կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 11:35
Տնտեսական

Շարժայի էմիրության պատվիրակության հետ քննարկվել է օդային կանոնավոր փոխադրումների հարցը

Շարժայի էմիրության պատվիրակության հետ քննարկվել է օդային կանոնավոր փոխադրումների հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից  հայտնում են, որ նախարարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի երկկողմ առևտրատնտեսկան կապերի խորացման տեսանկյունից։

«ԱՄԷ-ն և Շարժան այնպիսի արտահանման ուղղություն է, որտեղ մենք կարող ենք ցուցադրել մեր համեմատական մրցակցային առաջարկը։ Թե՛ գյուղատնտեսական արտադրանքի առաջարկով և թե՛ տարբեր արդյունաբերական արտադրատեսակներով, որոնք կարող են հետաքրքիր լինել ԱՄԷ-ի և Շարժայի սպառողներին։ Մեր տնտեսության մեջ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ նոր ներդրումների և ինովացիոն տեխնոլոգիական զարգացման շնորհիվ կարող են ձևավորվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և ձեռնարկություններ», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ հանդիպմանը նախարարության պատվիրակության կազմն արտացոլում է հենց այն հնարավորությունները, որոնք առկա են էմիրաթական կողմի հետ՝ հավելելով, որ այցի նպատակը առևտրային պորտֆելի մեծացման գործնական քայլերը և երկկողմ հետաքրքություն ներկայացնող տնտեսական հնարավորություններն են:

«Հայաստանը նոր երկիր չէ մեզ համար, Հայաստանը մեր բարեկամ երկիր է, և մենք ցանկանում ենք խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը»,- ավելացրել է նա։

Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտին․ նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրերը և մոտեցումները, որոնք միտված են առավել արտադրողական, ժամանակակից և որակյալ գյուղատնտեսություն ունենալուն։

Կողմերը, որպես համագործակցության կարևոր ուղղություն, առանձնացրել են զբոսաշրջությունը, նշելով, որ այն թույլ է տալիս փոխադարձաբար խորացնել գիտելիքներն ու պատկերացումները թե՛ մշակույթի և թե՛ տնտեսական հնարավարությունների մասին։ Քննարկվել են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներում իրականացվելիք ներդրումների հեռանկարները։

Ընդգծվել է առկա օդային կանոնավոր փոխադրումների, երկու երկրներում փոխադարձ բարձր հետաքրքրության կարևորությունը՝ որպես զբոսաշրջության ոլորտում ցուցանիշների առաջանցիկ աճի հիմք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ վիճակագրական սեգմենտային տեղեկատվությամբ, որը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում մեծացնել զբոսաշրջային այցելությունների ծավալը։ Կարևորվել է նաև զբոսաշրջիկների նախընտրությունների մասին տեղեկավության փոխանակումը։