կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-23 17:36
Քաղաքական

Դեռևս հստակ չէ, թե ով է աղբամանում հայտնվելու

Դեռևս հստակ չէ, թե ով է աղբամանում հայտնվելու

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն այն տեսակետին է, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր այսօրվա հայտարարությամբ որոշակի հարցերի պատասխաններ է տվել, ի մասնավորի՝ ինչո՞ւ հեռացվեց պաշտոնից, կամ ինչո՞ւ եկան այն եզրահանգման, որ պետք է հեռանա: Yerkir.am–ի հետ զրույցում նա նշեց, որ Արթուր Վանեցյանը, պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ, զբաղվում էր քաղաքականությամբ: «Իսկ պաշտոնն ու քաղաքականությամբ զբաղվելը, կարծում եմ, անհամատեղելի էր: Այս արագությամբ դուրս գալ ուսադիրներից ու անմիջապես մտնել քաղաքականություն՝ փոքր-ինչ անհավանական եմ համարում… Անմիջապես ձեռք բերել այս կապերը՝ թույլ է տալիս ենթադրել, որ դա ավելի վաղ սկսված գործընթաց է եղել»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Քաղաքագետ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համաձայն չէ պատգամավորի այս մտքի հետ: Yerkir.am-ի հետ զրույցում նա մեկնեց. «Իշխանության մի ներկայացուցիչ ասում է՝ դժգոհ էր Վանեցյանի աշխատանքից, դրա համար է վարչապետը նրան ազատել պաշտոնից: Այժմ էլ մեկ այլ պատգամավոր նշում է, թե քաղաքականությամբ էր զբաղվում, դրա համար է պաշտոնանկ արել: Այսինքն՝ նրանք չեն կարողանում գտնել մի պատճառ, որ հասարակության համար հիմնավորված լինի, թե ինչու են ազատել պաշտոնից: Անընդհատ ուզում են ապացուցել, թե իրենք են պաշտոնից ազատել, որ հասարակության շրջանում չհիմնավորվի այն տեսակետը,  թե Վանեցյանն է դուռը շրխկացրել ու գնացել»:

Դուռը շրխկացնելով փակելուց հետո Վանեցյանն այսօր էլ նշել է, որ  եթե «Մուրադը կատաղի», ապա ստիպված կլինի որոշ մանրամասնություններ հայտնել: ԱԱԾ նախկին տնօրենի այս գաղափարին բնավ դեմ չէ պատգամավոր Հակոբյանը:  «Եթե ինքն ունեցել է այնպիսի  նյութեր, որոնց մասին հիմա պետք է խոսի, ապա ինչո՞ւ չէր խոսում իր պաշտոնի ընթացքում: Եթե պետք է նյութեր ունենա ու չխոսի դրա մասին, հետևաբար՝ պետք է հեռացվի պաշտոնից»,- ընդգծեց իմքայլական պատգամավորը:

Արդեն իսկ առկա փաստերի ու հստակ մեսիջների մասին քաղաքագետ Բադալյանը խոսում է կետերով: «Նախ՝ Վանեցյանը հստակ նշեց, որ ավելի լավ  գիտի իր ուսադիրի գինը, քան ծառայության հետ առնչություն չունեցած, հիմա էլ ի պաշտոնե զինվորականության հետ առնչություն ունեցող վարչապետը: Ընդգծեց նաև՝ դեռևս հստակ չէ, թե ով է աղբամանում հայտնվելու, ու հորդորեց իրեն չկապել նախկին համակարգի ներկայացուցիչների հետ»,- նշեց նա:

Բադալյանի առանձնացրած մեսիջներից է նաև այն հանգամանքը, որ վարչապետը խոսում է՝ առանց հետևանքների մասին մտածելու, իսկ Վանեցյանը՝ որպես ուժային կառույցի ներկայացուցիչ, սովոր է մտածել հետևանքների մասին: «Գաղտնիք չէ, որ պարոն Վանեցյանն ամենաիրազեկված քաղաքացիներից է ու հանգիստ կարող է ներկայացնել, թե ինչպես տեղի ունեցավ անցած տարվա իշխանափոխությունը. եղե՞լ են, արդյոք, պայմանավորվածություններ,  եթե եղել են, ապա՝ ո՞ւմ հետ, ինչպե՞ս են պահպանվում այդ պայմանավորվածությունները, ի՞նչ կապեր ունի ներկա իշխանությունը կոռուպցիոն նախկին համակարգի հետ: Այսինքն՝ շատ բան կարող է խոսել՝ առանց մտածելու, ինչը նա չի անում, բայց զգուշացնում է, որ վարչապետը չանցնի իր չափը»,- նշեց քաղաքագետը: 

Արմեն Բադալյանն ընդգծեց նաև՝ թեև ԱԱԾ նախկին տնօրեն  Վանեցյանի հայտարարությունը շատ կարճ էր, բայց՝ բովանդակալից: Հավելեց՝ Փաշինյանին, որն իրեն բավական բարձր լեգիտիմություն ունեցող՝ ժողովրդի վարչապետ է համարում, Վանեցյանը ցույց տվեց՝ վերջին խոսքն իրենն է լինելու, և այդ հանգամանքը վարչապետին հունից հանում է:

«Կարելի է ասել, որ Փաշինյանը չի կարողանում հանդուրժել փաստը, որ ԱԱԾ նախկին տնօրենը դուռը շրխկացնում է իր վրա ու գնում, գնալուց հետո էլ դեռ իրեն պատասխանում է: Փաշինյանը մի միտք ասաց լոսանջելեսյան ասուլիսի ժամանակ, թե՝ մեր ժպիտները ոմանց համար որպես թուլություն չընկալվեն: Դա խոսում է այն մասին, որ նա թերարժեքության բարդույթ ունի, ու նրան միշտ թվում է՝ իրեն լուրջ չեն ընկալում: Փաստորեն, նախկին պաշտոնյաներից մեկը, որը հերիք չէ, իրեն լուրջ չի ընդունում, դուռը շրխկացնում է ու գնում, դեռ մի բան էլ պատասխանում է ու իրեն հավասար գործիչ դառնում»,- մեկնաբանեց Ա. Բադալյանը: 

Քաղաքական-հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ Վանեցյանը պետք է բացի փակագծերը՝ իհարկե, առանց պետական գաղտնիք գաղտնազերծելու: Նշեց՝ իշխանությունները ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ բոլորս ենք հասկանում՝ վտանգի մեջ ենք, բայց թե այդ վտանգը ո՞ր կողմից է մեզ սպառնում, մեզ չեն ասում:

«Ես կոչ եմ անում Արթուր Վանեցյանին՝ բացահայտել ճշմարտությունն ու այդպիսով պաշտպանել մեր երկիրը, այլապես, միայն միմյանց հասցեին սպառնալիք հնչեցնելով, շարունակելու ենք գահավիժել: Պատիվ ունեմ»,- ընդգծեց Մարինա Խաչատրյանը:

Արթուր Վանեցյանի հրաժարականը կամ պաշտոնանկության խմորը, կարծում ենք, դեռ երկար ջուր կվերցնի: Շուտով գուցե աղմկահարույց նոր հայտարարություն, բացահայտում ու ինտրիգներ լինեն, որոնք կարող են ալեկոծել այդպես էլ չհանդարտվող քաղաքական դաշտը: Իսկ թե ով ում կնետի աղբարկղը, ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը: