կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 17:55
Հասարակություն

Քաղաքացին զգում է, որ ոչ ոքի պետք չէ, ինքը ոչինչ է. Պարույր Հայրիկյան

Քաղաքացին զգում է, որ ոչ ոքի պետք չէ, ինքը ոչինչ է. Պարույր Հայրիկյան

Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ խոսք պետք է գնար ոչ թե նվազագույն աշխատավարձը մի քանի տոկոսով բարձրացնելու, այլ այն մի քանի անգամ բարձրացնելու մասին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա` եթե հեղափոխություն է տեղի ունեցել ու այդ հեղափոխությունը ստանում է նաև տնտեսական շեշտադրումներ, ապա աշխատավարձն ընդամենը 10-20 տոկոս բարձրացնելը ոչ միայն ձեռքբերում չէ, այլ կարող ենք տեղապտույտ համարել:

«Դա իմ մասնավոր կարծիքը չէ, ես առաջնորդվում եմ համամարդկային փորձառությամբ: Եվ հասկանում եմ, որ նման իրավիճակներում առաջընթացի խթանիչները պետք է լինեին բարոյահոգեբանական, ինչ-որ առումով` նաև պատմական ու իրավական հիմնավորմամբ: Պատմահոգեբանական ու քաղաքական խթանիչներ, ցավոք, չստեղծվեցին անկախության տարիներին: Հայաստանում չունեցանք ապրող հավաքականություն, Հայաստանն իր հիմնական տունը համարող քաղաքացիներ: Քաղաքացու նկատմամբ մեր արհամարհական, կամայական վերաբերմունքով ցույց տվեցինք, որ քաղաքացին ոչինչ չի նշանակում: Քաղաքացին էլ հասկացավ, որ ինքը ոչինչ է, հետևաբար` իրեն պետք է պահի որպես ոչինչ: Մենք հպարտանում ենք էգոիստական նկատառումներով ապրող սերնդով, որը միայն լավ սովորելու մասին է մտածում, ինչը ողջունելի է, բայց այդ ամենը չի շաղկապում նրան հայրենիքի հետ»,- նշեց Հայրիկյանը` ընդգծելով, որ նման պայմաններում բացակայում են ազգի զարգացման համար կարևոր բաները` պատմական հիմքի վրա ստեղծված բարոյահոգեբանական ընդհանրական արժեքներն ու քաղաքացուն արժևորող հանրությունը:

ԱԻՄ առաջնորդը հավելեց նաև, որ թեև Հայաստանը սոցիալիստական երկիր է, բայց մեզ մոտ աշխատանքային օրենսդրություն չի գործում, մարդիկ աշխատում են առանց հանգստի: Հետևաբար, ըստ նրա, բնական է, որ քաղաքացին զգում է, որ ոչ ոքի պետք չէ, ինքը ոչինչ է: ««Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով իշխանության եկածներն ասում էին, թե ուշադիր են լինելու քաղաքացու հանդեպ, գործնական քայլեր են կատարելու այդ ուղղությամբ, բայց այն, ինչ կատարվում է, դիմահարդարային քայլեր են: Այս իրավիճակում ավելի ընդգծելի է դառնում քաղաքացուն` ինչ-որ առումով իրավական հարդարանքի միջոցով երկրի տերը դարձնելու պահանջը: Իսկ դա անելու համար պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ անել, այլ Սահմանադրության մեջ ամրագրել»,- նշեց Հայրիկյանը` հավելելով, որ ՀՀ քաղաքացին պետք է դառնա գործոն, ու դա կարող է անել միմիայն Սահմանադրության միջոցով: