կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 12:09
Քաղաքական

Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներ կան նաև իշխանական համարվող լրատվականներում․ «Մեդիա պաշտպան»

Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներ կան նաև իշխանական համարվող լրատվականներում․ «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (Arsen Torosyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։


Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 292 հոդված, որոնցից 159-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դրական վարկանիշը լրատվական դաշտում չի վերականգնվում։ Չնայած այն հանգամանքին, որ կան դրական հոդվածներ՝ բացասականները գերազանցում են մի քանի անգամ։ Բացասական հոդվածներ են դիտարկվել նաև այն լրատվականներում, որոնք հասարակության կողմից ընկալվում են որպես իշխանական։


Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի պայքարն ընդդեմ Արսեն Թորոսյանի չի դադարում։

Մարինա Խաչատրյանն այս անգամ Արսեն Թորոսյանին մեղադրել է Ջորջ Սորոսի անվան հետ կապվող՝ Բաց Հասարակության հիմնադրամի հետ համագործակցության համար։ Մարինա Խաչատրյանի խոսքով՝ Արսեն Թորոսյանը ևս որոշ կապեր ունի այդ հիմնադրամի հետ։ Մարինա Խաչատրյանը մեկ այլ հարցազրույցում ասել է, որ պրոֆեսիոնալ կադրերը հետապնդվում են նախարար Թորոսյանի կողմից։


Ըստ լրատվականի հրապարակումների՝ Արարատ Միրզոյանի, ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է։ Հրապարակման մեջ ասված է, որ Արարատ Միրզոյանը ցանկացել է ժամանակին Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ տնօրեն նշանակել Նարեկ Զեյնալյանին, սակայն Արսեն Թորոսյանը դեմ է եղել այդ նշանակմանը։ Լրատվականը գրում է. «Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, և ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց: Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։ Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված»:

Ըստ հրապարակումների՝ Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի երկարամյա ղեկավար Պետրոս Սեմերջյանն անհայտ պատճառներով հայտնվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սև ցուցակում և նախարարը որոշել է ամեն գնով ազատվել նրանից։ Լրատվականը գրել է, որ Արսեն Թորոսյանը, որոշել էր այդ պաշտոնին նշանակել իր մարդուն՝ Սուրեն Նազինյանին։ Նշվում է, որ մրցույթ է հայտարարվել, որտեղ երկու թեկնածու է եղել, որոնք չեն կարողացել հաղթահարել մրցույթի պահանջները, սակայն Արսեն Թորոսյանը Նազինյանին, այնուամենայնիվ, նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար։

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին, ասել է, որ ինքը հավատում է Դավիթ Սանասարյանին և որ ոչ մի Թորոսյան չի կարող իր մեջ սասանել Դավիթի նկատմամբ հավատը։

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն անդրադառնալով առողջապահության ոլորտին, ասել է. «Փաստացի, այսօր առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում և նշանակելով հերթական յուրայինին` հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդանոցներում «հանկարծ չթփռտան» և «գլուխները կախ աշխատեն...»։ Գևորգ Գրիգորյանը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Գրիգորյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Դրական են դիտարկվել այն հոդվածները, որտեղ նշվում է, որ «Հանրապետական» հիվանդանոցում նորածնի մահից հետո Արսեն Թորոսյանն այցելել է նորածնի ծնողներին և հավաստիացրել, որ ինքն անձամբ է հետևելու գործի ընթացքին և հետևողական է լինելու և՛ բուժման, և գործի բացահայտման հարցում։

Ծխախոտի դեմ պայքարում Արսեն Թորոսյանն առաջամարտիկներից մեկն է։ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն, անդրադառնալով Հայաստանում ծխելու դեմ տարվող պայքարին, նշել է. «Միանշանակ համաձայն եմ նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Երկու քայլից, թե միանգամից, պետք է հրաժարվել ծխախոտից, ինձ համար երկրորդական է, կարևորը հրաժարվելն է ծխախոտից»։