Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը գալիք նախագահական ընտրություններում բավականին մեծ են այն առումով, որ սա նրա առաջին առաջադրումն է լինելու, եւ առկա բոլոր քաղաքական ֆիգուրների շրջանում (խոսքը նորահայտ նախագահացուներին չի վերաբերում, այլ հայտնի) նա ամենաթարմ քաղաքական դեմքն է. լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Բացի դրանից, ըստ բանախոսի, Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, եթե վերջինս անգամ առաջադրվելու որոշում կայացնի, չկան այն ելակետային նախադրյալները, որ նրանք ունեին 2008 թվականին: Այսինքն` հիմա, նրանք բացարձակապես նոր իմիջով են` հետընտրական` հաշվի առնելով 2008 թվականի ընտրությունների եւ հետընտրական զարգացումների ժամանակագրությունը:
Որպես երրորդ հիմք` Ստյոպա Սաֆարյանը նշեց այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ ընտրություններին մասնակցում էր ու պաշտպանում էր Սերժ Սարգսյանին: Բայց այս անգամ այդ քաղաքական գործիչն ու նրա գլխավորած քաղաքական ուժն իրենց ընտրազանգվածին ակնարկեցին, որ չընտրեն Սերժ Սարգսյանին:
«Բայց քանի որ ընտրությունենրի ժամանակ գործում է կեղծարար մեքենան, այս իրավիճակում, որքան էլ քաղաքագետներից շատերը կանխորոշում են, թե` վերջ, ամեն ինչ կանխորոշված է, եւ Սերժ Սարգսյանը միանշանակ ընտրված է, ես կարծում եմ, որ առնվազն երկրորդ փուլ է լինելու»,- համոզված է Ստյոպա Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության` միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը, ապա քաղաքական գործիչը նշեց, որ ԲՀԿ-ն, միանշանակ, ոչ ոքի չի սատարի` ըստ իրենց հայտարարածի, ՀՅԴ-ն` Սաֆարյանի կարծիքով, ավելի շատ հակված է, որ չի սատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Կոնգրեսն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ:
Այսինքն` «Ժառանգության» քարտուղարի դիտարկմամբ` բոլոր նախադրյալները կան կարծելու, որ միասնական թեկնածու, որպես այդպիսին, դասական օրինակով, չի լինելու: Բայց այդ առումով, երբ քաղաքական էլիտան չի որոշում, թե ով է լինելու միասնական թեկնածուն, ապա այդ դեպքում ժողովուրդն ինքն է որոշում, թե ով է լինելու իր համար միասնական թեկնածուի կերպարը:
Սաֆարյանի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանն էլ չի առաջադրվի որպես նախագահի թեկնածու, քանի որ նրա ամենամեծ հենարաններից մեկը հենց ԲՀԿ-ն կարող էր լինել, որն ընտրություններին ոչ ոքի չի սատարի` էլ ո՞ւմ վրա պետք է նա հենվի:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կվերաբաշխվի ԲՀԿ-ի ընտրազանգվածը, բանախոսն ասաց, որ այդ ընտրազանգվածի մի զգալի մասը բավականին նյութապաշտական զանգված է, որ ընտրությունների գնում է բարեգործության եւ այլնի ակնկալիքով: Հետաքրքիրն այն է, որ այդ հատվածը, որքան էլ որ ակնկալիքներ ուներ` փող վերցնելու, նախընտրում էր փող վերցնել ԲՀԿ-ից, բայց ոչ` ՀՀԿ-ից: Իսկ դա հետաքրքիր ֆենոմեն է:
Սաֆարյանը, նշելով, որ Գագիկ Ծառուկյանի ընդունած որոշումը վնաս էր ոչ միայն իրեն, այլեւ դրանով նա մի շարք խնդիրներ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական դաշտում, այնուամենայնիվ նշեց, թե դա տաղանդավոր որոշում էր` հաշվարկված եւ շատ ուժեղ, ու լուրջ մեսիջներ է ուղարկել Ծառուկյանն իր այդ որոշմամբ: