Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշ ազատական պատմաբաններ ի վերջո հանգեցին այն մտքին, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է: Դա կարող ենք մեկնաբանել նաև հետևյալ կերպ. մարդկայնության դեմ իրագործված այդ հանցագործությունը ինչ-որ ձևով Օսմանյան պետության վրա բարդելով` ժամանակակից հանրապետությանը մաքրել սույն ոճրի պատասխանատվությունից և այս «կեղտոտ գործից»:
Դա իրականում հնարավոր էր անել 1918 թ. զինադադարի (ի նկատի ունի 1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված զինադադարի մասին Մուդրոսի պայմանագիրը) և 1919 թ. մայիսի 19-ի (հենց այս ամսաթվին Մուստաֆա Քեմալը (հետագայում` Աթաթուրք) Ստամբուլից շարժվեց դեպի Սամսուն` այդպիսով առաջին կոնկրետ քայլն անելով ազգայնական շարժման ուղղությամբ) միջև ընկած ժամանակահատվածում: Օսմանյան խորհրդարանը հարցաքննություն էր սկսել դրա վերաբերյալ (1918 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին օսմանյան խորհրդարանի պատգամավորներից բաղկացած Հինգերորդ հանձնախումբը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների, այդ թվում` հայերի տեղահանության համար հարցաքննության է ենթարկել Առաջին աշխարհամարտի տարիներին կառավարած երկու վարչակազմերի նախարարներին և վարչապետ Սայիթ Հալիմ փաշային):
Մյուս կողմից պատերազմի տարիները բանտում և աքսորում անցկացրած, իսկ զինադադարի ժամանակաշրջանի կառավարություններում Մշակույթի (Հանրակրթության) և Ներքին գործերի նախարարը եղած Ալի Քեմալը, ավելի առաջ գնալով, Պոլսո հայոց պատրիարքարանի հարուցած դատական գործից հետո ստորագրել էր 1915 թ. ցեղասպանությունը փաստացիորեն կազմակերպած կասկածյալների ձերբակալման մասին որոշումը:
Փայլուն լրագրող եղած Ալի Քեմալը իր լրագրող ընկերների երիտթուրքերի կողմից սպանվելուց հետո երդվել էր մինչև վերջ պայքարել իթթիհադական մտայնության դեմ: Այն փաստը, որ երիտթուրքերն սկսել են ավելի հոծ կերպով մեկտեղվել Անկարայում, ավելի էր մտահոգում նրան` երկրի ապագայի առումով: Նրա կարծիքով` եթե իթթիհադականների արկածախնդիր քաղաքականությունը շարունակվեր, թուրքի համար հայրենիք ասված ոչ մի բան չէր մնա:
Ինչպես որ 2000-ականների երկրորդ կեսին ծավալված «քաոսի» ծրագրերը Հրանտ Դինքի սպանությամբ հասան գագաթնակետին, այդպես էլ պատահականություն չի եղել նաև որպես լրագրող` Մամլո թանգարանի «Մամուլի զոհեր» ցուցասրահում իր արժանի տեղը վաղուց գտած Ալի Քեմալի թիրախ ընտրվելը:
Հայոց ցեղասպանության գործով կասկածյալներին կալանավորելու համար «Արթին Քեմալ» կոչված Ալի Քեմալը օրվա կեսին առևանգվեց Բեյօղլուում (թաղամաս Ստամբուլում) և Իզմիթում Սաքալլը Նուրեդդին փաշայի հրամանով` դարձավ փողոցային ավազակախմբերի Լինչի դատաստանի զոհը:
Ստամբուլի ավանդական թուրքական թաղամասը եղած Սյուլեյմանիեում ծնված Ալի Քեմալը չանքըրըցի մոմագործների հսկիչ Բալմումջու Ահմեդ էֆենդու որդին էր: 1882 թ. ընդունվել է Դիվանագետների և քաղաքագետների դպրոց (Mekteb-i Mülkiye), որտեղ ուսանելու տարիներին ամսագիր է հրատարակել: Թեև նրա իրական անունը Ալի Ռըզա է եղել, սակայն քանի որ իր գրչին պատկանող հոդվածների և բանաստեղծությունների տակ «Ալի Քեմալ» է ստորագրել, ճանաչվել է այդ անվամբ: 1887 թ. գնացել է Ֆրանսիա` ֆրանսերենը խորացնելու նպատակով: Փարիզում կապեր է հաստատել Աբդուլ Համիդ Երկրորդի ընդդիմադիրների հետ: 1888 թ. գարնանը վերադարձել է Ստամբուլ: Թեև մի ուսանողական միություն է հիմնել (այս փաստը էական է` հեղափոխական երիտասարդական շարժման ծավալման տարեթվի առումով), սակայն այդ պատճառով 9 ամիս բանտարկվել է: Բանտից դուրս գալուց հետո 1889 թ. Հալեպում մի պաշտոնի է նշանակվել, որն իրականում աքսորվելու յուրօրինակ մի ձև էր: 1895 թ. փախել է Փարիզ, որտեղ թղթակցել է «Իքդամ» պարբերականին: Մասնակցել է երիտթուրքական շարժմանը: Միզանջը Մուրադի հետ միասին դուրս է եկել երիտթուրքական շարժումից: 1903 թ. Լոնդոնում ամուսնացել է մի անգլուհու հետ: Սահմանադրության հռչակումից կարճ ժամանակ անց 1908 թ. վերադարձել է Ստամբուլ և ստանձնել «Իքդամ» թերթի խմբագրի պաշտոնը: Դիվանագետների և քաղաքագետների դպրոցում դասավանդել է քաղաքական պատմություն, իսկ համալսարանում` օսմանյան պատմություն: Երբ մեկնարկել է կուսակցություններ հիմնելու գործընթացը, ընդգրկվել է առաջինն ստեղծված Ահրար կուսակցության շարքերում:
Ալի Քեմալը «Իքդամ»-ում հրապարակել է արդեն հեղինակավոր դարձող Միություն և ռաջադիմություն կուսակցությունը քննադատող հոդվածներ: Լիբերալիզմի հակված «Սերբեսթի» թերթի խմբագիր Հասան Ֆեհմի բեյի (Հասան Ֆեհմին Թուրքիայի պատմության մեջ համարվում է առաջին սպանված լրագրողը)` Գալաթայի կամրջի վրա սպանվելուց անմիջապես հետո Ալի Քեմալն ավելի խիստ հոդվածներ է հրապարակել երիտթուրքերի դեմ և իր դասախոսությունների միջոցով նրանց դեմ տրամադրել նաև իր ուսանողներին: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լոնդոն` մահվան սպառնալիքներ ստանալու պատճառով: Լոնդոնում մի ընդդիմադիր ամսագիր է հրատարակել, որը, սակայն, արգելվել է Թուրքիայում: Երբ 1912-ին իթթիհադականները հեռացել են իշխանությունից, վերադարձել է Ստամբուլ և վերստին որպես խմբագիր սկսել հրատարակել «Իքդամ» պարբերականը: Սակայն 6 ամիս հետո, երիտթուրքերի իրականացրած պետական հեղաշրջումից հետո Ալի Քեմալն աքսորվել է Վիեննա: 3 ամիս անց վերադարձել է Ստամբուլ և որոշ ժամանակ լուռ մնալուց հետո վերսկսել ընդդիմադիր գործունեությունը` «Փեյամ» թերթը հրատարակելով: Ճնշումների հետևանքով հարկադրված է եղել փակել «Փեյամը»:
Քանի որ Ալի Քեմալը Միություն և առաջադիմություն կուսակցության իշխանության տարիներին չի կարողացել լրագրությամբ զբաղվել, պատերազմի ժամանակ գումար է վաստակել ուսուցչություն անելով: Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, երբ երիտթուրքերի պարագլուխները գերմանացիների հետ արտասահման փախան` չդատվելու համար, Ալի Քեմալը նետվել է քաղաքականության մեջ: Նա դարձել է Ազատություն և համաձայնություն կուսակցության (Hürriyet ve İtilâf Partisi. Երիտթուրքերին ընդդիմադիր կուսակցություն, որը հալածվել էր պատերազմի տարիներին) գլխավոր քարտուղարը: Դամաթ Ֆերիթ փաշայի երկրորդ կառավարության ժամանակաշրջանում եղել է Ներքին գործերի նախարար: Հենց նրա պաշտոնավարման ընթացքում են ձերբակալվել «պատերազմական հանցագործության» մեջ կասկածվող` Միություն և առաջադիմություն կուսակցության առաջնորդները: Ալի Քեմալը, վարչակազմում առաջացած տարաձայնության պատճառով հրաժարական տալով, վերսկսել է «Փեյամ» թերթի հրատարակումը: Նա հոդվածներում շատ է անդրադարձել նաև հայկական տեղահանությանը (Հայոց ցեղասպանությանը): Ազգայնական շարժմանը մասնակից երիտթուրքերի վերաբերյալ քննադատական հոդվածներ հրատարակելու պատճառով արժանաել է շարժմանը կողմնակից ուսանողների բողոքին և թողել համալսարանում դասախոսական գործունեությունը: Ալի Քեմալը շարունակել է Ազգայնական շարժմանը դեմ արտահայտվել, քանի որ այն համարում էր երիտթուրքական շարժում: Սակայն 1922 թ. սեպտեմբերի 10-ին «Մեր նպատակները մեկն էին ու միակը» վերնագրով մի հոդված գրելով` նշել է, թե սխալվել է, բայց այդ հանգամանքը չի խոչընդոտել, որպեսզի նրա վերաբերյալ կայացված որոշումն ի կատար չածվի, այն է` առանց դատաստանի մահապատիժ:
Աշխարհում ցեղասպանության զոհերին տեր կանգնած` խիղճ ունեցող մարդկանց նվիրված արդարների այգում պետք է տեղ հատկացնել նաև Ալի Քեմալին: Անգամ նրա անունը պետք է տեղ գտնի Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Ցեղասպանության թանգարանում` Անատոլ Ֆրանսի, Արմին Վեգների, Մորգենթաուի անունների հետ մեկտեղ:
Ալի Քեմալը խիզախորեն թղթին էր հանձնում իր գաղափարներն ու քննադատությունները: Նա սկզբունքային և արդան անձնավորություն էր: Մինչև որ սեփական կյանքով հատուցեց դրա համար…
(1919 թ. հունվարի 28-ին Ալի Քեմալը «Սաբահ» օրաթերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրում էր. «4 կամ 5 տարի առաջ կատարվեցպատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր, մի հանցագործություն, որը սարսափ հարուցեց համայն աշխարհում: Եթե ուզում ենք պատկերացումտալ այդ ոճրագործության մասշտաբի և պայմանների մասին, ապա պետք է խոսենք ոչ թե 5-ից 10, այլ` 100 հազարավոր հանցագործների մասին: Արդեն բացահայտվել է, որ իրականում էլ այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումների հիմանվրա…»):
Ռագըփ Զարաքօլու
Թարգմանությունը և ծանոթագրությունները` Մելինե Անումյանի
Akunq.net