Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե, աղմուկը օրինաչափ է, պատահականություն չէ, որովհետև ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով օրերս Սևանա լճի շուրջ բարձրացած աղմուկին:
Բնապահպանի պնդմամբ` ստեղծված իրավիճակը արդյունք է այն բոլոր խնդիրների ակումուլյացիայի, որոնք տարիների ընթացքում բարձրաձայնվել են, բայց լուծում չեն գտել: «Մենք միշտ զգուշացրել ենք, որ եթե այսպես շարունակենք, կունենանք ճահիճ: Ակտիվ ճահճացում է գնում լճում»,- նշեց նա` հավելելով, որ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մանրամասնորեն ներկայացված են բոլոր վտանգները, այդ թվում` կլիմայի փոփոխությունը, քամիները: Այնուամենայնիվ, Դանիելյանի դիտարկմամբ, նախարարությունը չի նշել, որ Սևանը վերջին տարիներին ենթարկվել է բացասական բալանսի, ինչը նշանակում է` Սևանա լճի մակարդակը բարձրանալու փոխարեն անկում է ապրել:
Բնապահպանը, սակայն, նշում է` իրեն հիմնականում մեկ բան է անհանգստացնում` համակարգային ռազմավարական մոտեցում որևէ ոլորտի նկատմամբ չենք դրսևորում, հատկապես` էկոլոգիայի նկատմամբ: «Սպասում ենք, որ խնդիր պայթի, նոր հավաքվենք ու լուծենք»,- կարծիք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է լուծումներին, Դանիելյանը նախ խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մասին: «Մոտ 7 տարի առաջ Ռուսաստանի մասնագետները, որոնց մեջ հայտնի հայ մասնագետներ կային, դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին 3 լճերի հետ կապված, որոնցից մեկը Սևանն էր: Բայկալն ընդունեցին, Սևանը չընդունեցին, որովհետև լիճն այնպիսի վիճակում է, որ պետք է, համենայն դեպս, որոշ չափով կարգի բերել, հետո նոր կարողանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել»,- մանրամասնեց բանախոսը` ավելացնելով, որ իրենք հետագայում մտավորականների խորհրդի անունից են դիմել նախարարություն` խնդրով, որ պետք է կրկին փորձել դիմել ՅՈՒՆԵՍԿՕ, քանի որ դեռ 2011-2012 թթ. լճում բարելավում էր գնում:
Դանիելյանը վստահեցրեց նաև, որ լիճը, որպես կենդանի օրգանիզմ, արձագանքում է: «Եթե մակարդակը բարձրացնում ես, մոտավորապես մի տարվա ընթացքում լճի ջրի որակը սկսում է լավանալ, որովհետև ինքնամաքրման պրոցեսները սկսում են ակտիվանալ: Եթե ցածրացնում ես, լճից լրացուցիչ ջրառ ես իրականացնում, լիճը բացասական է արձագանքում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա բնապահպանը հիշեցնում է, որ դեռ «SOS Սևան»-ի ժամանակ ինքն առաջարկել էր շտապ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել` փորձագետների և ՀԿ-ների մասնակցությամբ: «Նմանատիպ հանձնաժողով գործել է 2008-2012թթ. և բավականին ակտիվ գործունեություն ծավալել ու բավականին օգուտ լճին տվել»,-նշեց փորձագետը:
Ըստ նրա` միևնույն ժամանակ, ափերի մաքրումից զատ, անհրաժեշտ է քննարկել, թե ինչ է պետք անել արդեն եղած ջրիմուռների հետ: «Լիճը օրհասային վիճակում է, իսկ, իմ խորին համոզմամբ, Աստված մի արասցե, եթե լճի փոխարեն մենք ճահիճ ունենանք, իսկ դա ճահճացման դրսևորում է, մենք Հայաստանը կկորցնենք»,- մտահոգվեց Դանիելյանը:
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, շարունակելով Կարինե Դանիելյանին, անդրադարձավ ներկայումս Սևանա լճի կանաչավուն գույնի պատճառներին: Նա պարզաբանեց, որ դա պայմանավորված է լճի ծաղկմամբ: «Պարզապես անցած տարվա ջրիմուռների ծաղկման մակարդակը հավասարվեց 1964թ. ծաղկման մակարդակին, երբ լիճը գտնվում էր էվտրոֆացման բուռն գործընթացի մեջ: Այսինքն` մեր ներդրած այդ միլիոնավոր միջոցներն ի չիք դարձան ընդամենը մի քանի միջոցառումներ չիրականացնելու պատճառով»,- ասաց նա:
Խոսելով խնդրի հիմնական լուծման մասին` Ղուկասյանը նշեց, որ անհրաժեշտ է մաքրման կայանները գործարկել: «Որքան էլ խոսում են այն մասին, որ 14 խոշոր կազմակերպություններ տեղադրել են իրենց մաքրման կայանները, որքան էլ խոսվում է, որ 3 խոշոր քաղաքների համար մաքրման կայաններ են կառուցված… Իհարկե, այդ մաքրման կայանները, որոնք կառուցված են քաղաքներից հետո, մեխանիկական կոշտ կենցաղային աղբից մասամբ մաքրում են լիճը, սակայն դա լուծում չէ: Եթե չկա քիմիական և կենսաբանական մաքրում, բնականաբար, կա լրացուցիչ կենսածին տարրերի հոսք, ինչպես նաև մակարդակի տատանում և ջերմաստիճանի բարձրացում, որի արդյունքում հիպոլինիումի սահմանները գնալով կրճատվում են, և հատակի տիղմն էլ է մտնում շրջանառության մեջ: Նշանակում է`մենք գնալով պետք է ունենանք ավելի վատ իրավիճակ»,- ընդգծեց մասնագետը` միաժամանակ կարևորելով այն փաստը, որ պետք է ժամ առաջ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման համար:
Ղուկասյանին այլ հարց ևս հուզում և բարկացնում է: «Մենք անընդհատ հույսներս դնում ենք միջազգային կառույցների վրա: Իսկ մենք ի՞նչ պետք է անենք: Մենք` որպես ազգային պարկ, այդ կարգավիճակում ի՞նչ ենք արել լճի համար: Կառուցել ենք չգործող մաքրման կայաններ, չենք կարող պայքարել որսագողության դեմ, չենք կարող մաքրել մեր տարածքները, չունենք օրինական աղբավայրեր: Ի վերջո, մեր աշխատելու ժամանակը ե՞րբ է գալու»,- վրդովված ասաց նա` նշելով, որ մեզ մոտ հնարավոր կլինի կիրառել ճապոնացիների մշակած մեթոդները մի քանի ձևափոխումներ իրականացնելուց հետո:
«Մենք դիմել ենք և՛ բնապահպանության նախարարությանը, և՛ գիտության ու կրթության նախարարությանը` ստեղծելու մի մոդել, որը հնարավորություն կտա մասամբ հավաքելու այդ ջրիմուռները` չվնասելով լճին, որովհետև, սովորաբար, ծաղկման երևույթները սկսվում են ծանծաղ տարածքներից, կուտակումները լինում են լճախորշերում: Մաքրել այդ մասերը` նշանակում է մաքրել մեծ քանակի օրգանական նյութ, որը հետագայում քայքայվելով մտնելու է շրջանառության մեջ և ավելի է ակտիվացնելու այդ ծաղկման ու, ընդհանրապես, էվտրոֆացման երևույթը»,- տեղեկացրեց Ղուկասյանը:
Անդրադառնալով լճի ծաղկման հետևանքով երևան եկող վտանգներին` ԳԱԱ հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ֆիտոպլանկտոնի մասնագետ Լուսինե Համբարյանը մանրամասնեց. «Անցյալ տարի մենք ունեցել ենք լայնամասշտաբ ու ծավալուն ծաղկում, ինչը գնահատվեց` ըստ կենսազանգվածի ցուցանիշի, այսինքն` մոտ 66 գրամ 1 լիտրում կուտակված զանգվածի հիպերէվտրոֆ վիճակը: Անցյալ տարի բացահայտված վիճակը, որը ծաղկում էր առաջացրել, նույնպես այս տարի ակտիվացել է, և հունիսից հուլիս ընկած այս ժամանակահատվածը պայմանավորված է անաբենա ֆլոս ակվա տոքսինի գերզարգացումով, այսինքն`միկրոջրիմուռների գերզարգացումով: Մարդիկ, որ հիմա գտնվում են Սևանա լճում կամ ափերին, կարող են արձանագրել քայքայված ու կուտակված այդ զանգվածի տհաճ հոտը, բավականին գորշ կուտակումները»,- պարզաբանեց մասնագետը` տեղեկացնելով նաև, որ այս տարի իրենք փորձել են քայլ առաջ անել իրենց հետազոտությունների մեջ` ներկայացնելով Սևանա լճի ջրի մանրակրկիտ հետազոտության արդյունքները:
Նրա խոսքով` ջրի մեջ կան կուտակված թունավոր նյութեր`տոքսիններ, որոնք շատ կայուն միացություններ են, այսինքն` դրանք, ամբողջ ծաղկման ընթացքում քայքայվելով, ջուրը վարակում են տոքսիններով:
«Եթե ջուրը վիզուալ մաքրվել է, դա դեռ չի նշանակում, որ էկոհամակարգն ամբողջությամբ ազատվեց տոքսիններից և ծաղկած ջրիմուռների կենսազանգվածից: Ուղղակի այդ պրոցեսներն ավելի աննկատ են, մասնագետները կարող են արձանագրել: Եվ մեկ կարևոր բան` ծաղկում առաջացնող անաբենա տեսակը հատուկ կառուցվածք ունի, այն գտնվելով ջրային շերտի մակերևույթին` ֆիքսում է մթնոլորտային ազոտն ու, հետագայում քայքայվելով, բացի տոքսինների արտանետումից, նաև ազոտի լրացուցիչ քանակություն է վերադարձնում էկոհամակարգին, ինչը կարող ենք համարել երկրորդական ազտոտվածության ցուցանիշ»,- բացատրեց Համբարյանը` միաժամանակ դիմելով ազգային պարկի տարածքում բնակվող քաղաքացիներին. «Լճի պահպանման առաջնային խնդիրը պետք է նրանցը լինի: Եթե էկոհամակարգը գտնվում է ծայրահեղ աղտոտված ծաղկման շրջանում, նրանք են տուժում: Եթե մաքուր լինի, նրանք են շահելու»:
Խոսելով ստեղծված իրավիճակի համար մեղավորների կամ պատասխանատուների մասին` Կարինե Դանիելյանը կոնկրետ որևէ մեկին չառանձնացրեց: «Ես կասեի` բոլորս ենք մեղավոր` սկսած այն բնակչից, որն ապրում է Սևան լցվող գետերի ափին և որպես կոյուղի է նայում գետին, մինչև ամենաբարձր մակարդակը, որտեղ խնդիրների համար ռազմավարական մոտեցում չկա: Իրավիճակային մոտեցում ունենք, այ, դա է խնդիրը»,- տեսակետ հայտնեց նա:
Էվելինա Ղուկասյանի պնդմամբ էլ` այս ամենը գալիս է պատասխանատվության պակասից: «Մենակ այն փաստը, որ անընդհատ նախարարներ ենք փոխում… Այսօր ես հարց եմ բարձրացնում և պարզվում է` իմ հարցի պատասխանը պիտի տար նախորդ նախարարը: Այսօր եկածը ասում է` ես ընդամենը մի քանի ամիս եմ աշխատում: Ես հասկանում եմ` պայմանավորված է քաղաքական նկատառումներով, բայց, ի վերջո, պետք է ընտրությունը կատարել ոչ թե կախված քաղաքական հայացքներից, այլ ելնելով մասնագիտական փորձառություններից»,- եզրափակեց նա: