կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 19:05
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է՝ որն է ՀՀ-ի համար ԼՂ հարցում կարմիր գիծը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է՝ որն է ՀՀ-ի համար ԼՂ հարցում կարմիր գիծը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առումով` ՀՀ-ի սկզբունքային մոտեցումներն ու դիրքորոշումն ամրագրված են կառավարության փաստաթղթում, որում առկա հստակ տարրերից են բխում բոլոր հայտարարությունները: Այսօր «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այն է՝ ԼՂ խնդրի կարգավորում բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման: Մենք ներկայացրել ենք, որ մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն է: Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է լիարժեք ներգրավվածություն ունենա տևական ու իրական խաղաղ կարգավորման գործընթացում: Այսինքն՝ մեր դիրքորոշումն ունի երեք հիմնական ուղղություն` առաջին՝ բովանդակությունը, երկրորդ՝ միջավայրը, որում տեղի է ունենում ամբողջ գործընթացը, երրորդ՝ Արցախի լիարժեք ներգրավվածությունը: Արցախի ներգրավվածության մասով կարող եմ ասել, որ դա մեզ համար գործնական որոշում է, քանի որ Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է, ուստի պետք է ունենա ամրագրված և ամուր սեփականության զգացում այս գործընթացի նկատմամբ: Եթե իրապես ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- շեշտեց Նաղդալյանը՝ բացատրելով, որ խոսքը Արցախի ֆիզիկական անվտանգության մասին է, և կրկնեց, որ ՀՀ-ի բացարձակ գերակայությունն Արցախի անվտանգությունն է և դրանից բխող կարգավիճակը:
 
Ինչ վերաբերում է միջավայրին, ապա, ըստ նրա,  երբ կա հայատյացություն, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է գնալ բանակցությունների:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով «Դուշանբե պլյուս» եզրույթին, նախ  շեշտեց, որ Դուշանբեի անմիջական արդյունքն այն էր, որ հաստատվեց օպերատիվ կապ, որը ներառում էր միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմներ: «Իսկ վերջին էսկալացիան, որին մենք ականատես եղանք, մատնացույց արեց, որ պետք է առավել ամրապնդել այդ մեխանիզմները, ինչը ենթադրում է քայլերի ձեռնարկում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, այդ մասին պայմանավորվածություններ են եղել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»,- նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ  Հայաստանը երբեք չի հրաժարվի ռիսկերի կանխարգելման ու նվազեցման գործընթացներից:

ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ ասել է՝ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն մի քիչ թյուր են պատկերացումները, որ այդ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի զիջման կամ այնպիսի քայլերի, որոնք կվտանգեն Արցախի ֆիզիկական անվտանգությունը կամ ինքնորոշման իրավունքի իրացումը:

Հարցին՝  ինչպե՞ս կարող է որևէ լուծում ընդունելի լինել միաժամանակ  3 կողմի համար, և  ո՞րն է ՀՀ-ի համար կարմիր գիծը, Նաղդալյանը պատասխանեց. «Դա Արցախի ֆիզիկական անվտանգությունն է ու դրանից բխող կարգավիճակը, մնացածը դիվանագիտության հարց է: Արցախի կարգավիճակը Արցախի ժողովուրդը պետք է որոշի»:

Անդրադառնալով հումանիտար ծրագրերին՝ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ դրանք պետք է լինեն իրական ու արժանահավատ, ոչ թե` քարոզչական բնույթի:  Ըստ նրա՝ համանախագահների կողմից արվել են որոշակի առաջարկություններ, որոնք դեռեւս պետք է դիտարկման ենթարկվեն: