Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը պետք է մշակվի և մեկ տարվա ընթացքում ներկայացվի ՀՀ անվտանգության խորհրդի քննարկմանը, այնուհետև՝ ՀՀ կառավարության հաստատմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետերի), ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈւ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։
«Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը դառնալու է հիմնարար փաստաթուղթ պետության անվտանգության քաղաքականության մշակման և իրականացման համար: Ինչո՞ւ ենք որոշել մշակել նոր ռազմավարություն. առաջին՝ գործող փաստաթուղթն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: Այն է՝ 2007-ից ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը՝ սրելով այդ երկրների միջև հարաբերությունները: Երրորդ՝ Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեր սահմանակից Իրանի առջև պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ են առաջադրվել, իսկ մերձավորարևելյան տարածաշրջանին վերաբերող հարցերը ենթարկվել են էական փոփոխության: Մեզ համար լրջագույն խնդիր է բացառել 2016-ի ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: ՀՀ-ի գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ Արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները՝ փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու` Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ պնդելով, որ նոր ռազմավարության հենասյունը լինելու է ՀՀ ԶՈւ-ն, որի կատարելագործման և մարտունակության բարձրացման համար բազմաշերտ ու բազմակողմանի քննարկումներ են ընթանում:
«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնելու ազգային անվտանգության հայեցակարգը, որը պիտի ներառի կառավարման համակարգի արդյունավետությունը և ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Համոզված ենք՝ մեր հզորությունը գալիս է ոչ միայն անվտանգության կառույցներից և տնտեսության կարողություններից, այլև մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից և երկրի հեղինակությունից»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նոր ռազմավարությունն իր բնույթով պետք է կարողանա արտացոլել պատմամշակութային այն մտածողությունը, որն ընկած է տվյալ պետության և ժողովրդի անցյալում, որ կարևոր է դիմակայելու կարողության զարգացումը, որը ենթադրում է ռազմական և ոչ ռազմական բնույթի մարտահրավերներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում արագ վերականգնելու բարձր կարողություն: «Դիմակայության ամրապնդումը հնարավորություն է տալիս վերահսկելու անվտանգային միջավայրի փոփոխման դինամիկան՝ արդյունավետ կերպով կանխելով շատ մարտահրավերներ, իսկ հարկ եղած պարագայում՝ արագ արձագանքման միջոցներ կիրառել: Ըստ այդմ՝ նոր ռազմավարությունը պիտի արտացոլի մեր երկրի անվտանգության միջավայրը, կանխատեսի դրա քաղաքական զարգացումները և ձևավորի ՀՀ-ի նպատակներն ու դրան հասնելու հիմնական ուղղությունները: Մեզ անհրաժեշտ է ձևավորել ճկուն, մեր երկրում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին արձագանքող փաստաթուղթ: Մենք պետք է մեր մտքի, կամքի և քաղաքականության շնորհիվ կարողանանք ճեղքել շրջապատումը: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում վկայակոչեց չինական ռազմական միտքը, արձանագրեց. «Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի»: Սա մեր ռազմավարական տեսլականն է»,- ամփոփեց Անվտանգության խորհրդի քարտուղարը: