց: Իսկ մեզ մոտ՝ գիտակցության բարձրացման աշխատանքներով, 2014-2018թթ. ունեցել ենք այդ ցուցանիշի՝ 3 կետով իջեցում: Նախկինում 100 աղջիկ և 114 տղա հարաբերակցությունից հասել ենք 100 և 111 հարաբերակցության: Թվում է՝ ի՞նչ է այդ երեք կետը: Բայց տարեկան 40 հազար ծննդի պարագայում դա 1200 փրկված աղջիկ է»,- ասաց նա:
Կարծրատիպերը, թե գերադասելի են տղա երեխաները, Ավագյանի խոսքով, առավել ակնառու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: «Շիրակում մի գյուղ կար, որ անցյալ տարի առաջին դասարան գնում էին 6 տղա և 1 աղջիկ. հայրը թույլ չէր տալիս, որ աղջիկը գնա դպրոց, որտեղ միայն տղաներ են, ասում էր՝ ո՞ւր գնա, տղաների հետ նստի: Ստիպված աղջկան տեղափոխեցինք ուրիշ գյուղ՝ տատիկի տուն, որ կրթություն ստանա»,- պատմեց մեր զրուցակիցը:
Գայանե Ավագյանի խոսքով՝ կարևոր է ԶԼՄ-ների դերը՝ թե՛ լուրերում և թե գեղարվեստական հաղորդումներում ու ֆիլմերում, քանի որ դրանք են ենթագիտակցության վրա ազդեցությամբ ձևավորում վարքային մոդելներ: «Մենք առաջարկ ենք ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որ համատեղ կարգավորենք սերիալների բովանդակությունը՝ բացառելով կանանց նկատմամբ բռնության, երեխաներին լքել-հեռանալու և նման տեսարանների առկայությունը: Լիովին վստահ եմ, որ կարելի է գրաքննության և այս վիճակի միջև գտնել որևէ օպտիմալ լուծում»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում վաղ հղիության դեպքերին՝ Գայանե Ավագյանը հավաստեց, որ դրանք եզակի են պատանիների շրջանում: «Շատ քիչ, եզակի են մինչև 15 տարեկան հղիության դեպքերը. դրանք արձանագրելու դեպքում դիմում ենք ոստիկանություն: 16-18 տարեկանների մոտ հիմնականում խնդիրը վաղ ամուսնությունն է՝ ոչ միայն ազգային փոքրամասությունների, այլև ազգությամբ հայերի մոտ: Այս պարագայում, եթե կա ծնողների համաձայնությունը, այսինքն՝ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է աղջիկը, խնդիրը միայն հղիության վարումն է, որին, տարիքով պայմանավորված, առավել ուշադրություն է դարձվում»,- ասաց Ավագյանը: