Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական վերահսկողության մեջ ներառված չէ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, այնինչ՝ դա մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ընդգծեց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
«Օրինակ՝ աշխատողի աշխատավարձի իրավունքը պետությունը չի վերահսկում՝ ճի՞շտ են վճարել հավելավճարները, թե՞ ոչ, և այլն: Կարող է վերահսկել միայն առողջ, անվտանգ պայմանները, այն էլ՝ նորմատիվները ամբողջական չեն. 23 տեսուչ պետք է վերահսկի 550 հազար աշխատողների աշխատանքային հարաբերությունները: Աբսուրդ է»,- ասաց նա:
Նույնիսկ այդ 23 տեսուչները, տնտեսագետի համոզմամբ, չունեն բավարար մասնագիտական կարողություններ և տեխնիկական զինվածություն: «Այսինքն՝ ֆորմալ է դառնում՝ ձևական»,- նշեց նա:
ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը գործունեության մեկ ու կես տարում 300-ից ավելի շահառուների աշխատանքի իրավունքի պաշտպանության ոլորտում անվճար պարզաբանումներ է տվել, նաև, առանձին դեպքերով, դատարանում անվճար պաշտպանել նրանց աշխատանքային իրավունքները:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նաև վերլուծություն է հրապարակել «ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող բացահայտված խնդիրներ և առաջարկվող լուծումներ» վերտառությամբ: Վերլուծությունը հանրայնացրել են, հրավիրել պետական մարմինների պատասխանատուներին, հորդորել, կոնկրետ խնդիրներ ցույց տվել, առաջարկել կոնկրետ լուծումներ՝ աշխատողների՝ աջ ու ձախ խախտվող իրավունքների հետ կապված, բայց որևէ արդյունք չկա:
Կոնկրետ առաջարկների թվում, ըստ Թադևոս Ավետիսյանի, 24-ժամյա աշխատանքային ռեժիմը վերացնելն է, որը վնասում է մարդկանց առողջությանը: «Այսօր բազմաթիվ մարդիկ՝ սկսած պահակներից, բուժաշխատողներից, վերջացրած ամենատարբեր կատեգորիայի աշխատողներով, աշխատում են 24 ժամ»,- ասաց նա:
Կան այլ խնդիրներ ևս՝ աշխատողների հանգստի իրավունքին առնչվող: «Մենք շատ կոնկրետ լուծումներ էինք առաջարկում. գիտե՞ք ինչքան բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողները չեն գնում արձակուրդ, գործատուները խախտում են նրանց արձակուրդի տևողությունը, արձակուրդային չեն վճարում և այլն: Այստեղ լուծումներ էինք բերում՝ սկսած իրավականից, այսինքն՝ իրավական կարգավորումները պիտի լավացվեն՝ օրինակ՝ գործատուի համար տուժանք նախատեսելով, որ եթե դու աշխատողին չես ուղարկում արձակուրդ՝ նրան սահմանված ժամկետով և չափով, ապա պետք է նրան տուժանք վճարես»,- ասաց տնտեսագետը:
Թադևոս Ավետիսյանը պատասխանատուներին հորդորեց ընդամենը դուրս գալ իրենց կաբինետներից, նայել շուրջը և կարդալ իրենց իսկ կանոնադրությունը, որպեսզի օր առաջ ձեռնամուխ լինեն այդ խնդիրների լուծմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: