կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 12:19
Հասարակություն

Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որով կարգազանց վարորդներն ընդհանրապես կհեռացվեն երթևեկությունից

Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որով կարգազանց վարորդներն ընդհանրապես կհեռացվեն երթևեկությունից

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերի ողբերգական ավտովթարներին, որոնց հետևանքով ունեցանք զոհեր: «Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և ԱԺ-ի հետ պիտի քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցում կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ:

Վարչապետն անդրադարձավ նաև քաղաքացու կողմից խախտումներն արձանագրելու հնարավորությանը, որի տեխնիկական մասը պետք է դեռ քննարկվի: «ՀՀ-ում 2018-2019 թվականներին ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, և դա իր հերթին բերում է մարտահրավերներ, որոնց արձագանքը պետք է լինի հետևյալը՝ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, հայրենակիցների կյանքի, անվտանգության և առողջության մասին է: Պարո'ն Օսիպյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել և պատրաստվում եք ձեռնարկե, որ այս հարցում շոշափելի փոփոխություն լինի, մինչև օրենքի նախագիծը կընդունվի և ուժի մեջ կմտնի»,- ՀՀ ոստիկանապետին դիմեց Փաշինյանը:

Վալերիյ Օսիպյանը պատասխանեց, որ վարչապետի մտահոգությունները տեղին են և ներկայացրեց տարիներ առաջ տեղի ունեցած` հրդեհի բռնկմամբ և մահվան ելքով ավտովթարների դեպքեր: «Յուրաքանչյուր դեպք, հատկապես` այն վթարներ, որոնց հետևանքով զոհեր են լինում, ուսումնասիրություն ենք իրականացնում, բայց  մենք ֆիզիկապես չենք կարող այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում, կոնկրետ վերակարգեր ունենալ: Օրինակ՝ դեպքը տեղի է ունեցել կամրջի վրա, անթույլատրելի է այդտեղ վազանց անել, օրենքով չի թույլատրվում կայանել, անգամ, եթե մեքենան վնասված է կամ փչացել է, վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի հանել կամրջից: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անում ենք, իհարկե, չեմ բացառում, որ գործառույթների մեջ թերացումներ կան, բայց վերջին 10 տարում ՃՏՊ-ները միտում ունեն աճելու, դրա հետ մեկտեղ աճում է զոհերի և վիրավորների թիվը. 2018-ի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3312 վիրավոր: Ինչ վերաբերում է մեքենաների աննախադեպ հոսքին` 2017-ին ներկրվել է 38.000 տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73562, ընդ որում՝ 2018-ի առաջին կիսամյակում՝ 28954, իսկ 2019-ին վեց ամսվա ընթացքում արդեն ունենք պլյուս 25 262, այսինքն՝ ներկրվել է 54216 տրանսպորտային միջոց»,- մանրամասնեց ոստիկանապետը:

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորությունը, տեխզննության ձևական բնույթ կրող համակարգը: «Այսօր մարդիկ ուղղակի փայլեցնում են մեքենաներն արտաքնապես, բայց բոլոր մասերը հնամաշ են: Նախկինում տեխզննումը պարտադիր էր»,- հայտարարեց Օսիպյանը՝ հավելելով, որ, օրինակ, Դուբայում եթե անգամ անվադողը իդեալական վիճակում է, բայց ժամկետանց է, չեն թույլատրում օգտագործել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հիշեցրեց, որ Վրաստանի ավտոպատահարի դեպքով առկա էր գերբեռնվածության փաստ, ուստի առաջարկեց Վրաստան մեկնող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը ստուգել սահմանային անցակետեր մտնելուց առաջ, ինչպես մաքսավորներն են ստուգում` մաքսային և սահմանապահները` զուտ հատման մասով: