կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 21:48
Արցախ

ՀՅԴ առաջնահերթությունը տալիս է Արցախի պաշտպանության, անվտանգության համակարգի ուժեղացմանը

ՀՅԴ առաջնահերթությունը տալիս է Արցախի պաշտպանության, անվտանգության համակարգի ուժեղացմանը

Մարտի 16-ին ՀՅԴ նախընտրական հանդիպումները Մարտոնու շրջանում էին: Դաշնակցության կողմից ներկայացված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և պատգամավորության թեկնածուներ Արթուր Մոսիյանն ու Վահրամ Բալայանը ՀՅԴ նախընտրական ծրագիրը ներկայացրել են Հերհեր, Շեխեր, Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղի բնակիչներին:

Վահրամ Բալայանն իր խոսքում կարևորել է առաջիկայում կայանալիք ընտրությունները ոչ միայն նրա համար, որ իշխանության նոր մարմիններ են ընտրվելու, այլ նաև այն տեսանկյունից, որ երկրի արտաքին և ներքին կյանքի հետ կապված բավականին բարդ ժամանակահատված ենք ապրում:

«150 000 ազգաբնակչությամբ երկրում 27 կուսակցություն, նախագահի 14 թեկնածու կա: Սա բավականին անբնական է: Արցախում ապրողների համար միշտ էլ կարևոր է եղել միասնակությունը, որովհետև դրանով ենք մենք հաղթել պատերազմում, ապրել այս հողի վրա: Այսօր վտանգավոր է ժողովրդին բաժանելը»,- նշել է Վահրամ Բալայանը:

 ԱՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով պետք է վաստակել ժողովրդին առաջնորդելու իրավունքը. «Մարդը, ինչպես նաև քաղաքական ուժը մեկ կենսագրություն է ունենում, չի կարող լավ լինել, հետո վատանալ կամ հակառակը: Ժողովուրդը պետք է իր վստահության քվեն տա այն քաղաքական ուժին, որն ունի կենսագրություն, գաղափարախոսություն և երկիրն առաջ տանելու վճռականություն: Դաշնակցությունն այս առումով պարզերես է: Դաշնակցությունը ստեղծվել է ժողովրդի պատվերով, ժողովրդի ցանկությամբ՝ ունենալով մեկ առաքելություն գլխավորել ժողովրդի ազգային ազատագրական պայքարը և վերակերտել հայոց պետականությունը: Եվ Դաշնակցությունը պատվով կատարեց իր առաքելությունը ու այսօր էլ շարունակում է ծառայել ժողովրդին»:

Անդրադառնալով Դաշնակցության առաջադրած նախագաի թեկնածուին, Վահրամ Բալայանը նշել է, որ Դավիթ Իշխանյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է առաջնորդել ժողովրդին: «Նա ռազմական, պետական, քաղաքական գործիչ է, եղել է մեր ազգային ազատագրական պատերազմի ակունքներում, աշխատել է հայրենի գյուղի դպրոցի տնօրեն, համայանքապետ, Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: Նա կարող է որոշում կայացնել և այդ որոշումը կյանքում իրականացնել: Դուք կարող եք վստահ լինել, որ երկրի ղեկը գտնվում է մի մարդու և քաղաքական ուժի ձեռքին, որը միայն ու միայն բարիք կբերի»,- ասել է Վահրամ Բալայանը:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Դաշնակցության ծրագրային հիմնադրույթները ճշգրտվել են անցած 130 տարիների ընթացքում: 130 տարիների ընթացքում ՀՅԴ ռազմավարական նպատակներն ու սկզբունքները մնացել են գրեթե նույնը, փոխվել են միայն մարտավարական խնդիրները:

Եվ իր ծրագրային հիմնադրույթներին հավատարիմ՝ ՀՅԴ առաջնահերթությունը տալիս է Արցախի պաշտպանության, անվտանգության համակարգի ուժեղացմանը:

Խոսելով ՀՀ հետ վերամիավորման մասին, Դավիթ Իշխանյանը այդ ճանապարհին առանձնացրել է ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը երկու սուբյեկտների՝ ՀՀ և ԱՀ միջև: 15 տարուց ավելի Դաշնակցությունը սա փորձում է դարձնել իրականություն: «Մեզ այս փաստաթուղթն անհրաժեշտ է արտաքին քաղաքականության և պաշտապանության բնագավառում լուրջ առաջընթաց կկատարելու առումով, որի շնորհիվ նաև մի աստիճան կմոտենաք վերամիավորման գաղափարին»,- իր ելույթում ասել է Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ ներկայացուցիչները պարզաբանել են նաև թոշակների և աշխատավարձերի բարձրացման, ՀԷԿ-երի կառուցման, ասֆալտապատման, բջջային կապի երկրորդ օպերատորի մուտքի մասին ՀՅԴ տեսակետները: