Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։
Նախնական տվյալներով՝ Հարթագյուղի համայնքապետը 2014-2019 թվականներին համայնքի երկու բնակչի ձևակերպել է համայնքապետարանի սանտեխնիկ ու բակապահ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ որպես աշխատավարձ փոխանցված 9․940․310 դրամը համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014-2017 թվականներին համայնքի ղեկավարը մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ յուրացնելով այդ կապակցությամբ դուրս գրված կես միլիոն դրամը։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Հարթագյուղ համայնքի ավագանու անդամներից 3-ը 2015-2019 թվականներին գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռքբերվել, որ 2017 թվականին համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինություն և հողամաս նվիրաբերվել է մի բնակչի, որից համայնքի ղեկավարը պահանջել ու ստացել է 300․000 դրամ կաշառք։ Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Դարձյալ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք ապօրինություններ։
Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2014-2017 թվականներին մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ այդ կապակցությամբ դուրս գրված մեկ միլոն դրամը մուտքագրելով որպես հողի հարկի վճարներ։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Գոգարան համայնքի ավագանու անդամներից 2-ը տարբեր ժամանակահատվածներով գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։
Համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։ Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։