կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 13:30
Առանց Կատեգորիա

Սահակաշվիլիի գավառական մտածելակերպի վկայությունն է

Սահակաշվիլիի գավառական մտածելակերպի վկայությունն է

Վրաստանի նախագահը շատ հաճախ չի տիրապետում իր ասածներին եւ չի կարողանում պատկերացնել, թե ինչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ, այդ պատճառով էլ իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք վայել չեն ո'չ տղամարդուն, ո'չ էլ երկրի ղեկավարին. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` օրերս արած հայտարարություններին, թե վրացական կառավարությունն ավելի էֆեկտիվ է եւ երկու ժամում կմաքրեր սողանքի տարածքը (խոսքը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի մասին է), ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

«Ամենավտանգավորն այն է, որ նա իրեն թույլ է տալիս խոսել այնպիսի բաների մասին, որոնցից ընդհանրապես գլուխ չի հանում: Նա կարող է խորհուրդներ տալ վիրաբույժին, տիեզերագնացին եւ այլն: Դա խոսում է միայն մեծամտության եւ գավառական մտածելակերպի մասին»,- հավելեց նա:

 

Մեր հարցին` ինչպե՞ս է նման արտահայտություններից հետո նա իր երկրում հյուրընկալելու Հայաստանի նախագահին, քաղաքագետը պատասխանեց, որ նորմալ մտածող նախագահները փորձում են զերծ մնալ նման արտահայտություններից եւ ուշադրություն չդարձնել դրանց վրա: «Նրանք պետական շահերին ավելի մեծ կարեւորություն են տալիս, քան նման արտահայտություններին, սակայն, իհարկե, լավ տպավորություն այն չի կարող թողնել: Եվ ես չեմ կարծում, որ մեր նախագահը հաճույք է ստացել` լսելով այդ արտահայտությունները»,- նշեց քաղաքագետը:

 

Նշենք, որ, ըստ վրացական լրատվամիջոցների, հոկտեմբերի 20-ին Վրաստանի նախագահը երկրի կառավարման համակարգի էֆեկտիվությանը նվիրված քննարկման ժամանակ ասել էր. «Եթե մեր կառավարությունը լիներ, արդյոք 2 ժամում չէ՞ր մաքրի տարածքը: Տեսեք` որքան ժամանակ ոչ ոք չէր գալիս` ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասել, նրանք մեր բարեկամներն են: Բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում լուծել է էլ ավելի բարդ խնդիրներ: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում էֆեկտիվ պետական ապարատ»: