կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 19:03
Տնտեսական

Կորոնավիրուսի շրջանում խոսել հնարավորությունների մասին, կարող է միայն անտեղյակ, ոչ կոմպետենտ մարդը. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Կորոնավիրուսի շրջանում խոսել հնարավորությունների մասին, կարող է միայն անտեղյակ, ոչ կոմպետենտ մարդը. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Aysor.am-ի զրուցակիցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն է։

- Պարոն Գրիգորյան, արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրվանից վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, այլ պետք է սրան նայենք որպես հնարավորություն Հայաստանի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար: Անցել է շուրջ 3 ամիս, կարո՞ղ ենք ասել, որ որևէ առումով Հայաստանի դիրքերն ուժեղացել են։

- Արտակարգ դրություն հայտարարելուց հետո անցել է գրեթե 85 օր: Այս օրերի ընթացքում նախ պետք էր երկրում իրականացվեր ճգնաժամային, հակահամաճարակայիին կառավարում: Արդեն փաստ է, որ ձախողվել է: Ձախողվել է թե՛ կարանտինի շրջանը, թե՛ քայքայվել է տնտեսությունը: Ունենք հիվանդների և դրա հետևանքով մահացության աննախադեպ աճ, այնինչ հիմա պետք է այլ պատկեր լիներ, այսինքն՝ ամբողջական վերահսկողություն ունենային: Վարչապետ Փաշինյանը և մի շարք այլ պատասխանատու գործիչներ այնքան իրարամերժ հայտարարություններ են արել, որ հիմա այլևս հայտարարությունների գնահատման ժամանակը չէ, հիմա արտակարգ դրության ձախողման հետևանքների գնահատման շրջանն է: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը, որ Հայաստանի իշխանությունները այլևս չեն կարող կատարել Բյուջե 2020-ը, չի լինելու իրենց նախանշած 4.9 տոկոս տնտեսական աճը, իսկ պետությունը ավելացնում է իր արտաքին պարտքը:

Այս տեմպերով նորից կմոտենանք պետական պարտք ՀՆԱ 60 տոկոս հարաբերակցությանը: Այն պարագայում, երբ քայքայված է տուրիզմի ոլորտը, անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, մարդիկ կորցրել են աշխատատեղերը, բիզնեսը կորցրել է իր շուկայի զգալի մասը, իսկ այս պրոցեսի վերջը դեռ չի երևում և խոսել հնարավորությունների մասին, կարող է միայն անտեղյակ, ոչ կոմպետենտ մարդը: Կորոնավիրուսը բերել է ողբերգություն, ոչ թե հնարավորություն:

- Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսը պետք է դիտել որպես զրոյական կետ՝ որպես ազդակ, «Իմ քայլի» հայտարարած տնտեսական հեղափոխությունը սկսելու համար։ «Ես կոչ եմ անում, որ բոլորս սա դիտենք որպես նոր հնարավորություն», - հայտարարել էր վարչապետը։ Այժմ հայտարարությունները բոլորովին այլ հարթությունից են։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։

- Ցանկացած կետ կարելի է համարել զրոյական կետ և սկսել համակարգային փոփոխությունները, սխալ է քաշվել մի կողմ, հեռվից նայել, թե ինչպես է փլվում ամբողջ համակարգը և հետո նոր փորձել ինչ-որ բան անել, մանավանդ երբ չգիտես էլ՝ ինչ պետք է անել և ինչպես: Երկիրը զարգացման հուն բերելու համար պետք ունենալ նպատակ, հստակ սոցիալ-տնտեսական քաղաքական կուրս, մշակված ռազմավարություն, միջոցառումների ծրագիր, անհրաժեշտ ռեսուրսներ և այս ամենը իրականացնող պրոֆեսիոնալ կադրեր: Ո՞րը կա:

Տնտեսական հեղափոխություն եզրույթը կեղծ է, չի կարելի տնտեսություն և հեղափոխություն բառերը օգտագործել մի նախադասության մեջ: Հեղափոխությունների շրջանը փոփոխությունների և տատանումների շրջան է, իսկ տնտեսությանը անհրաժեշտ է կանխատեսելիություն, արդյունքի ստեղծման հնարավորություն, կայունություն, իսկ սոցիալական գնահատականը արդյունքի արդար բաշխման գործիքների գործնականում կիրառումն է: Այս ամենը հնարավոր է բացառապես ներիքն համերաշխ միջավայրում: Նույն թեմայի մասին տարբեր իրարամերժ հայտարարություններով հանդես գալու բազմաթիվ օրինակներ կան, ինչպես սիրո և համերաշխության միջավայրի ձևավորման մասին և հակառակը, սևեր սպիտակներ, հակահեղափոխականներ, արդեն պետական ժողովուրդ և ոչ պետական ժողովուրդ: Սա անթույլատրելի է: Մեկնաբանել անմեկնաբանելի հայտարարությունները հնարավոր չէ: Փաստը հետևյալն է, որ կառավարությունը հայտարարել է տնտեսության 2 տոկոս անկման մասին, իսկ սա նշանակում է, որ չեն լինելու անհրաժեշտ եկամուտները, բայց ծախսերը մնացել են նույնը: Մինչդեռ ծախսերը պետք է վերանայվեն, դադարեցվեն ճգնաժամային կառավարման տրամաբանությունից դուրս ծախսերը, դադարեցվեն պարգևավճարները, դադարեցվեն պարտադիր կուտակային համակարգի մասհանումները, որն ավելի քան 70 միլիարդ դրամ է: Այս պարագայում լավ կանխատեսումներ լինել չեն կարող, տնտեսությունն ու ժողովրդին անհրաժեշտ է, ճիշտ ազդակներ տալով, պատրաստել վատթարագույնի:

- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ եք արդյունավետ համարում։

- Արդյունավետ համարելու համար կա մի քանի բաղադրիչ, այն է, ուղիղ աջակցության գործիքների կիրառում և այդ աջակցության ճշգրիտ թիրախների նախանշում: Ծրագիրն իրականացնում են, հետո ասում, թե բա՝ գիտեք, ձեր կոմունալ վճարների 30 տոկոսը սխալմամբ ենք վճարել, այդ փողը տվեք աջակցություն չստացած կարիքավոր հարևաններիդ: Նույն դեպքերը գրանցվեցին երեխաների միանվագ նպաստներ վճարելու պրոցեսում: Ուղղորդում են դեպի բանկեր, ասում են գնացեք վարկ վերցրեք այս կամ այն ծրագրով մենք տոկոսները կտանք, վերցրեք աշխատավարձ ու հարկերը վճարեք: Ասում են, ով լավ է սովորում, ում ՄՈԳ-ը բարձր է 90-ից, իր ուսման վարձը կսուբսիդավորենք, մինչդեռ պետք էր սուբսիդավորել նրանց ուսման վարձերը, որոնք ունեն դրա կարիքը: Ի վերջո, կարիքավորը 1-2 միավորով ցածր ՄՈԳ ունի, բայց մեր քաղաքացին է: Գյուղատնտեսության ոլորտում լրիվ այլ գործիք պետք է կիրառվեր. մարդկանց տրվեին փող, սերմացու, բուժանյութ, թունաքիմիկատներ, պատվեր իջեցվեր կոնկրետ արտադրանքների համար, պլանավորվեր և գնահատվեր ներքին սպառման շեմը և այլն: Բայց ո՞վ անի, եթե չկա գյուղատնտեսության նախարարություն: Բյուջեից փողը հոսում է ֆինանսական շուկաներ:

- Անդրադառնանք նաև նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծին։ Այն դրական եզրակացության է արժանացել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանանձաժողովի նիստում: Սրա վերջնական ընդունումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

- Թե որն է համարվում բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն սահմանված է օրենքով, որն է դա, ինչպես և ով է տեղեկատվության պատասխանատուն, ովքեր իրավունք ունեն ստանալ այդ տեղեկությունը: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունները որևէ կերպ չպետք է խոչընդոտեն բուն առաքելությանը: Այս օրենքը պատահական չի ընդունվել, նպատակը բանկ-հաճախորդ վստահության ամրապնդումն է, հայաստանյան բանկերի և օտարերկրյա բանկերի միջև համագործակցության որակի բարձրացումն է, ավանդների ավելացումն է, պոտենցիալ ներդրողներին մեսիջներ հաղորդել են, որ առավել ապահով են ձեր շարժերը և այլն:

Փոփոխություններ կարելի է, ոչինչ քարին գրված չէ, բայց նպատակը հասկանալ է պետք: Եթե խաթարվում է հիմնական առաքելությունը, ապա նախապես նախանշած դրվագային նպատակին հասնելով՝ կարող ենք ամբողջ ֆինանսական համակարգը ցնցման ենթարկել: Հունիսի 2-ին քննարկված և առաջարկվող փոփոխությունը վերաբերվում էր մեկ կետի, որով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները հրապարակելու` Կենտրոնական բանկի իրավասությունը: Համավարակի այս շրջանում ԱԺ-ն և կառավարությունը լավ կանեին հրատապ կարգով քննության առարկա դարձներին երկրում ստեղծված իրավիճակը և առաջնահերթությունը տրվեր դրանց հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, զբաղված են իրականությունից կտրված օրակարգերով: Առաջնայինը երկրորդականից տարբերելու, տնտեսության կրած վնասի, դրանց սոցիալական գնահատականի հարցերով զբաղվելու կարողականության բացակայություն է: