Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղիղ 36 տարի առաջ հինգ հայ երիտասարդներ ցնցեցին աշխարհը` գրավելով Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան շենքը: Գործողությունը պարզապես խենթություն կամ արկածախնդրություն չէր, կարևոր նպատակն ուներ` միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության հարցին:
Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քրջյան և Սարգիս Աբրահամյան…
Դեսպանատան զինվորի հետ բախման ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:
Հայրենասիրություն սովորեցնող` ողբերգական ելքով արարքը չի մոռացվել, և վաղը` հուլիսի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հուշ երեկո է կազմակերպել` ևս մեկ անգամ ոգեկոչելու հանուն հայրենիքի ու Հայ դատի կյանքը նվիրած մարտիրոսներին:
«Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Լիզբոնյան հնգյակի սխրագործությունը օրինակ դարձավ բազմաթիվ երիտասարդների համար, որոնք շարունակեցին նրանց պահանջատիրության երթը՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացից մինչև Արցախյան պատերազմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ հուշ երեկոյի ընթացքում կլինեն ելույթներ, բեմադրություն, կհնչեն թեմատիկ երգեր: Միջոցառման գեղարվեստական մասի ռեժիսորը և գեղարվեստական ղեկավարն է Արթուր Սահակյանը: