կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-10 13:45
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը հաստատում է «Սանիթեք»-ին գումար չփոխանցելու մասին լուրը

Երևանի քաղաքապետարանը հաստատում է «Սանիթեք»-ին գումար չփոխանցելու մասին լուրը

Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:

«Սանիթեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:

«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեք»-ի տնօրինությանը՝ իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ: