կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-27 12:00
Հասարակություն

Ազգովի զենք բռնել պետք է սովորենք` կին, թե տղամարդ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Ազգովի զենք բռնել պետք է սովորենք` կին, թե տղամարդ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու:

Մինչ խորհրդակցության սկիզբը` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես եկավ ելույթով: Նա նշեց, որ նախ պետք է փաստել` երկրում առաջընթաց կա բոլոր բնագավառներում, և չպետք է անտեսել լավն ու միայն բացասականի մասին խոսել: Ինչ վերաբերում է բացասականին, ապա դրականի կողքին այն էլ կա` աղքատություն, սոցիալական անարդարություն, կոռուպցիա:

«Մենք ամեն օր կոռուպցիա կոչվածի հետ ենք առնչվում, որը քայքայում է մեր պետականությունը: Տարեցտարի մենք նկատում ենք նախորդ տարվա բացթողումները, սխալները, դրանում մեր մեղքի բաժինը: Սակայն կուզեմ կարևոր մի բանի մասին չմոռանանք` ապրիլյան քառօրյա պատերազմը: Այն ցույց տվեց, որ մենք իրավունք չունենք ննջելու. թշնամին մեզ սթափեցրեց: Ես հիմա դժվարանում եմ խոսել 18-19 տարեկան տղաների մասին, քանզի յուրաքանչյուր զոհի հետ ցավ եմ ապրել, բայց նաև հպարտություն զգացել: Տղաներից յուրաքանչյուրը հերոս էր, այսօրվա մեր հերոսը հենց նրանք են, նրանց կերպարը, նրանց հայրենասիրությունը պետք է օրինակ ծառայի»,- ասաց սրբազանը:

Ըստ նրա` չպետք է քնենք և ոչինչ չպետք է խնայենք բանակի համար: Բանակին էլ քնել չի կարելի, սպայական կազմին` հատկապես: «Ազգովի զենք բռնել պետք է սովորենք` կին, թե տղամարդ: Իսկ դուք` դպրոցի տնօրեններդ, պետք է ռազմահայրենասիրությունը բարձրացնեք աշակերտների մոտ, քանի որ ապրիլյան օրերը փաստեցին, որ ձեր ցանած սերմն արդյունք է տվել: Մեզ ազգային դպրոց և ազգայինի մասին մտածողներ են պետք, քանզի միայն այդ կերպ կկարողանանք դիմակայել մարտահրավերներին»,- ասաց սրբազանը:

Սրբազանի ձևակերպմամբ` պետականության գիտակցության դիֆիցիտը պետք է վերացնենք, քանի որ մեր օրերում ավելացել է մարդկանց թիվը, ովքեր շփոթում են սեփական գրպանն ու պետության գրպանը: Նմանների թիվը, ըստ նրա, ավելանում է հենց պաշտոնյաների մեջ: