կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 17:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ. ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաջողության դեպքում կլինի նաև երկարաժամկետ պայմանագիր. իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակում փորձնական է համագործակցում, և եթե երկուստեք հաջողություն գրանցվի, կունենանք երկարաժամկետ համագործակցության ծրագրի տեքստ, և իրանական ապրանքները ոչ թե ցածր, այլ զրոյական տոկոսներով կարող են մուտք գործել ԵԱՏՄ շուկա». Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհդի նիստից սպասվող ակնկալիքներին:

Նիստի շրջանակներում, բացի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից, հրավիրված էին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Անշուշտ, Հայաստանի համար, որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ անդամ միակ երկրի, մեծ նշանակություն ուներ հատկապես Իրանի ղեկավարի այցը: Նշենք, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել էր 2018 թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում, ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 27-ից:

Իրանագետը նշեց, որ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը բավական պասիվ է, քանի որ Իրանը վարում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն, այսինքն՝ հովանավորում է իր տեղական արտադրողին, և այլ երկրների արտադրանքը բավական դժվար է մտնում իրանական շուկա ու մրցունակ չի դառնում: «Այս պայմանագիրը թույլ է տալիս որոշ ապրանքների վրա իջեցնել տոկոսադրույքը, և դրանով  նաև հայկական ապրանքների՝ իրանական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվում»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: