Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարին: Առավոտյան ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին ԱԺ բակում գտնվող «Հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գործիչների հիշատակի» հուշարձանին: Այստեղ էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով պատասխանեց լրագրողների հարցերին:
«Այստեղ իմ եղբոր մեղավորությունը կա, որովհետև Վազգեն Սարգսյանին սպանելու տարաբնույթ խոսակցություններ բազմիցս եղել են, և եղբայրս, լսելով այդ խոսակցությունների մասին, անլուրջ է մոտեցել դրանց, որովհետև չեն սպասել, որ իրենց երկրի մեջ մեկը կարող է կրակել իր վրա: Ե’վ ԱԱԾ-ն է թերացել, և’ եղբայրս է անլուրջ մոտեցել այդ խոսակցություններին»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ խոսելով ոճրագործության մասին:
Հարցին, թե արդյո՞ք Նաիրի Հունանյանը պետք է խոսի, պատասխանեց. «Էն ինչ ասելու էր, նա ասել է, բայց պետք են փաստեր, որ այդ փաստերի շուրջ խոսի: Հավանաբար, Նաիրի Հունանյանը կարծում է, որ կգա ժամանակ, և ինքը կդիմի համաներման: Եթե նա իմանա, որ հավերժ կմնա բանտում, կխոսի»:
Հարցին, թե Նաիրի Հունանյանը հոգեպես հավասարակշիռ և առողջ վիճակո՞ւմ է, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ ես էի գտնվում ԱԱԾ խցում, ինքը ադեկվատ էր, որովհետև մենք հարևան խցերում էինք, մեկս մյուսիս շնչառությունը զգում էինք, և ես բազմիցս եմ խնդրել, որ իմ խուցը տեղափոխեն, որ նրա շունչը չզգայի: Այնպես որ՝ այն ժամանակ, ինքը ադեկվատ էր»:
Լրագրողները հետաքրքրվեցին Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի առողջության մասին: «Փառք Աստծո, մայրս այսօր արդեն կարող է իր այդ շարժական հենակով լինել Եռաբլուրում: Բոլորին մաղթում եմ խաղաղ ու անամպ հայրենիք: Մի տեսակ ամոթալի է, որ Պապ թագավորից, Մխիթարից սկսած, եկած Վազգենով, պատմության մեջ միշտ եղել են դավադրություններ: Հպարտ եմ, որ Վազգենի եղբայրն եմ, որ Վազգենի հրամանատարության ներքո պայքարել եմ, բայց նաև ամոթալի է, որ էսօր էս օրի ենք»,- ասաց Արմեն Սարգսյանը: