կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 15:04
Տարածաշրջան

Չնայած ԱՄՆ-ի կողմից ճնշման ուժեղացմանը` Իրանը սկզբունքային զիջումների չի գնա. Սաֆրաստյան

Չնայած ԱՄՆ-ի կողմից ճնշման ուժեղացմանը` Իրանը սկզբունքային զիջումների չի գնա. Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը տարածաշրջանային լարվածության մակարդակի աճ է արձանագրում, ինչը, ըստ նրա, առաջին հերթին պայմանավորված է ԱՄՆ-Իրան թեժ հակամարտությամբ, իհարկե, կան նաև ազդող այլ գործընթացներ: 

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ներկայիս փուլում փորձում է հնարավորինս ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, մեկուսացնել նրան տարածաշրջանում և աշխարհում: Այս խնդիրը իրականացնում են և՛ Պոմպեոն, և՛ Բոլթոնը, որոնք հայտնի են իրենց հակաիրանական դիրքորոշմամբ: Մոտակա օրերին նրանք նախատեսում են կազմակերպել այց Մերձավոր Արևելք և եվրոպական մի շարք երկրներ՝ ուժեղացնելու համար Իրանի վրա ճնշումը: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ճնշումներն Իրանի վրա արդյունքի չեն հանգեցնում: Ենթադրելի է, որ այս դեպքում ևս Իրանը կշարունակի պահպանել իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սաֆրաստյանը:

Ըստ նրա՝ հիմնական պատճառը, որ ամերիկացիները ուժեղ ճնշում են գործադրում Իրանի վրա, մի կողմից Իրանի արտաքին ինքնուրույն քաղաքականությունն է, մյուս կողմից` հանգամանքը, որ վերջին տարիներին Իրանը կտրուկ ուժեղացրել է Մերձավոր Արևելքում իր դիրքերը, ազդեցության ոլորտը, որի մեջ մտնում են Իրաքի զգալի հատվածը, Սիրիան, ինչպես նաև, «Հըզբոլլահ»-ի միջոցով, Լիբանանի  զգալի մասը: «Իրանի այս ուժեղացումն աննախադեպ է, եթե սրան ավելացնենք նաև Իրանի ազդեցությունը Պարսից ծոցի և արաբական երկրներում, ապա պարզ է՝ Իրանը լուրջ գործոն է դարձել Մերձավոր Արևելքում, ինչը, բնականաբար, ԱՄՆ-ին դուր չի կարող գալ: Ես չեմ կարծում, որ Իրանը կգնա երևացող զիջումների, մյուս կողմից՝ ԱՄՆ-ը դեռ չի հասել այն կարմիր գծին, որից հետո ռազմական գործողություններ կսկսվեն: Կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ կշարունակվի Իրանի վրա ճնշման ուժեղացումը. հենց այսօր Թրամփը պիտի հայտարարի նոր պատժամիջոցների մասին, ինչը տնտեսական առումով բավականին լուրջ է, սակայն, միևնույն է, Իրանի ղեկավարությունը սկզբունքային զիջումների չի գնա»,- ընդգծեց արևելագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դեռևս չերևացող, սակայն ուժեղանում է լարվածությունը նաև Սիրիայում, երբ մի պահ թվում էր, թե հանգուցալուծումը մոտ է, որ Ասադի կառավարությունն իր աջակիցների օգնությամբ հասել է վերջնական հաղթանակի: Գուցե, ընդհանուր առմամբ, այդպես է, սակայն, ըստ արևելագետի, Իդլիբի նահանգը շարունակում է մնալ որպես հակակառավարական մեծ տարածաշրջան: «Վերջին շրջանի ճնշումները բացատրվում են նրանով, որ Թուրքիան որոշում է ընդունել ուժեղացնել աջակցությունն Իդլիբում գործող հակակառավարական տարբեր խմբավորումներին, այդ թվում՝ ծայրահեղականներին: Այսինքն՝ Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական միջամտությունը Սիրիայում, նա որոշ ժամանակով հետաձգեց երրորդ հարձակումը Հյուսիսային Սիրիայում, բայց փոխարենը ուժեղացնում է զենքի մատակարարումը Իդլիբում գործող հակակառավարական խմբավորումներին: Եվ սա բացահայտորեն հակասում է այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի հետ: Էրդողանը խաղում է այն հանգամանքի վրա, որ ռուսները ներկայիս փուլում շահագրգռված են Թուրքիայի հետ հարաբերությունները չսրել, քանի որ ընթացքի մեջ է Ս-400-ի հետ կապված գործարքը, իսկ դա միլիարդներ է բերելու ռուսական բյուջե, ուստի ռուսները բացահայտորեն չեն բողոքում և ընդվզում թուրքական այս գործողությունների դեմ»,- մանրամասնեց թուրքագետը:

Անդրադառնալով ռուս-վրացական լարվածությանը` Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց, որ այստեղ վտանգ կա ՀՀ-ի համար, քանի որ որոշակի փուլում Լարսի անցակետում կարող են ռուսական կողմից սահմանափակումներ դրվեն: