կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 16:44
Հասարակություն

Քաշքշուկներ Սամվել Ֆարմանյանի հայրենի գյուղում կառուցված մարզադաշտի շուրջ

Քաշքշուկներ Սամվել Ֆարմանյանի հայրենի գյուղում կառուցված մարզադաշտի շուրջ

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ֆուտբոլային մարզադաշտը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել տեսանելի թերություններով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված ծրագիրն արժեցել է 37 մլն  դրամ:

Ըստ Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանի` մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն իրականացրած շինարարական կազմակերպությունը պնդում է, որ նախագծով նախատեսված աշխատանքներն ամբողջովին կատարվել են, եթե նախագծով նախատեսված աշխատանքների հետ կապված խնդիրներ կան, ապա կազմակերպությունը պատրաստ է լուծել դրանք:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցով զբաղվում է ազգային անվտանգության ծառայությունը: Պատգամավորը չհամաձայնեց վերոնշյալ այն պնդմանը, թե շինաշխատանքները համապատասխանում են նախագծով նախատեսված չափանիշներին:

«Մարզագորգը նախագծում չի կարող սահմանված լինել այդ որակի ու անհարթության: Սանհանգույցի հատվածը գուցե համապատասխանում է նախագծով սահմանված չափանիշներին, բայց խաղադաշտի տարածքը համապատասխանել չի կարող: Չորս կողմից ցանցապատված խաղադաշտի ցանցերը գնդակի սովորական հարվածից պատռվում են, անգամ՝ այն հատվածներում, որտեղ մարդը չի հասնի, և չեն կարող ասել, որ մարդիկ են ծակել կամ կտրել: Կողապատնեշների երկաթները քամու ուժգնությունից ամբողջությամբ շարժվում են: Այսինքն՝ շինարարական աշխատանքները բացարձակ անորակ են»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից էլ, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ առկա տեսանելի բոլոր թերությունների վերաբերյալ կազմվել է արձանագրություն և դրանք անհապաղ շտկելու համար տրվել է հանձնարարական գլխավոր կապալառուին, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններին։ Քննարկման արդյունքներով կապալառու կազմակերպության տնօրենը պարտավորվել է սեղմ ժամկետում շտկել արձանագրված թերությունները։

Պատվիրատու մարմնից մեզ տեղեկացրին նաև, որ մարզադաշտի կառուցման աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտվել են դեռեւս 2018 թվականի առաջին կիսամյակում, ինչից հետո այն ենթակա էր համայնքի կողմից շահագործման ու մշտական խնամքի։ Սակայն այդ ուղղությամբ համայնքը միջոցներ չի ձեռնարկել, արդյունքում՝ ձմռան ժամանակահատվածում առաջացել են հողային շերտի անհարթություններ: Խոտածածկը չմշակելու արդյունքում այն դարձել է անհամասեռ, ինչը բնական է նշված հանգամանքներում:                       

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայրենի գյուղի՝ նրա նախաձեռնությամբ վերակառուցված մարզադաշտը մեծ շուքով վերաբացվել էր այս տարվա հունիսի 2-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, այժմ Հռոմի «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

Նյութում օգտագործված լուսանկարները՝  factor.am-ի