կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-26 16:58
Քաղաքական

Անդունդից դուրս գալու ճանապարհը․ Դավիթ Վանյան

Անդունդից դուրս գալու ճանապարհը․ Դավիթ Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարելի է պարտվել, զիջել, նահանջել - չի կարելի պարտվել հոգեպես։ Հոգեպես պարտվելիս տալիս ես ամբողջը, քո վաղվա օրը, նաև։
Երկու ճամբարի բաժանված, մեկս մեկի թուրք անվանելով, ապաշնորհ, ծախված, փառամոլ մի ոչնչության բռնապետական իշխանությունն ամրապնդելով, հաստատապես ու վերջնականապես քանդում ենք մեր Երկիրը։
Դուք կարծում եք պատերազմն ավարտվել է։ Սխալվում եք։ Այն դեռ նոր է սկսվում, և պատերազմող երկրների թիվը կարող է հասնել ու անցնել մեկ տասնյակից։ Կգա մի պահ, երբ կընդարհվեն թրքալեզու ու ռուսախոս ժողովուրդների շահերը։ Եւ մենք պետք է ապաքինված լինենք և ուժերը վերականգնած, ամուր ազգային պետություն դարձած և պատրաստ՝ կորցրածը վերականգնելու։
Եթե ոչ, թուրքն այս անգամ հարձակվելու է Հայաստանի ու Երևանի վրա։ Թե՞ կարծում եք Արցախը զիջելով, սեփական Երկրի մի մասը շնաձկան երախը նետելով, Դուք կապահովեք Ձեր ապագան։ Չարաչար սխալվում եք։
Ի՞նչ ենք անում մենք, երբ Արցախը թշնամուն հանձնած՝ ամեն օր, կտոր-կտոր Սյունիքն ենք տալիս, շարունակելով՝ դարձյալ, մեկս մեկի թուրք անվանել։ Այս կախարդված շրջանից դուրս գալ է պետք ու հետո քննարկել այն պատճառները, թե ինչու մենք այնտեղ հայտնվեցինք։
Սա ի՞նչ է, իմ սիրելի հայ մարդ, իմ տառապած ազգ ու ժողովուրդ, մի՞թե սա վարակ ու հիվանդություն չէ, որ թավիշ հագած, սիրո կերպարանք առած, մտավ մեր երակը ու փոխեց արյան որակը, սպանեց մեր հավերժելու կամքը, մեզ դարձրեց խեղճուկրակ ու կրավորական, գլխահակ ու անհայրենիք։
Ես սովոր եմ թունելների վերջում լապտերներ կախել։ Եւ, ինչպես աասացի, տեսնում եմ, որ Երկիրս բաժանված է երկու ճամաբարի։ Այն, որ առաջինն է, ակտիվ է ու կենդանի։ Այն, որ լսելով իր սրտի թակոցներն ու հետևելով այդ թակոցների առողջ տրամաբանությանը, դուրս է եկել փողոց ու հրապարակ՝ իր իրավունքներն ու ապագայի հանդեպ մտահոգություններն արտահայտելու, ազգովի երջանիկ լինելու իր երազանքը պաշտպանելու, երբեմն հուսահատ, երբեմն՝ աչքերում գարնան սպասումով ու հրաբխային ժայթքումներով՝ պահանջում է այն միակ հրեշավոր հայի հրաժարականը, ով իշխանության պիտի չգար, ով պիտի մեռներ անգամ, սակայն մոտիկ չլիներ հայկական նավի ղեկին։
Հիմա, երբ մի ամբողջ ազգ վիրավոր է ու կաթվածահար, նա՝ այդ "ընտրյալը" ամեն օր, սառնասրտորեն ու անզգա, դուրս է գալիս եթեր ու բացատրում իր ժողովրդին, թե ինչքան երջանիկ պիտի լինի ազգը, քանզի՝ ինքը, այդ ղեկավար կոչվող "նեռը" ավելին կարող էր հանձնել, ու քանի որ չի տվել, ժողովուրդը պիտի երջանիկ ու շնորհակալ լինի նրան։ Հիմա էլ հանգիստ, ցինիկորեն զգուշացնում է, թե ցավոտ լուծումներ են լինելու առջևում։
Ցավոտ լուծումներ․․․
Նրա համար դա մի բառակապկցություն է, որը օդ նետելով, խեղաթյուրված ու ապակողմնորոշված հասարակության աչքերում որպես թողտվություն է հնչում ու մեղքերի ինդուլգենցիա, այնինչ, դա մարդկանց ճակատագիր է, դժբախտության, ճանապարհների անանցանելիության, բնակարանները կորցնելու, այս էլ որերրորդ անգամ նորից սկսելու, ապագայից զրկվելու պատճառ։
Եւ կա մյուս՝ պասսիվ բևեռը, վարակված պարտությամբ ու նահանջի տրամաբանությամբ, կոտրված ու դարձած կառավարելի, նիկոլականության աղանդավորականությամբ շնչող ու տկար։ Այս բևեռը գեհենի պես կլանում է նորանոր զանգվածներ, քանզի՝ չի հավատում վաղվա օրվան, ուզում է հեռու մնալ հնարավոր փոփոխություններից, որովհետև՝ ինչպես ինքն է կարծում, նախկին բոլոր ղեկավարները անարդար էին ու բիրտ, իսկ այն միակը, ում ինքը հավատաց, եկավ ու վարչապետ ընտրվեց՝ որպես փրկության ճանապարհ։
Ուստի, նա, նիկոլ ընտրող, նիլոլապաշտ դարձած քաղաքացին ատամներով է պահելու այս վերջինին, որովհետև՝ սա իր միակ ու "ազնիվ" համարվող ընտրությունն էր, իր ինքնության արտահայտությունը։ Եւ փոխանակ մեղադրելու նրան բազմահազար զոհերի համար, շնորհակալություն է հայտնում։ Ապշելու բան է։
Ես այս մասին արդեն ասել եմ, սակայն նորից եմ հիշեցնում։ 2004-05 թ․թ․ հեղափոխություններից հետո Ուկրաինան ևս բաժանվեց երկու մասի, սակայն ձևավորվեցին համապատասխան քաղաքական ուժեր՝ "Պարտիա Ռեգիոնով" - արևելք, և "Նաշա Ուկրաինա" - արևմուտք, և որոնք անցնելով Ռադա (պառլամենտ), մեկը մյուսին փոխարինելով, կարողացան խուսանավել ու երկիրը փրկել մասնատումից։ Սակայն սա դուր չեկավ հեղափոխություն ներմուծողներին, քանի որ նրանց նպատակը Ուկրաինայի մասնատումն էր և Ռուսաստանիներքաշումը Ղրիմի շուրջ խմորվող կոնֆլիկտի մեջ։ Ուստի , նրանք նախաձեռնեցին 2014թ-ի երկրորդ՝ "Արժանապատվության հեղափոխությունը", որի ընթացքում վրաստանից հրավիրված դիպուկահարների մի խումբ հարյուր "հեղափոխական" սպանեցին, և առաջինը հայազգի երիտասարդ՝ Նիգոյանին։ Դրանից հետո առաջացավ հերոսների երկու պանթեոն։ Արևմտականները խոնարհվում էին "Երկնային հայրյուրյակին, իսկ արևելականները՝ Յանուկովիչի ռեժիմը պաշտպանող զոհված ոստիկաններին։ Եւ հենց այստեղ Ուկրաինան վերացավ որպես միասնական պետություն։
Մենք աայդ ճանապարհին ենք։ Սա ես ասում եմ նրա համար, որպեսզի համեմատություններ անեք, քանի որ մենք էլ արդեն առանձին շարասյուններով ենք գնում Եռաբլուր։ Մնում է՝ նահատակների գերեզմաններն ու շիրմաքարերը առանձնացնենք։ Մնում է՝ բախումներ ու զոհեր լինեն (Աստված մի արասցե), և մենք կունենանք երկու Հայաստան, ապա, արդյունքում կկորցնենք մեր սիրելի Երկիրը։
Նիկոլը տանելու դրան։ Մանավանդ, որ մենք, միակ ժողովուրդն ենք մարդկության պատմության մեջ, որը կարծես թե ուրախ է, որ պարտվել է ու Արցախը տվել իր ոխերիմ թշնամուն։ Եթե ոչ, ի՞նչ է անում այս մարդը վարչապետի պաշտոնում։
Լավ, հասկանում եմ Ձեզ, որ պարտությունը ծանր է։ Սակայն սա այն նույն թուրքն է, որին մենք արդեն հաղթել ենք ու հաղթելու ենք։ Ի՞նչ եղավ Ձեզ հետ, որ այդպես կոտրվեցիք։ Մի՞թե Ձեր երակներում մեռավ Հայկը կամ Տիգրան Մեծը, Նժդեհը կամ Դրաստամատ Կանայանը։
Հայ ժողովրդի երազանքները և կորցրած Հայրենիքի վերականգնման խնդիրները սրտում, հարկավոր է կանգնեցնել այս սրընթաց անկումը, ամրացնել սահմանները, վերականգնել պետականությունը, կառուցել Նոր, ուժեղ, արդյունավետ, ինտենսիվ Հայաստան։ Հայաստան, որտեղ օրենքի առջև հավասարությունն ու սոցիալակն արդարությունը պիտի լինեն ազգային վերնաշենքի անկյունաքարերը։ Որտեղ պիտի արդյունաբերությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները կողք - կողքի զարգանան, որտեղ բնապահպանությունը պիտի առաջնային լինի, որտեղ պիտի բանկային կապիտալի ու ինվեստիցիաների խնդիրներ չլինեն, որտեղ Հայրենադարձությունն ու ծնելիությունը, երիտասարդ ընտանիքներին՝ աջակցությունը առաջին տեղում լինեն։
Այս պատերազմը մեզ մի կարևոր բան տվեց։ Դա սթափվելու առիթն է։ Այս պատերազմի շնորհիվ ի հայտ եկան մեր բոլոր վատ հատկանիշները, ճանաչեցինք մեր դաշնակից կոչվող Երկրներին ու հասկացանք, որ միայն հաղթանակ տանողի հետ է, որ հաշվի են նստում, որ պարտվողներին՝ սառնասրտորեն ջնջում են պատմության հարթակներից։ Հաղթանակը բթացրել էր մեր ինքնապաշտպանության բնազդը։ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ժողովրդին մղել էր բարոյահոգեբանական փակուղի։ Եւ, նաև այդ փակուղին էր պատճառը,որ թավիշը առաջացավ որպես բողոքի ու ընդվզումի նշան։ Մենք հեղափոխության իրավունք չունեինք։
Իսկ եթե ունեն՞նք։
Դեպի ազգային հեղափոխություն, դեպի արժեքների վերականգնման հեղափոխություն։ Ահա այն միակը, որի իրավունքը մենք ունենք, այն էլ առանց փողոցային դեմոկրատիայի ու ամբոխավարության։ Հանգիստ, համընթաց, ողջ հայության շահերը իրար համապատասխանեցված քայլերով։
Սակայն, այսօր, երբ ժողովուրդը բևեռացված է ու կենտրոն չկա, և ամեն օր այդ կենտրոնը լվացվում է հուզումների ու հակազդեցությունների իննը բալանոց ալիքների տակ, մենք պարտավոր ենք ստեղծել այն։ Մեր Երկիրը փազլի նման ցաք ու ցրիվ է եկել, և պիտի առաջ մղենք այն մարդկանց, ովքեր ունակ կլինեն տքնաջան ու ազգանվեր աշխատանքով հավաքել նռնակաբեկոր Երկիրը, ստեղծել աայդ կենտրոնը, վերականգնել այն գաղտնատեսական սուբստանցին, որը սոսնձում է մեզ։
Հակասությունների մեջ ընտրություն արա, ապա դրանից հրվիր դեպի կենտրոն։ Սա է բանաձևը։ Այսօրվա բևեռների միջև ազգայինինը ընտրելով, եկեք շարժվենք դեպի կենտրոն։
Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կարող են հավաքել մեր ցիրուցան երկիրը և եզրը եզրին համապատասխանեցնելով, փոխադաարձ ներումի ու մեղքերի թողության միջոցով՝ վերականգնել մեր հայրենի տունը։
Առաջին հերթին՝ իրական հայրենասերներն են, ովքեր պատրաստ են ինքնազհողության ու անասելի նվիրումի, և ովքեր հասկանում են, որ միայն համերաշխությունը կարող է մեզ դուրս բերել այս ատելության ինքնաոչնչացումից։ Այն ինչ երեկ եղել է, երեկ է։ Եկեք բաց թողնենք այն, դադարենք ինքնախարազանումը, կարիճի նման ինքնախայթումները։ Այն որ Նիկոլը պիտի հեռանա, սա անքննարկելի է, քանզի նա չի կարող խոսել իրեն տապալած ուժերի դեմ՝ մեր իրավունքների մասին ։ Քաղաքական կուսակցությունները ունեն իրենց առջև դրած խնդիրներ, և անիմաստ է նրանցից պահանջելը, որ նրանք այդպիսի կենտրոն ստեղծեն։ Նրանք, իրենց բնույթով և օրենքով, միտված են ապակենտրոնության։ Սակայն մենք պարտավոր ենք դա անել։
Ես առաջարկում եմ դա վստահել Ասզտամարտիկներից, եկեղեցականներից, գիտական շրջանակների, մշակությաին, հասարակական, տնտեսական ոլորտների, սպորտի, քաղաքագիտական, քաղաքական աշխարհների՝ իրական հարգանք վալելող, կենտրոնամետ գործիչներից կազմված "Ազգային խորհրդին", որը պիտի օրհնվի երկու կաթողիկոսների կողմից ու վայլելի հասարակության լայն զանգվածների աջակցությունը։ Այստեղ պիտի ներկայացված լինեն Արցախն ու սփյուռքի համայնքները, և Խորհուրդը պիտի գործի Հայ Ժողովրդի կողմից ընդունված քաղաքական իրավունքների "ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՅԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅԱՆ" սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքների հիմքում ընկած կլինեն այն "Կարմիր գծերը", որոնցից այկողմ չկա հայություն։
Այս հարթակն է, որ պիտի վերականգնի աշխարհի բոլոր հայերի մասնակցության հնարավորությունը՝ Հայաստանում կայացվող բոլոր տեսակի որոշումներին։ Սա մի ընդհանուր հայտարարի գաղափար է Դեպի Արարատ, դեպի ամուր ու կուռ պետականություն։
Այսօր ժողովրդին զինելու ժամանակն է։ Թուրքը, ռուսը, պարսիկը, արաբը պիտի իմանան, որ Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր պատուհանից ինքնաձիգի փող է դուրս գալու, յուրաքանչյուր կամուրջ ու լեռնանցք՝ ականապատված է, յուրաքանչյուր ընտանիք՝ բռունցքված։ Ռազմական բնակավայրերի ժամանակն է, այլևս։
Այս ամենին զուգընթաց, քաղաքական ուժերը, շարունակելով իրենց օրակարգերը, պարտավոր են հաշվի նստել այս ատյանի կայացրած որոշումների հետ, քանզի սա վերազգային, ոչ իշխանական մի տաճար պիտի լինի, որի նպատակը մեր միասնականությունն է լինելու։
Ապագայում, համազգային համագումարներում կճշտվեն Ազգային խորհրդի գործունեության, գումարման եղանակներն ու ժամանակային կարգերը, բայց այն պիտի ընտրվի առնվազն 10-15 տարի ժամանակահատվածով, իսկ որոշ անդամներ, նրանք, ովքեր ներկաայացնում են մեր հավաքաական խիղճը, կարող են ընտրվել ցմահ, որպեսզի 5 տարի ժամանակահատվածով ընտրված իշխանությունները ամեն անգամ պատեպատ չզարկեն հայ ժողովրդին ու նրա քաղաքական երազանքները։
Չինաստանից մինչև Իրան ու Թուրքիա, Ռուսաստան ու արաբական երկրներ, մեզ շրջապատում են արևելյան տիպի ժողովուրդներ, որտեղ իշխանությունները ավտոորիտար են ու երկարաժամկետ են գործում, մինչդեռ մենք հինգ տարին մեկ վերանորոգում կամ զրոյացնում ենք մեր նվաճումները։ Մենք մեզ խարազանում ենք կլանային լինելու պատճառով, մինչդեռ կլանային, մաֆիոզ, բռնապետական Ադրբեջանն էր, որ մեզ ծնկի բերեց։ Մեր շուրջը միայն բռնապետություններ են, որոնք ավելի էֆեկտիվ են գործում ճգնաժամերի ու կատակլիզմի պայմաններում։ Խելացի լինելը քիչ է։ Հարկավոր է իմաստուն լինել և առաջ մղել այն առաջնորդողներին, ովքեր աշխարհի հետ կխոսեն ազգային արժանապատվության դիրքերից։
Եթե ուզում եք, ազգային Խորհուրդը ապագա երկպալատ պառլամենտի վերին պալատն է լինելու, որը օժտված կլինի Համաշխարհային միավորված Հայությանը ներկայացնելու և նրա շահերը պաշտպանելու։
ենք պարտավոր ենք ընդլայնել մեր ազդեցւթյան սահմանները, մեր կոնֆլիկտների լուծումը մասամբ հանել Հայաստանի սահմաններից դուրս, աշխարհին ներկայանալ ոչ թե որպես Հայաստան, այլ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ։ Եկել է սփյուռքը միավորելու և հայրենիքի հզորացմանը՝ նրա քաղղաքական մասնակցության ժամանակը։ Սրա համար՝ հարկավոր է ռազմավարական կենտրոններ հիմնել դրացի երկրներում, որոնք դարձյալ կգործեն Հիմնարար Հայակենտրոնության սկզբունքներով։
Երկար քայլերի ու արդյունավետ ապագայագիտության, զենքեր ու զինատեսակներ մշակելու ու արտադրելու ժամանակն է այլևս։ Նաև համահայկական բանկի ու դեմոգրաֆիական լուծումների ժամանակն է։ Ես պատրաստ եմ քննարկել այս բոլոր հարցերը և Ձեզ հետ միասին լուծումներ փնտրել, իրականցնել այս ծրագիրը հանուն մեր վառ ապագայի։
Իսկ մինչ այդ՝ Նիկոլը պիտի հեռանա։