Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 27-ին ոգեկոչում ենք հիշատակը «Հայ յեղափոխական բանակ»-ի մարտիկների, «Լիզբոն 5» տղաների, ովքեր իրենց ակտով ստիպեցին աշխարհին խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հայոց «Նեմեսիս»-ի ավարտից հետո աշխարհում կարծես մոռացվել էր 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը:
Հայկական հարցի մասին կրկին սկսեցին խոսել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սփյուռքահայությունը հանդես եկավ Արևմտյան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու պահանջով: Երկարատև քննարկումներից հետո, սակայն, 1953 թ. մայիսի 30-ին, խորհրդային կառավարությունը հայտարարում է, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի, և մինչև ԽՍՀՄ փլուզումը խորհրդային իշխանությունը չհրաժարվեց այդ քաղաքական դիրքորոշումից: Այս պայմաններում Հայկական հարցի հետապնդումը կամ, որ նույնն է, Հայ դատի պահանջատիրությունը իր ուսերին վերցրեց Հայկական սփյուռքը, և չնայած Հայոց ցեղասպանության հարցը միջազգային օրակարգ մտցնելու ուղղությամբ Սփյուռքում գործող ազգային կուսակցությունների, Հայ դատի հանձնախմբերի ու եկեղեցու գործադրած ջանքերին՝ չհաջողվեց ճեղքել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ կառուցված մոռացության պատը: Ցեղասպանության 50-րդ տարելիցին ամփոփելով տարիների պայքարը՝ սփյուռքահայությունը հասկացավ, որ ձեռք բերված արդյունքները բավարար չեն. աշխարհը շարունակում էր ժխտողական մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում: Անհրաժեշտ էր մշակել նոր, ավելի արդյունավետ մարտավարություն: Քանի որ քաղաքական պայքարը ցանկալի արդյունք չէր տվել, հայությունը ստիպված էր գնալ մեկ այլ ճանապարհով. «Հայկական հարցի համար մղվող պայքարի երկրորդ ուղղությունը ահաբեկչությունն էր»:
Այսինքն՝ իր ձայնը լսելի դարձնելու համար հայությունը վերադառնում է XIX դարի երկրորդ կեսին հայ ազատագրական պայքարի որդեգրած մարտավարությանը, մասնավորապես «.առաջ է քաշվում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական աշխատողների ահաբեկչությունը: Նոր պայմաններում պահանջատիրական զինյալ պայքարի տարբերակը դառնում է ազգային-ազատագրական պայքարի այն ձևը, որը պետք է Հայկական հարցը դուրս բերեր փակուղուց և կրկին դարձներ միջազգային հարաբերությունների օրակարգի հարց»:
1975թ. հոկտեմբերին ասպարեզ է իջնում «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպությունը, որը 1975 թ. հոկտեմբերի 22-ին Վիեննայում. Թուրքիայի դեսպանի ահաբեկումից հետո իր գոյության մասին ազդարարում է մի հայտարարությամբ, որում ասվում էր. «Մենք հայ ժողովրդի զավակներն ենք: Գործում ենք հանուն արդարության: Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչների դեմ մեր արարքը աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետություններին պիտի հիշեցնի, թե հայոց մոռացված ցեղասպանությունը անպատիժ է մնում: …Մեր արդար դատի հետապնդման միակ միջոցը զինյալ պայքարն է»:
ՀՑԱՄ-ը գործեց մինչև 1983 թվականը՝ այդ ընթացքում կազմակերպելով զինյալ գործողություններ Վիեննայում, Փարիզում, Վատիկանում, Մադրիդում, Շվեյցարիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր:
1983 թ. ՀՑԱՄ-ը իր տեղը զիջեց «Հայ յեղափոխական բանակ» (ՀՅԲ) կազմակերպությանը: Վերջինիս գործողություններից առավել հայտնի է Լիսաբոնում 5 հայ երիտասարդների կողմից իրականացված ակտը, որը մեր պատմության մեջ հիշատակվում է «Լիզբոն 5» անունով: Գործողությունը պետք է տեղի ունենար հուլիսի 27-ին: Օրը պատահական չէր ընտրված. այդ օրը «Պորտուգալիայի մայրաքաղաք էին ժամանելու Եվրոպայում գործող թուրքական դեսպանատների պատասխանատու մարմիններն ու կցորդները, ինչ-որ ընդհանուր խորհրդակցության»: Աշխարհի ուշադրությունը Հայ դատի վրա սևեռելու նպատակով 1983 թ. հուլիսի 27-ին ՀՅԲ 5 անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քըրճլյանը, գրոհեցին Լիսաբոնի թուրքական դեսպանատան վրա: Դեսպանատուն ներխուժելու ժամանակ ոստիկանների հետ սկսված փոխհրաձգության հետևանքով զոհվում է Սիմոն Յահնիյանը՝ չկարողանալով մտնել դեսպանատուն։ Տղաները գրավում են դրան կից թուրքիայի փոխդեսպանի բնակարանը:
Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել հատուկ ջոկատայիններ։ Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում, ապա լսվում են պայթյունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին (փոխդեսպանի կնոջն ու երեխային) բաց թողնելուց հետո պայթեցնում են շենքը և մնում դրա փլատակների տակ։
Մինչ որոշիչ պայթյունը կորոտար, ՀՅԲ մարտիկները աշխարհին ու նաև աշխարհասփյուռ հայությանը հղում են իրենց կոչը. «Բոլոր կառավարություններին, համաշխարհային հանրային կարծիքին եւ մամուլին: Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարություն, այլ գերագույն զոհաբերում ազատության բագինին: Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինյալ պայքարն է: Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեւանքն է թուրք պետության եւ նրա պաշտպան պետությունների մերժումի՝ գոհացում տալու Հայ ժողովրդի արդար ու խաղաղասեր իրավունքներին: Հայերի իրավունքն է ապրել ու բարգավաճել իրենց նախահայրերի հայրենիքում՝ ազատ ու անկախ…»: Իրենց կյանքը Հայ դատի պայքարին նվիրաբերած երիտասարդների աճյուններն ամփոփվեցին Բեյրութի հայկական գերեզմանատանը, որն ուխտավայր դարձավ լիբանանահայության և առհասարակ աշխարհի տարբեր երկրներից Լիբանան ժամանող հայերի համար:
Լիսաբոնի անձնազոհ տղաների գործողությունը ցնցեց աշխարհը և փոթորկեց շատ ու շատ հայ երիտասարդների հոգիները, որոնք խանդավառվեցին ազգային պահանջատիրության պայքարով: Նրանց ռումբերը իրենց որոտով պայթեցրին լռության ու սառը մերժման այն պատը, որ տասնամյակներ շարունակ աշխարհը կառուցել էր Հայոց ցեղասպանության հարցի դիմաց՝ մշտապես խուլ ու համր ձևանալով հայրենազրկված հայության արդար պահանջատիրության նկատմամբ:
Ահաբեկչությո՞ւն էին արդյոք «Լիզբոն 5»-ի կամ ՀՑԱՄ-ի գործողությունները։ Աշխարհը գուցե ասի՝ այո՛, բայց չէ՞ որ նույն այդ քաղաքակիրթ աշխարհն էր ուրացման և մոռացության քաղաքականությամբ ստիպել նոր կյանք մտնող երիտասարդներին դիմել ահաբեկչության ծայրահեղ միջոցին՝ սեփական ձայնը լսելի դարձնելու և խլված իրավունքները վերականգնելու համար: Քանի դեռ քաղաքակիրթ ու քաղաքական էր հայության պայքարը, աշխարհն ականջալուր չէր դրան։ Հայոց ցեղասպանության մասին մեծ ու փոքր երկրները և միջազգային կառույցները սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ հայ երիտասարդը սկսեց իր ժողովրդի զինյալ պայքարի նորագույն փուլը:
Խոսելով «Լիզբոն 5»-ի գործողության մասին՝ պետք է արձանագրել, որ «1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ գործողությունը ինքնաբուխ խենթություն կամ պարզապես հինգ երիտասարդների ծրագիր չէր:
Հայ հեղափոխական բանակի գործողությունը մաս էր կազմում Հայ դատի պահանջատիրական պայքարին: Զինյալ պայքարին վերադառնալու որոշում կայացվեց, երբ բոլոր դիվանագիտական տարբերակներն արդեն սպառվել էին, սակայն այդպես էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցվել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում»:
Այսօր երկու տասնյակից ավելի պետություններ ու մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, իսկ հայությունը նախ և առաջ Հայ դատի պայքարին իրենց կյանքն ու ազատությունը գրավ դրած հայորդիների անձնազոհության շնորհիվ հասել է ցեղասպանության ճանաչումից պահանջատիրական պայքարի փուլ թևակոխելու հանգրվանին, այդ թվում՝ նահատակության ճանապարհով Լիսաբոնում մարտիրոսված 5 երիտասարդների, որոնց հիշատակը հայ ժողովուրդը ոգեկոչում է ամեն տարի՝ հուլիսի 27-ին:
Գաղափարական ազդեցությունը
ՀՑԱՄ և ՀՅԲ մարտիկների զինյալ պայքարը քաղաքական և քարոզչական մեծ ազդեցություն գործեց համաշխարհային հանրության վրա և գաղափարական հեղաշրջիչ ներգործություն ունեցավ ժամանակի հայ երիտասարդության վրա, որը, մինչ այդ բախվելով Հայոց ցեղասպանության ժխտման փաստին, հուսահատության և անտարբերության թմբիրի մեջ էր: Ի դեպ, պետք է փաստել, որ այդ արթնացման գործում որոշակի դերակատարություն ունեցան նաև Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին Երևանում ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը, բազմահազար հայության այցելությունը հայ նահատակների հիշատակին նվիրված նոր սրբատեղի և սրանց զուգորդած ժողովրդական հուզումները: Հայաստանյան հասարակության ազգային զարթոնքը հավելյալ ազդակ հանդիսացավ սփյուռքահայության համար՝ շարունակելու կամ, ավելի շուտ, վերսկսելու պայքարը, փնտրելու անարդյունավետ քաղաքական պայքարից անդին նոր ուղիներ՝ հայոց պահանջատիրությունը միջազգային օրակարգեր ներառելու համար: Արժե նշել նաև, որ ասպարեզ իջած զինյալ կազմակերպությունների մարտիկների գործողություններն իրենց հերթին զարթոնքի յուրահատուկ ազդակ դարձան հաջորդող սերունդների համար, որոնք անհրաժեշտ ժամին պետք է նետվեին արդեն Արցախի ազատագրման պայքարի հորձանուտը:
Զինյալ պայքարի մարտիկներից շատերն այդպես էլ անվանապես անհայտ մնացին. հայտնի են միայն նահատակված կամ ձերբակալված մարտիկների անունները: Այս մարտիկների պայքարը ձևով գուցե ահաբեկչություն էր, բայց բովանդակությամբ. այն պայքար էր խախտված իրավունքի վերականգնման համար և խարսխված էր հայ ժողովրդի արդար պահանջատիրության նպատակի վրա: Նրանցից յուրաքանչյուրը թերևս կարող էր կրկնել իր մեծ նախորդներից մեկի՝ Սողոմոն Թեհլիրյանի խոսքերը. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Սփյուռքահայ երիտասարդությունը, որը ծնվել էր օտար երկրներում, երբևէ պապերի հայրենիքում չէր եղել և ենթակա էր մեծ աշխարհի ձուլիչ միջավայրին ու բարքերին, իրեն զգաց նախնիների կորուսյալ հայրենիքի ու արդար դատի ժառանգորդ: Այդ ժառանգված իրավունքները վերագտնելու համար հայրենիքից հեռու մեծացած երիտասարդի զգացողություններն են արտահայտվել Լիսաբոնի գործողության հերոս Սիմոն Յահնիյանի խոսքերում. «.եթե պիտի հեռանամ Լիբանանից, ապա կնստեմ այն օդանավը, որը պիտի վայրէջք կատարե «Զվարթնոց» օդանավակայանում»։ Սիմոնը և իր ընկերները, ցավոք, Հայաստան չվերադարձան, բայց նրանց անունն ու սխրանքը ճեղքեցին անգամ խորհրդային «երկաթյա վարագույրը» և հասան Հայաստան: Մեծ բանաստեղծ Հ. Շիրազը Լիսաբոնի տղաների հիշատակին նվիրեց «Հիշե՛ք, հայեր» բանաստեղծությունը:
Այս տղաներից յուրաքանչյուրն իր սխրանքով ոգեշնչեց նաեւ Հայ դատի պայքարին լծված գործիչներին՝ դիվանագիտական պայքարը վճռականորեն շարունակելու համար: Կարելի է հաստատել, որ զինյալ պայքարը որոշ առումով նաև դիվանագիտական պայքարի համար էր բարենպաստ հիմք, քանի որ հենց այդ գործողությունները նպաստեցին, որ դիվանագիտական պայքար մղող գործիչների ձայնը լսելի դառնա միջազգային ատյաններում: Այդ պայքարի շնորհիվ էր, որ համաշխարհային մամուլում 1920-ականներից հետո առաջին անգամ հայտնվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր:
Անհրաժեշտ է հստակորեն արձանագրել նաև, որ սփյուռքահայ երիտասարդության զինյալ պայքարն ահաբեկչություն չէր, քանի որ այն ահաբեկչական գործունեությանը բնորոշ նպատակներ չէր հետապնդում. նրա հետապնդած շահը նյութական հարստությունն ու արժեքները չէին, այլ ազգային իրավունքները: Պատահական չէ, որ երբ Հայ դատի քաղաքական պայքարը սկսեց լուրջ հաջողություններ գրանցել, հայկական զինյալ գործողություններն ավարտվեցին, իսկ նրա մարտիկներից ոմանք 1990-ականներին իրենց գործը շարունակեցին Արցախում՝ մասնակցելով հայրենիքի այս հատվածի ազատագրման համար մղվող պատերազմին:
ՀՑԱՄ և ՀՅԲ մարտիկների գործողությունների գաղափարական ազդեցությունը մինչ օրս էլ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում կրում է հայ երիտասարդության մի ստվար զանգված, որը, այս երիտասարդների օրինակով ոգեշնչված, կանգնած է Հայ դատի արդարացի լուծման համար մղվող պայքարի դիրքերում: Այժմ, երբ Հայ դատի հանձնախմբերի հետևողական պայքարի շնորհիվ որևէ երկիր ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, դա նաև հարգանքի տուրք է այն բոլոր մարտիկների հիշատակին, ովքեր, իրենց երիտասարդական երազանքներն ու ապագայի ծրագրերը անտեսելով, նվիրվեցին արդարության համար մղվող պայքարին: Այս մարտիկների զոհաբերությանն արժանի տուրք մատուցելու լավագույն ձևը կլինի հայոց պահանջատիրական պայքարը շարունակաբար առաջ մղելն ու ի վերջո հատուցման հասնելը, այն է՝ միջազգային հանրության կողմից Սևրի պայմանագրով և վիլսոնյան իրավարար վճռով Հայաստանի Հանրապետության մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների վերադարձը Հայաստանի Հանրապետությանը:
Ամփոփելով ցանկանում ենք շեշտել՝ նորօրյա զինյալ պայքարի մեկ դասն էլ հույսը սեփական ուժերի վրա դնելն է ու հարկ եղած դեպքում ազգային իրավունքների ճանաչումն ու արդարության վերականգնումը պարտադրելը, ինչը, դժբախտաբար, դեռ երկար ժամանակ արդիական է լինելու։
Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ
Խուրշուդյան Լ., Հայկական հարցը. ծագումը, բովանդակությունը, պատմության հիմնական փուլերը, Եր., 1995:
Նախշքարյան Ա., Սրբազան խաչելություն, Եր., 2019։
Համացանցային նյութեր
1. http://www.lisbon5.com/02.html
2. https://www.yerkir.am/news/view/180967.html
«Դրօշակ», թիվ 7 (1641), հուլիս, 2020 թ.