Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպետը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո: Այս մասին գրել է 168.am-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. կանչել, ասել էր՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում և գրավոր հիմնավորում էր պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա 1 րոպե ուշացումով «շեֆին» արձագանքելու մեջ»: Իսկ Դերմոյանը, հիշեցնենք, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, որի վրա էր դրված ղեկավարի պարտականությունները ՝ հաստիքը միտումնավոր թափուր պահելու պատճառով: Մամուլում այս անհարկի նկատողությունը մեծ աղմուկ բարձրացրեց, Դերմոյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն:
Մարզպետարանի աշխատակիցները նկատում են՝ ծիծաղելի է, որ մարզպետն ուշացման համար պատժում է ենթակային, բայց ինքը նշանակվելուց հետո երբեք մարզպետարան առավոտյան 9:30-ից շուտ ոտք չի դնում: Մարզպետը 1 րոպեի համար տված հրամանով վախեցնում է ենթականերին՝ չիմանալով, որ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս քաղծառայողին վերադասի գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում: Իսկ Դերմոյանի առաջին նկատողությունը, ըստ աշխատակիցների, «սարքած գործ է եղել, հանձնարարականից հետո զանգերով միջամտել են նրան՝ պլանավորված, որպեսզի նկատողության հիմքեր ստեղծեն ու հող պատրաստեն մարզպետի մտերմուհու համար»:
Խոսքը մարզպետի մորաքրոջ հարսի՝ Լիլիթ Միրզախանյանի մասին է։ Ըստ մամուլի հրապարակումների, նրա կուրացիայի տակ է գործում ողջ մարզպետարանը, թեև նա ունի ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Բանն այն է, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի կատարյալ վստահորդն է համարվում, և հեղափոխությունից հետո համաձայնել է գալ մարզպետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելու հեռանկարով, պարզապես չի հերիքել կառավարման տարիների փորձը: Ուստի, կոկորդիլոսների սիրահար մարզպետը այդ հաստիքը մտածված թափուր էր պահում մորաքրոջ հարսի համար: Եվ ահա, Քաղծառայողի մասին օրենքի փոփոխությունից հետո միանգամից երկու բան տեղի ունեցավ՝ մի կողմից՝ փոփոխված չափանիշերով բաղձալի պաշտոնը հասանելի դարձավ Լիլիթ Միրզախանյանին, մյուս կողմից՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը փորփրեց և հիմքեր գտավ, որպեսզի Դերմոյանի ազատումով նվեր անի մորաքրոջ հարսին: Լիլիթ Միրզախանյանը այլևս մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է, իսկ Արման Դերմոյանը Արարատի և Վայոց ձերի ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկի մարզպետի ստորագրած ազատման հրամանը:
Նա պահանջում է չեղարկել ազատման հրամանը, վերականգնել աշխատանքի և փոխհատուցել ապօրինի ազատման հետևանքով զրկված աշխատավարձի հանրագումարը: Արման Դերմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1 րոպեանոց ուշացման ծիծաղելի դեպքից հետո թեև ծառայողական քննությամբ հաստատվել էր իր կարգապահ աշխատանքը, միևնույն է, ինքը սպասում էր այս ազատման հրամանին: Իսկ որպես պատրվակ՝ ասում է՝ պնդել են, թե ԱԺ-ում հինգ ու կես տարի Փորձաքննության վերլուծական վարչությունում (նախկինում՝ Օրենսդրության վերլուծության վարչություն) աշխատելը բավարար հիմք չէ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լինելու համար, հետևաբար՝ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակումը ոչ օրինական է եղել: Մինչդեռ Դերմոյանի խոսքով՝ պաշտոնի անձնագրի հետ համապատասխանությունը ստուգվել է և իրեն՝ որպես քաղծառայողի, նշանակումն արվել է ԱԺ-ում ունեցած ստաժի հիմքի վրա:
Հիշեցնենք, Արարատի մարզում իբր հիմնադրվող կոկորդիլոսի բուծարանով հայտնի դարձած մարզպետը ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկանդալային պատմություների կենտրոնում: Ամենահայտնի դեպքը, թերևս, 40 հա կաթիլային համակարգի մասին ոչ կոմպետենտ հայտարարությունն էր, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ համարեց: Հաջորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ Մասիսում գրանցված միջադեպն էր Նիկոլ Փաշինյան ելույթից հետո: Հիշեցնենք, մարզպետի տեղակալի ու վարորդի միջև ծեծկռտուք էր եղել, այս թեման ևս մամուլի հրապարակումներից հետո հասավ ոստիկանություն, սակայն լղոզվեց ու մոռացվեց արագ: Մյուս աղմկահարույց դեպքը մարզպետի մասնակցությամբ՝ միանգամից երեք մարզային բժշկական կենտրոնների (ԲԿ) պաշտոնանկ արված ղեկավարների դատական հայցերն էին ու Վեդու ԲԿ-ի ղեկավար Մ. Տալոյանին 5.6 մլն դրամ չփոխանցված վերջնահաշվարկի թեման:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: