Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հարցերն ուղղեց օրենսդրական փաթեթը ներկայացնող` բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին: Պատգամավորը նախ կարևորեց նախատեսվող փոփոխությունները և նշեց, որ իրենց դիմել են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ ՀԿ-ներ:
«Ինչպե՞ս պետք է վարվել այն անձանց հետ, ովքեր ռեստորանային համալիրներում, որպես հաճախորդ գրավելու միջոց, պահում են կենդանիներ, երբ խոշտանգում են կենդանիներին, հասցնում են սովամահության»,- հարցրեց նա:
Զոհրաբյանն ասաց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, ըստ որի՝ խստագույն պատժամիջոցներ են նախատեսված կենդանիներին ոչ պատշաճ պայմաններում պահելու, խոշտանգելու համար: «Ինչ-որ մեկն իր հավեսի համար, իր օբյեկտում վանդակ է դրել, որևէ պայման չունենալով, կենդանի է պահում»,- ասաց նա:
Փոխնախարարը, հարցադրումներին ի պատասխան, նշեց, որ օրենսդրական փաթեթի թիվ մեկ նպատակը հենց նման դեպքերի բացառումն է: «Մենք այստեղ առաջին անգամ ենք ներդնում թույլտվության ինստիտուտը, ըստ որի` անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու համար պետք է թույլտվություն տրվի, և անպայման պետք է նշվեն պահման նպատակը, պայմանները»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն հարցրեց, թե արդյոք անհրաժե՞շտ չէ ընդհանրապես արգելել զվարճանքի վայրերում, օբյեկտներում սեփական գազանանոց ունենալը: Փոխնախարարը պատասխանեց, որ հստակ սահմանվել են պարտավորություններ, և ազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանի պահողները պարտավոր են անցկացնել համապատախասն համարակալում, նույնականացում, գրանցում լիազոր մարմնում:
«Նախապայմանների ինստիտուտն այնպիսին է լինելու, որ զվարճանքի կենտրոնները չեն կարողանալու այդ պայմաններն ապահովել, ինչը լուրջ զսպաշրջիկ է լինելու»,- ասաց նա: