Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբեր 17-ից 24-ը Հայաստան այցելեցին խումբ մը եգիպտացի լրագրողներ, եգիպտական պետական կայանը, պատմաբան Մոհամէդ Աֆիֆին եւ մշակոյթի նախարարութիւնից աշխատակից մը։ Անոնք ունեցան կարգ մը հանդիպումներ եւ այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ եւ ծանոթացան Հայաստանի զանազան բնագաւառներու կեանքին։
Վերադարձին արդէն նրանք սկսած են իրենց տպաւորութիւնները արտայայտել տասնեակ մը յօդուածներով, որոնք լոյս կը տեսնեն եգիպտական առաջատար մամուլի էջերէն։
Թարգմանաբար կներկայացուի լրագրող եւ գրող հանրածանօթ Սայիդ Մահմուտի գրութիւններէն մին, որ լայն տարածում գտաւ եգիպտական լրատուամիջոցներու եւ կայքեջերու էջերին։
Անուշի արցունքները Երևանում
Կյանքումս չեմ տեսել հայերի պես մեկ ուրիշ ազգ, որ իր քաղաքակրթական հիշողության մեջ այդքան վստահ լինի։ Մայրաքաղաք Երևանում հանդիպածս ցանկացած քաղաքացի կենդանի մարմնացումն է «պատմություն, որ կրում եմ ուսերիս»արտահայտության, ինչպես իր հայտնի մեմուարները վերնագրել է ամերիկյան սոցիոլոգ Ուիսը։ Բոլոր պատմությունները, որ լսեցի այստեղ, ինձ տեղափոխեցին անցյալ՝ այն պատկերներով, որոնք մարդիկ վերականգնում են իրենց առօրյա կյանքում, ասես թե որոշել են, որ պատմությունը պիտի կենդանի մնա, և
նրանք գիտակցաբար որոշել են դեմ գնալ պատմական կաղապարված պատումներին։
Սփյուռքում ունեցած փորձը նրանց բոլորին դարձրեց տառապանքի հիշողության զոհ, սակայն նրանք դրա գերին չդարձան։ Անկախությունից մոտավորապես 30 տարի հետո
հայերը հստակ քայլերով ընթանում են դեպի ապագա: Նրանց դուր է գալիս, երբ իրենց ասում են՝ «դուք խոստումնալից ազգ եք»։ Միևնույն ժամանակ նրանք ավելի շատ կուրախանան, եթե ասես՝ «դուք հին ազգ եք»։ Հայ երիտասարդները չեն դադարում իրենց պատմությունը սովորել, իսկ ինչ վե-րաբերում է Սփյուռքում ապրող մեծահասակներին, ապա նրանք չեն կտրում իրենց կապը մայր հայրենիքի հետ։ Նրանք նպատակ ունեն հետ բերել և վերահաստատել անցյալը, որովհետև այն պայքարը, որ իրենք են վերապրել, եղել է լոկ հիշողությամբ։
Երևանում անցորդը չի կարող չնկատել մարդկանց հիացմունքը գրականության, երաժշտության, երգերի և լեզվի հանդեպ, որոնք նրանք դիտարկում են որպես գոյություն կամ ջիղ, որի կարիքը ունի իր արմատներով պատմության խորքերը գնացող ազգը։ Կառավարությունը, շատ տարիներ ի վեր, իրականացնում է մի ծրագիր, որը նման է «Այստեղ ապրել է» ծրագրին, որը ձեռնարկեց մեր մշակույթի նախարարությունը, և քաղաքում տարածվեցին հարյուրավոր հուշատախտակներ՝ տների պատերին ամրացված, և մեջտեղում Հայաստանի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած գործիչների փորագրված դեմքերը՝ սկսած ազգային երաժշտության հավաքագրողից, այբուբենը ստեղծողից, ֆիլմերի հերոսներից մինչև անկախության առաջնորդները։ Եվ այս բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս ազգի հոգևոր պատմության կերտման գործում։ Սա մեկ այլ դաս է, որը պետք է սովորենք հայերից, ինչպես որ պետք է նրանցից սովորենք հիշողությունը պահպանելու ձգտումը։
Ցանկացած զբոսաշրջային ծրագրի առաջին քայլը սկսվում է Մատենադարան այցից, և այն, բացի իր գիտական նշանակությունից, նաև դարձել է զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայր։ Մատենադարանը մշտապես լեցուն է մարդկանցով, ովքեր չեն դադարում հիշարժան լուսանկարներ անել, և դրանով հայերն իրագործում են իրենց նպատակը՝ հաստատելու պատմական Հայաստանի իրական գոյությունը։ Ամենակարևոր առաքելությունը Երևան այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարան այցելելն է, որը ճարտարապետական իր եզակի ձևով մարմնավորում է ցեղասպանության փորձությունը, որին հայերը ենթարկվեցին Օսմանյան կայսրության իշխանության օրոք՝ 1915թ., և որը հայերի ժամանակակից պատմության կենտրոնական և ամենաառանցքային դեպքն է։ Այս փորձը մեզ հիշեցնում է մեր թերացումը մեր գերիների հարցում, ովքեր Իսրայելի կողմից սպանվեցին զանգվածային գերեզմանոցներում կամ այն, թե ինչպես վարվեցին Բահր ալ-Բակար դպրոցի երեխաների հետ։ Եվ չնայած Հոկտեմբերյան հաղթանակի հավերժացման համար կես դարում վատնված հարյուրավոր միլիոններին՝ մենք չենք մտածում՝ ինչպես շահել ցավից ու դրա հիշողությունից, իսկ պատմության մեջ մոռացության համար տեղ չկա։ Սա մեկն է Հայաստան այցելության ընթացքում մեր քաղած դասերից, որը դրսևորվեց մեզ ուղեկցող թարգմանչուհի Անուշի արցունքներում։ Վերջինս չկարողացավ շարունակել պտույտը Ցեղասպանության թանգարանում և ասաց, որ ամեն անգամ, երբ այնտեղ է լինում, չի կարողանում մոռանալ իր պապերի մասունքները։ Անուշը արաբերեն է սովորել, սիրել այն և աշխատում է նրանով։
Երազում է երկու տարով գնալ Դուբայ, որպեսզի իր միակ աղջկա ուսման ծախսերի գումարը վաստակի։ Նա լսում է Քարիյուքայի(եգիպտական ռոք խումբ) և Ալ-Շեյխ Իմամի երգերը և ամեն անգամ, երբ եգիպտացիների հետ է հանդիպում, օգնություն է խնդրում՝ համոզելու իշխանություններին, որ ճանաչեն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, և եգիպտական հետաքրքիր արտասանությամբ ասում է. «Արածդ լավ գործը վերջացրու՛, Սիսի»՝ մատնանշելով նախագահի խոսքը, որով վերջինս հանդես եկավ անցած փետրվարին Մյունխենի գագաթնաժողովում։ Դրանով Անուշն ակնարկում էր Եգիպտոսի դերը, որ ցեղասպանությունից անմիջապես հետո գրկաբաց ընդունեց հայերին: Ցեղասպանություն, որին զոհ գնաց մոտավորապես 1,5 միլիոն հայ, և որի հիշողությունները դեռ կենդանի են թանգարանում։ Անուշը ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական ճանաչում է ուզում՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային օրենքների չափանիշների վրա, առանց Թուրքիայի քաղաքական մեքենայությունների։ Նա ուզում է, որ սովորենք ամերիկացի երջանկահիշատակ փիլիսոփա և արձակագիր Սյուզան Սոնթեգի խոսքերից՝ ուրիշի ցավին ականջալուր լինելու մասին։