Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց` արդյո՞ք բանկերի սև ցուցակները «կբեռնաթափվեն» գյուղացիական տնտեսությունների համար: «Գյուղացիական տնտեսությունում ընդգրկված աշխատակիցները, որոնք վարկերի կարիք ունեն, որպեսզի տնտեսություն զարգացնեն, խնդիրներ ունեն վարկ ներգրավելու հարցում, քանի որ տարիներ շարունակ սև ցուցակում են վարկերը ուշացնելու պատճառով»,- ասաց նա:
Գևորգյանն արձագանքեց, որ այդ ուղղությամբ որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են: «Բայց պետք է ուշադիր լինենք` եթե այդ վարկերը ներդրվել են գյուղատնտեսության մեջ, հասկանալի է, բայց եթե ոչ նպատակային են օգտագործվել, արդյո՞ք պետք է գնանք զիջումների»,- ասաց նա:
Գևորգյանը նաև հավելեց, որ 3-ից 10 միլիոնով վարկերի ծրագիրը շարունակվելու է, և ավելի մեծ ծավալ են տրամադրելու ծրագրին: «Որովհետև փորձը ցույց տվեց, որ 2017-ին միջին վարկային պորտֆելը 4, 2 մլն էր, 2018-ին` 5 մլն, և նպատակային օգտագործումն աննախադեպ բարձր է եղել, իսկ դա նշանակում է, որ գյուղատնտեսության եկամտաբերությունն աճել է. հոկտեմբերին 16 միլիարդի կարգի վարկ էր տրամադրվել»,- ասաց նա:
Բագրատյանը նաև հետաքրքրվեց` ե՞րբ են ծրագրում գյուղացիական տնտեսությունների ապահովագրման ծրագիր ներդնել: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ապահովագրության հարցը պիլոտային ծրագրով իրականացվելու է 2019-ի առաջին երկու ամիսներին: «Ծրագիրը կվերաբերի մեկ կամ երկու մշակաբույսի` մեկ կամ երկու մարզում: Վերջնաժամկետ սահմանել ենք 2019-ին, որպեսզի գյուղատնտեսական սեզոնը սկսելուց առաջ ապահովագրական փաթեթը վաճառենք, որի 65%-ը կլինի պետական սուբսիդավորմամբ»,- ասաց Գևորգյանը: