Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարինա Տերտերյանն, արդեն չորս տարի է, ինչ մասնակցում է «Գրին քարտի» խաղարկությանը։ Այս տարի նա առաջին անգամ է միայնակ մասնակցում․ նախորդ երեք տարիներին դիմել է ընտանիքի հետ։ Այս տարի Կարինան ամուսնացել է, բայց խաղարկությանը մասնակցում է առանց ամուսնու. վերջինս չի ցանկանում գնալ Հայաստանից։ Այս մասին հայտնում է infocom.am-ը
«Ճիշտն ասած՝ վստահ չեմ [Միացյալ Նահանգներ] գնալու, մշտական բնակություն հաստատելու մասով, բայց համզոված եմ՝ եթե գնամ, այնտեղ Հայաստանից միանշանակ ավելի հեշտ կլինի ապրելը, կարիերա ստեղծելն ու զարգանալը»,- հույս է հայտնում նա։
«Գրին քարտ» շահելու դեպքում մասնագիտությամբ լրագրող Կարինան մտադիր է որոշ ժամանակով մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել հանրային կապերով, սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) կամ բիզնեսի զարգացմամբ։ Իսկ կմնա ԱՄՆ-ում, թե կվերադառնա Հայաստան՝ նա դեռ չի որոշել։
Կարինան նշում է, որ իր ընտանիքն այս տարի ևս մասնակցել է խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու, երկարաժամկետ բնակվելու մտքեր ունի։
«Եղբայրս փոքր է, ուզում են ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել»,- բացատրում է Կարինան։
Լուսանկարչական ծառայություններ մատուցող մի քանի ստուդիաներում «Ինֆոքոմը» զրուցեց «Գրին քարտի» համար լուսանկարահանվողների՝ այս տարվա միտումների մասին։ Լուսանկարիչները նույնպես հավաստում էին, որ 2020 թ․ պատերազմից հետո «Գրին քարտի» համար լուսանկարվողների մեծ մասն, իրենց գնահատմամբ, փոքր տարիքի տղա երեխա ունեցողներն են։
«Գրին քարտը» կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։ 1990 թ. ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը։ Այս ծրագրով, 1995 թ. սկսած, ամեն տարի խաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա:
«Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել»,- նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:
«Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։
Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից դիմելիությունը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան հարևան երկրներից։