կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 03:08
Քաղաքական

Հայաստանը զիջումների չի գնա

Հայաստանը զիջումների չի գնա

Ադրբեջանի սպառնալիքները կարող են պարզապես բանակցային գործընթացի դեմ նրա անհամաձայնության անուղղակի դրսեւորումը լինել. այսօր նման տեսակետ հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա` Ադրբեջանի պարագայում կարգավորում ասվածը նույնանում է 88-ի իրողությունների հետ, հետեւաբար ռազմական հետորաբանությունը ձեւ է` աշխարհի հզորներին ցույց տալու, որ իրենք գոհ չեն այն ընթացքից, որում գտնվում են բանակցությունները:

Դավիթ Ջամալյանը համոզված է, որ Ադրբեջանը լայնածավալ գործողությունների պատրաստ չէ, բայց նրա կողմից չափավոր լարվածություն ստեղծելու քաղաքականությունը կշարունակվի, որովհետեւ ադրբեջանցիները կարծում են, թե այդ կերպ կարող են Հայաստանից զիջումներ կորզել:

«Ադրբեջանական հասարակությունը հայերի հանդեպ տոտալ ատելությամբ է լցված, բայց մի բան է ատելությամբ համակված լինել, մի այլ բան` պատերազմի պատրաստ լինել, անընդհատ զոհերի, կորուստների մասին տեղեկություններ ստանալ: Եթե մենք կարողանանք մեր համարժեք պատասխանի շնորհիվ ադրբեջանական հասարակության մոտ պահանջ ձեւավորել, որ ալիեւյան կլանը չգնա սադրանքների, սա արդեն հաջողություն կլինի»,- նշեց փորձագետը` շեշտելով, որ Ադրբեջանի ներսում ավելի հանգիստ են նայում այս գործողություններին, քանի որ հասկանում են` դա ավելի շատ շանտաժ է, քան պատերազմ սկսելու իրական հնարավորություն:

Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` «որեւէ ռեալ մեխանիզմ` զսպելու շփման գոտու միջադեպերը, գոյություն չունի, նույնիսկ եթե ապագայում այդ գոտում խաղաղապահ ուժեր լինեն կամ չլինեն»:

«Նախագահների մակարդակով հանդիպումն ավելի շատ բարձր մակարդակով խնդիրը զսպելու մի տարբերակ է, բայց միջադեպերը կշարունակվեն նույնիսկ այն ժամանակ, երբ լինի, ասենք, Ռուսաստանի նախագահի կամ համանախագահների միջնորդությունը: Ոչ ոք մեզանից շատ շահագրգռված չէ շփման գոտում պահպանել խաղաղություն, իսկ խաղաղություն պահպանում են հենց մեր վարած զսպման քաղաքականությամբ»,- նշեց քաղաքագետը:

Նա նաեւ համոզված է, որ սպառնալիքները կարող են բերել ոչ թե զիջումների, այլ պատերազմի: «Պատերազմի սպառնալիքի տակ Հայաստանի կամ ԼՂՀ իշխանությունները չեն պատրաստվում ինքնասպան լինել, եւ ոչ ոք չի պատրաստվում միակողմանի զիջումների գնալ»,- ասաց Ս. Մինասյանը: