Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի այն գրառման վերաբերյալ, թե մեկնարկում են Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումների աշխատանքները: Հարցրինք՝ հնարավո՞ր է՝ դա կեղծ օրակարգ է, ու նախորդ անգամվա նման այս անգամ էլ անարդյունք քննարկումներ լինեն:
«Կեղծ օրակարգ պիտակում տալ չեմ ցանկանա, գուցե այդպես չէ, բայց նաև չեմ բացառում, որ տեսականորեն կարող է լինել այդպիսի կարծիք ու կասկած, քանի որ մարդիկ իշխանությանը սկսել են ավելի կոնկրետ ու հասցեական մեղադրել՝ ասելով, թե պատասխանատուներն օրենսդրական բարեփոխումներ չեն անում: Եվ այս ամենից ազդվելով՝ իշխանություններն այժմ փորձում են ինչ-ինչ բաներ ցույց տալ: Ժամանակը ցույց կտա, և եթե վեց ամիս հետո որևէ էական աշխատանք կատարված չլինի, առարկայական արդյունք չլինի, ապա կարող ենք կասկածել, որ դա էլ էր հերթական շոուն: Իսկ այն, որ այսօր թե՛ «Կուսակցությունների մասին» օրենքը, թե՛ Ընտրական օրենսգիրքն իսկապես կատարելագործման կարիք ունեն, կասկածից վեր է»,- ասաց պատգամավորը: