կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 11:59
Հասարակություն

Կարող ա էդ Փաշինյանը էս քոլի մարդ չի՞, չգիտի՞… Ինքը չի՞ տարել. Իջևանում երեկ ձերբակալվածների հարազատները մարզպետարանի առջև բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր Իջևան քաղաքում հուլիսի 17-ին ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվածների հարազատները հավաքվել են մարզպետարանի առջև:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով` իր որդին ոչ մի հանցանք չի կատարել, սակայն նրան ձերբակալել են: «Ի՞նչ ա հանցանքը... Մարդ են սպանե՞լ: Թող իրանց մարդասպաններին պահանջեն, իրանց մարդասպաններին դատ անեն: Դրանով իրանք ոչ մի բան չեն շահի, մեր անմեղ երեխանցը մեզ տան: Աշխատատեղ չկա, ջահել երեխեք են, մի աշխատատեղ ստեղծեն, մի գործարան բաց անեն: Ի՞նչ են ուզըմ: Մարդիկ ուզըմ են լավ ապրեն: Ոսկե ձկնիկի պատմությունն ա դառել,  լավ ապրել են ուզըմ... Մեր երեխեքն էլ գոյություն են պահըմ` վարկերի, պարտքերի տակ: Հլա սումկեն բաց անես, սաղ վարկերի թղթեր ա: Բախումներ… Խմած միլիցեքը եկել, ստեղ նստել են ու բախումը սկսել են…»,- ասաց նա:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Ոստիկանները եկել էին ճանապարհի բացելու համար: Հենց անմիջապես մեր դեպուտատը` Հայկ Ղալումյանը, ասում ա` երեք սուտկա ընդհանրապես էս միջազգային ճանապարհը չի բացվել, բայց դա սուտ ա: Մենք` ինքներս, մեր կամքով, մերթ ընդ մերթ, չեմ կարա ասեմ` քանի ժամը մեկ, բացել ենք: Եթե չբացվեր, ստեղ խցանում կլիներ: Իսկ հետո, երբ գիշերն եկել են, բոլորին հավաքել ու տարել: Ըստ նրա` մարդիկ ցանկանում են օրինական փաստաթուղթ ունենալ, օրինական աշխատել, բայց  պատգամավորն Օսիպյանին ներկայացրել է, թե «մարդիկ ուզում են նագլի ձևով մտնեն անտառ, ու անտառահատում տեղի ունենա»: Բողոքի ակցիայի մասնակիցը նաև հավելեց, որ գիշերը մտել են տները, ծեծել երեխաների աչքի առաջ ու ձեռնաշղթաներով տարել: «Էս ամբողջ Իջևանի մեջ, էն, ով որ օրվա ապրուստը հոգըմ ա, իրանց են տարել, էն, որ լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ բա իրանց չեն տարել»,- նշեց կինը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այս պահին Իջևանում ավելի քիչ մարդ կա, քան ոստիկանության զորք: «Սովոր ա ինքը` զորք տանելու, բիրիլու… Ով որ հրաման ա արձակել, նա գետինը մտնի»,- նշում են նրանք ու բարկանում. «Կարող ա էդ Փաշինյանը էս քոլի մարդ չի՞, չգիտի՞… Ինքը չի՞ տարել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից: Տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով  ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:  

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մանրամասն՝ Tert.am- ի տեսանյութում: