Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մեր գլխավոր դատախազի տերմինոլոգիան օգտագործեմ, ապա դատախազների պատճառաբանություններն ուղղակի զավեշտալի էին. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված նիստի ընթացքում իր խորհրդավոր ժպիտը:
«Միանշանակ անհիմն է, կոպիտ խախտումներով: Դեռևս անցյալ տարվանից այդ պրոցեսի տրամաբանությունը չեմ հասկանում: Այդպիսի խախտումները նման կերպ պաշտպանելը, մեղադրանքը ո'չ հաստատելու է, ո'չ հերքելու: Ուղղակի սա, նախորդ տարվանից սկսած, ինչ-որ իրավական տարբեր օրինական ու ոչ օրինական գործիքներով պարոն Քոչարյանին ճնշումների ենթարկելու տրամաբանության մեջ է տեղավորվում»,- մանրամասնեց նա` բացատրելով նաև, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանն ունի միջոցներ, բայց դրանք տնօրինել չի կարողանում:
Խուդոյանն ընդգծեց նաև, որ դեռևս որևէ առաջխաղացում չկա: «Մենք սպասում ենք, թե երբ է մեր դատական համակարգը դադարեցնելու իրավունքների կոպիտ խախտումը, կոնկրետ` երբ է ընդհանուր իրավասության դատարանը դատական նիստ նշանակելու. արդեն 1 ամիս անցել է, պետք է 1-2 օրում քններ, սպասում ենք` երբ է քննության առնվելու: Ինչքան պրոցեսը երկարում է, այնքան այդ խախտումները ճչացող են դառնում»,- կարծիք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է այսօրվա դատական նիստի հետ կապված իրենց ակնկալիքներին, փաստաբանը նշեց. «Կանխատեսել չենք կարող, բայց առնվազն դատարանի բոլոր հարցերը, որոնք, ինչպես ես էլ հայտարարեցի, մեր առարկությունների հիմքում էին ընկած, որոշակի տպավորություն ստեղծում են, որ դատարանն ամեն դեպքում տիրապետում է բոլոր անհրաժեշտ իրավական նորմերին և հասկանում է խախտումների բովանդակությունը: Դատարանի հարցերն ուղղված էին դատախազության դիրքորոշումը ճշտելուն: Տպավորությունը դրական է: Կարծում եմ` նման անհիմն բողոքը պետք է մերժվի»:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշմանը, որով դատական գործը պետք է ուղարկվի ՄԻԵԴ` դիրքորոշում ստանալու ակնկալիքով, ու խոսելով պատասխան ստանալու ժամկետների մասին, Խուդոյանը շեշտեց. «Տեղյակ եմ, որ ՍԴ-ն նման որոշում կայացրել է: Արդեն ուղարկել է, թե չի ուղարկել, ՄԻԵԴ-ում ստացվել է այդ որոշումը, թե` ոչ, չգիտեմ: Մեր իրավական համակարգում ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը ստանալու պրոցես է, նոր գործիք, որի ժամկետնը շատ ավելի կարճ է, եթե չեմ սխալվում 6-ամսյա ժամկետում պատասխանը պետք է գա»: