Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազգային ժողովը չընդունեց և' ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի, և' ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած օրինագծերը:
ՀՀԿ-ական պատգամավորները առաջարկում էին փոփոխություններ և լրացում կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում: Պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ ներկայացրել էր «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:
Նախ` քվեարկության դրվեց ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագիծը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ քննարկումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքը կարևորել է խնդիրը, սակայն համարում են, որ նախագիծն այս ձևով ընդունելը ճիշտ չէ: ««Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի նախագծի քվեարկությանը»,- ասաց նա:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան: Նա էլ հայտնեց` հաշվի առնելով, որ նախագիծը կարող է առաջացնել քաոս և թերի է, «Ելք»-ը ևս չի մասնակցի քվեարկությանը:
Ֆարմանյանն արձագանքեց, որ քանի որ իրենց ներկայացրած նախագիծը քաղաքական աջակցություն չունի, իրենք հանում են այն քվեարկությունից: «Օրինագիծը ո'չ քաոս է ստեղծում, ո'չ բացեր ունի, այն մեկ խնդիր է լուծում` եկեք մեր երկրում արգելենք այդ քաղցկեղի` վիվառոների, տոտոների գոյությունը: Սա է իրականությունը, բայց հաշվի առնելով, որ ակնհայտորեն իմ ներկայացրած օրինագիծը քաղաքական աջակցություն չունի, ես կարծում եմ` ճիշտ կլինի չդնել քվեարկության: Հուսով եմ, որ գալիք խորհրդարանում այս խնդիրը կստանա իր աջակցությունը: Ես հուսով եմ, որ մի օր հայաստանյան որևէ կառավարություն այս խնդրի կարգավորման հարցում գնալու է ռադիկալ լուծման»,- հավելեց պատգամավորը:
Չընդունվեց նաև Հրաչյա Հակոբյանի ներկայացրած նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 52 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 53 պատգամավորի քվեարկություն: Այս նախագիծն էլ բոյկոտեց հենց Սամվել Ֆարմանյանը:
Սա դուր չեկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին: Նա առաջարկեց վերաքվեարկություն կազմակերպել:
Նրան հակադարձեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Ես կարող եմ դնել վերաքվեարկության միայն այն դեպքում, եթե այն պատգամավորը, որը չի քվեարկել, հայտարարի այդ մասին: Չեմ կարող ճնշել պատգամավորին ու վերաքվեարկություն հայտարարել: Գոյություն ունի կանոնակարգ»,- բացատրեց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախորդ օրենքի հեղինակներից մեկը (նկատի ունի Ֆարմանյանին /խմբ./), եթե մեծ վնաս էր համարում, ինչո՞ւ չքվեարկեց գովազդի սահմանափակմանն ուղղված այս նախագծին: «Ես հակված եմ կարծելու, որ այս ամենն արվում է ոչ թե հանրության համար մտահոգվելու պատճառով, այլ խնդիրներ առաջացնելու համար: Այս օրենքը չընդունելու պատճառով ունենալու ենք խնդիրներ»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց հարգել պատգամավորների քվեարկությունը: «Միշտ չէ, որ բոլորիդ քվեարկությունն իմ սրտով է: Այստեղ բոլորս պատգամավոր ենք և իրավունք ունենք քվեարկելու կամ չքվեարկելու: Ինձ էլ կարող է նախորդ բոյկոտը դուր չեկավ: Եկեք հարգանքով վերաբերվենք բոլորիս քվեարկության ձևին և բովանդակությանը»,- կոչ արեց նա: