Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև «Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Մաքսապետյանը վստահեցնում է՝ Աջափնյակ թաղամասում արդեն 3-4 տարի ոռոգման ջրի խնդիր կա, բայց այս թաղամասի բնակիչները հիշում են՝ նախորդ տարիներին թաղամասի շղթայաձև այգիները կանաչապատ էին, փարթամ ու խնամված:
«Ոռոգման ջրի հետ կապված խնդիր կա, մանավանդ, որ վերջին հինգ օրերին Երևան քաղաքում ու հատկապես Աջափնյակ թաղամասում ոռոգման ջուրը բացակայում է, երևի Ջրային կոմիտեում վթար կար: Ինչ վերաբերում է 16 թաղամասին, ապա, երբ ջրի ճնշումը բավարարում է, այնտեղ ջուր հասնում է, այնպես չէ, որ ջուր չի հասնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մաքսապետյանը՝ չհամաձայնելով այն տեսակետին, թե այս տարի շղթայաձև այգիները գրեթե չեն ոռոգվել. «Նման բան չի եղել, տեսանյութերը կան: Այդ երեք շղթաներում ժամը 09.00-19.00 աշխատող կա, ոռոգման ջրերն էլ տալիս են երեկոյան ժամը 19.00-22.00-ն: Շաբաթական ամենաքիչը երկու անգամ ջուր լինում է»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ խնդրին ծանոթ են, լավ գիտեն՝ ծառերը չորանում են, խոտը դեղնել է: Ընդգծեց՝ այնպես չէ, որ իրենք սրտացավ չեն կամ, ձեռքերը ծալած, նստած են, ամենօրյա կռիվների մեջ են, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ամեն օր գրություններ է ուղարկում Ջրային կոմիտե:
Yerkir.am-ին Մաքսապետյանը հայտնեց նաև, որ, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, Աջափնյակ վարչական շրջանում առանձին ջրագիծ կանցկացվի:
«Նշեմ, որ այժմ Աջափնյակի ու Դավիթաշենի ոռոգումն իրականացվում է մեկ ջրագծով, ու եթե երկու վարչական շրջան միաժամանակ ոռոգում են, բնականաբար, ճնշումն ընկնում է: Քանի որ 16-րդ թաղամասն ավելի բարձր գոտում է, ճնշումն այդտեղ չի բավարարում: Նախագիծը պատրաստ է, այն դրվել է մրցույթի: Ամեն բան պետք է անենք, ու ես անձամբ եմ խոսք տվել բնակիչներին, որ հաջորդ տարի այս խնդիրը կարգավորված կլինի: Իմ հիմնարկությունը երկու ջրցան մեքենա ունի, ու 7 օրը, 15 օրը մեկ տարբեր մեքենաներ տարբեր տեղ եմ ուղարկում, որ ռետինե խողովակով գոնե ջրեն ծառերը»,- ավելացրեց «Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենը:
Թե ի՞նչ կլինի հաջորդ տարի, դժվար է ասել, բայց փաստ է, որ ոչ միայն Աջափնյակում, այլև մայրքաղաքի գրեթե բոլոր հատվածներում կանաչապատումը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Ամենուր դեղնած խոտեր են ու չորացող կամ արդեն իսկ չորացած ծառեր: Մեկնաբանությանը, թե Ջրային կոմիտեն բավարար քանակությամբ ջուր չի հատկացնում, երևանցիները չեն հավատում, քանի որ նախորդ տարիներին տեսել են՝ ինչպես են ջրվում ու խնամվում մայրաքաղաքի այգիներն ու պուրակները: