Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ-ի հունվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 131 հոդված, որոնցից 8-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԳՆ-ի մասին մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Թովմասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանը ՀՆԱ-ով առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ ներկայացված թվերը սխալ են, քանի որ անտեսվել են տարրական մեթոդոլոգիական հարցերը։ Վրաստանի պատասխանից հետո, ըստ Թովմասյանի, մեր ԱԳՆ-ն լռել է, և որևէ արձագանք չի հետևել այս ամենին։
Հրապարակումներից մեկի համաձայն, լրատվականը հարցում է ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, որտեղից պատասխանել են, որ հարցումը պետք է ուղարկվի ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Հրապարակման մեջ ասված է. «Պարզվում է, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը աշխատանքային նոր մոտեցում է որդեգրել՝ ՀՀ դեսպանություններն այսուհետեւ իրավասու չեն պատասխանել հայաստանյան լրատվամիջոցների հարցումներին, ավելին՝ արտերկիր գործուղված ՀՀ դեսպանները չեն կարող հարցազրույցներ տալ հայկական մամուլին: Այս նորամուծությունը խիստ հետաքրքրական է, եթե ոչ տարօրինակ, քանզի մինչև վերջին ժամանակները դեսպանություններ ուղարկված մեր հարցումներին տրվում էր պատասխան»:
Մեկ այլ վերլուծականի համաձայն, Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի հետ միասին խոսում են բանակցային սեղանին դրված կոնկրետ փաստաթղթի եւ օր առաջ «առարկայական բանակցություններ» սկսելու անհրաժեշտության մասին, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ծածկադմփոց է անում և հայտարարում, որ որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա։