Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում հայտնվել է սպասումների և լարվածության մեջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո, սկսվեց պատրիարքի ընտրության երկար ու բարդ գործընթացը:
1998 թ.-ին պատրիարք ընտրված արքեպիսկոպոս Մութաֆյանի մոտ 2008 թ.-ից սկսեցին նկատվել ձեռքբերովի տկարամտության ախտանշաններ (դեմենցիա): Պատրիարքի պարտականությունների կատարման անկարելիության հետևանքով նշանակվեց պատրիարքի փոխանորդ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, քանի որ, ըստ կանոնադրության, պատրիարք կարող է ընտրվել միայն գործողի մահվան պարագայում:
Հայ համայնքը բազմիցս է փորձել դիմել թուրքական իշխանություններին՝ նշելով, որ 1863 թ. պատրիարքական կանոնադրության մեջ նշված է, որ, բացի մահվան պարագայից, կան նաև «հատուկ հանգամանքներ», որոնց առկայության դեպքում թույլատրվում է նոր պատրիարք ընտրել: Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այս տարի «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ պատրիարքի՝ նման հիվանդության դեպք երբեք չէր գրանցվել, և երբ ի հայտ եկան ախտանշանները, ո՛չ պատրիարքարանը, ո՛չ էլ պետությունը չգիտեին՝ ինչպես վարվել: Երկար տարիներ պոլսահայ համայնքը լարվածության մեջ էր՝ կապված պատրիարքական անորոշության հետ: Ըստ կանոնադրության՝ պատրիարքի մահվան դեպքում ընտրությունները կազմակերպելու համար ընտրվում է տեղապահ, որն էլ պետք է կազմակերպի ամբողջ ընտրական գործընթացը:
Չնայած արգելքներին և խոչընդոտներին՝ պատրիարքարանը որոշեց նոր պատրիարք ընտրել, և 2017 թ. մարտի 15-ին պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը պատրիարքի տեղապահ ընտրեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, որով էլ դադարեցվեցին Արամ Աթեշյանի լիազորությունները: Արդյունքների հրապարակումից հետո 2010 թ. պետության կողմից փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացավ Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությամբ, ըստ որի՝ իրավաբանորեն անհնար է համարվում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այսպիսով՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի աջակցությունը վայելող և փաստացի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը թուրքական իշխանությունների ճնշումների պայմաններում չճանաչվեց պետության կողմից՝ դարձյալ այն պատճառաբանությունը, թե գործող պատրիարքը ողջ է, և նոր պատրիարք ընտրելն ապօրինի է:
Միայն երջանկահիշատակ Մեսրոպ պատրիարքի մահվանից հետո, կարծես, «թունելի մեջ լույս վառվեց»: Արդեն առկա են բոլոր նախադրյալները տարիներ շարունակ ձգձգվող թնջուկը քանդելու համար: Պատրիարք Մութաֆյանի մահվանից հետո պատրիարքարանը հայտարարեց, որ ընտրական գործընթացները կմեկնարկեն Սբ Հարության տոնից՝ ապրիլի 21-ից հետո: Սակայն ընտրական գործընթացը սկզբնական շրջանում այդքան էլ հարթ չընթացավ: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհրդի` ապրիլի 29-ի ժողովում որոշում կայացվեց, որ ընտրական գործընթացը հետայսու ղեկավարելու է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այս որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց հայ համայնքում: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Հոգևոր խորհրդի կայացրած որոշման վերաբերյալ նշեց. «Պատրիարքի փոխանորդի գլխավորությամբ ընտրության գնալը սխալ որոշում է: Այս որոշումը հաշվի չի առնում մեր բոլոր ավանդույթներն ու սովորույթները: Մեր` հայկական կանոնագրքում այդ ամենի մասին գրված է, սակայն այս որոշմամբ այդ բոլորն անտեսվում է: Վնաս են հասցնում եկեղեցու զարգացմանը»:
Ընտրական գործընթացին դարձյալ միջամտեց պետությունը: Մայիսի 13-ին պատրիարքարան այցելեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որը, հանդիպելով փոխանորդ Արամ Աթեշյանի և Հոգևոր խորհրդի անդամների հետ, նշեց, որ պատրիարքարանը ընտրությունների պետք է գնա տեղապահի մասնակցությամբ, և դա նաև նախագահ Էրդողանի կարծիքն է:
Սոյլուի այցի ժամանակ որոշվեց, որ տեղապահի ընտրությունները պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններից հետո (ՏԻՄ ընտրությունները երկրի ամբողջ տարածքում տեղի են ունեցել մարտի 31-ին, սակայն մի քանի նահանգներում, այդ թվում ՝երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, հայտարարվեց կրկնընտրություն, և նոր ընտրության օր նշանակվեց հունիսի 23-ը): Տեղապահի ընտրության օր նշանակվեց հունիսի 27-ը: Սակայն Ստամբուլի նահանգապետարանը հունիսի 26-ին գրություն ուղարկեց, որով ընտրությունները հետաձգվեցին մինչև հուլիսի 4-ը: Տեղապահ էին առաջադրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ձայների՝ 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ տեղապահ ընտրվեց Մաշալյանը, իսկ Աթեշյանը դարձավ Հոգևոր խորհրդի նոր ատենապետը:
Ընտրությունները կազմակերպելու համար ստեղծվեց Նախաձեռնակ մարմին: Ընտրությունների անցկացման համար, բացի այդ, անհրաժեշտ է ՆԳՆ-ի կողմից ուղարկվող կանոնադրություն: Օգոստոսի 30-ին Անկարայում Հաղթանակի օրվա միջոցառումների ժամանակ Պոլսո պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն կարճ հանդիպում ունեցան նախագահ Էրդողանի հետ, որը հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում ընտրական գործընթացը: Հայ համայնքի ներկայացուցիչները հայտնեցին, որ սպասում են կանոնադրությանը: Ըստ Շիրինօղլուի՝ Էրդողանը հանձնարարել էր ՆԳ նախարարին՝ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկել այն: Ըստ այդ կանոնադրության՝ պետք է որոշվի՝ արդյո՞ք արտասահմանում ապրող թեկնածուները (միայն այն եպիսկոպոսները, որոնց ծնողները արմատներով Թուրքիայից են) ունեն իրավունք մասնակցելու պատրիարքի ընտրությանը:
Հայաստանում տպագրվող «Հրապարակ» օրաթերթը «Անհավասար պայմաններ՝ Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացում» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ երկու հիմնական թեկնածուները՝ Մաշալյանն ու Աթեշյանը, դարձել են դաշնակիցներ և անում են ամեն բան՝ չեզոքացնելու համար արտասահմանում բնակվող հավանական թեկնածուների հավակնությունները, բացի այդ՝ քարոզչություն են տանում համայնքի ներսում, ինչը եկեղեցական կանոններով համարվում է անհարիր արարք: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ի պատասխան այս հոդվածի, հերքել էր բոլոր մեղադրանքները, սակայն նշել, որ համայնքի պատկան մարմիններից դուրս կան անձինք, որոնք ամեն բան անում են՝ խոչընդոտելու երկրից դուրս գտնվող թեկնածուների մասնակցությունը:
Թեև դեռ ոչ մի հստակություն չկա, թե երբ և ինչ պայմաններում են ընթանալու պատրիարքի ընտրությունները, այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ 2008 թվականից ի վեր պոլսահայ համայնքը հայտնվել է ճգնաժամի մեջ, որի միակ և արդյունավետ հանգուցալուծումը կլինի պատրիարքի արդար ընտրությունները:
Արգամ Եղիազարյան