Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքից Արցախ՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու եկած պատվիրակները նախ եղել են Երևանում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Yerkir.am-ին պատվիրակության ղեկավար՝ Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանն ասաց, որ վաղը մեկնելու են Էջմիածին, հանդիպելու են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Մյուս օրն արդեն գնալու են Ստեփանակերտ՝ հոկտեմբերի 11-14-ը մասնակցելու Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի և Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած համաժողովին:
Պատվիրակության կազմում են Իրաքի պատմաբանների միության նախագահ, «ՅՈՒՆԵՍԿՕ-Իրաք» թերթի գլխավոր խմբագիր, դոկտոր Ջավադ Քարմո Բեյրանին, գրող, լրագրող Ֆիքրադ ալ Բաղդադին, ճարտարապետ, քաղաքական և անվտանգության ոլորտների հետազոտող Մուդամեդ ալ Ուգայլին և ազգությամբ եզդի՝ ցեղապետ Խալեդ Տախիլ Սայիդ Համոն:
Մելքոն Մելքոնյանի խոսքով՝ նրանք Հայ դատի և Հայոց ցեղասպանության, Արցախի անվտանգության և անկախության հարցերով միշտ նեցուկ են եղել Իրաքի հայ համայնքին: «Նրանք լայնախոհ, մարդասիրական արժեքներով գործիչներ են, գիտեն հայոց պատմությունը, շփվել են մեզ հետ և ընկերացել»,- ասաց նա:
Հատկանշական է, որ Yerkir.am-ի հետ զրույցում նրանցից մեկն իր ազգանվանն ավելացրեց «յան» վերջածանցը:
Իրաքում հայ համայնքի իրական թիվը 5-6 հազար է՝ ասաց Մելքոն Մելքոնյանը: «Հայապահպանությունը խնդիր է, բայց ոչ միայն Իրաքում, այլև ամենուր. եթե Հայաստանում, ասենք, խոսքի մեջ ռուսերեն, անգլերեն բառեր են գործածում, ապա Իրաքում՝ արաբերեն ու քրդերեն, անգամ գյուղեր կան, որտեղ հայերն ամբողջովին քրդախոս են»,- նշեց նա:
Մելքոնյանի խոսքով՝ հայերն այնտեղ կա՛մ իրենց սեփական գործն ունեն, կա՛մ պետական աշխատանքի են՝ բժիշկներ, երկրաչափներ, դասախոսներ, մեքենաների վարպետներ...
Դեպի Հայաստան ներգաղթ կազմակերպելը ցանկալի կլիներ, բայց, Մելքոնյանի խոսքով, այն, ինչ առաջարկում են Հայաստանում, Իրաքից գաղթածների համար հարմար չէ. հողագործությամբ և անասնապահությամբ չեն զբաղվում, սեփական բիզնեսներ բացել ոչ բոլորն են կարող: Հայաստանում, ըստ նրա, վիճակը կայուն չէ, այդ պատճառով սեփական բիզնես չեն կարողանում բացել, պետական աշխատանք կամ գործարաններ են պետք, որպեսզի կարողանան աշխատել, տուն վարձել, ընտանիք պահել:
Արդյունքում՝ անգամ իրաքյան լարված ժամանակներում Հայաստան եկած 1000 իրաքահայերը չհաստատվեցին Հայաստանում, մեծ մասը գնաց Եվրոպա կամ ԱՄՆ: