կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 12:57
Տարածաշրջան

Պոլսահայ համայնքում պատրիարքական ընտրությունների հետ կապված լարված իրավիճակը շարունակվում է

Պոլսահայ համայնքում պատրիարքական ընտրությունների հետ կապված լարված իրավիճակը շարունակվում է

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Կ. Պոլսի նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ կանոնադրություն էր ուղարկել, որում մասնավորապես նշված էր, որ թույլ չի տրվելու արտասահմանում գտնվող, բայց ծնունդով Թուրքիայից (խմբ. նաև այն թեկնածուները, որոնք հորական կողմից Թուրքիայի քաղաքացի են)՝ պատրիարքի թեկնածուների մասնակցությունը: Ընտրական գործընթացը կազմակերպելու համար ստեղծված Նախաձեռնարկ մարմինը որոշել էր չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի այս որոշումը, ինչն էլ հակազդեցության և դժգոհությունների ալիք բարձրացրեց. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է agos.com.tr կայքը:

Այս ֆոնին՝ Նախաձեռնարկ մարմնից հրաժարական էին տվել Սեթրակ Դավութհանը, Գարբիս Դուրասլանը, Քևորք Էրքանը, Հուգաս Արզումանը, Նազարետ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը, իսկ երեկ արդեն հրաժարական տվեց մարմնի մամլո խոսնակ, փաստաբան Սարո Բենգալիյանը: Այսպիսով՝ հրաժարական տված գործիչների թիվը հասավ 8-ի:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 8-ին Կ. Պոլսի երջանկահիշատակ պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահվանից հետո սկսվել էր նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Թուրքիայի ՆԳՆ-ի՝ վերը նշված որոշումից հետո պարզ դարձավ, որ մնացել է երկու թեկնածու՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը և պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արք. Աթեշյանը: