կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 15:33
Քաղաքական

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան ոչ ֆորմալ հանդիպում, ինչ-որ բաներ են քննարկվել. վերլուծաբան

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան ոչ ֆորմալ հանդիպում, ինչ-որ բաներ են քննարկվել. վերլուծաբան

ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք «իզմ»-երը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում․ սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն, և մենք մեր անելիքները ձևակերպում ենք` ըստ այդ բարձրագույն ինստիտուտների զարգացման շահերի»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այս առնչությամբ նախ նշեց, որ քաղաքագիտության մեջ չկա «քաղաքացիական կուսակցություն» դասակարգում, և որ Նիկոլ Փաշինյանը դա ասել է` իր գործելաոճից չհեռանալով, այն է՝ սիրում է անորոշություններ թողնել:

«Երբեք իր վրա միանձնյա  պատասխանատվություն չի վերցնում: Այսինքն՝ միանձնյա իշխում է, բայց միանձնյա պատասխանատվություն  գերադասում է չվերցնել՝ փորձելով այն բաժանել թիմակիցների միջև կամ գցել հասարակության ինչ-որ զանգվածների վրա: Երկրորդ՝ երբ ասում  է, թե մենք ո'չ այն ենք, ո'չ` այն, սա արվում է պահպանելու մանևրելու աստիճանը, ինչպես մնացած դեպքերում, այսինքն՝ ժամանակ շահելու: Իսկ այդ ժամանակը պետք է կողմնորոշվելու համար, թե աշխարհը որ ուղղությամբ է շարժվելու: Մեկ տարի հետո ԱՄՆ-ում տեղի են ունենալու  նախագահական ընտրություններ, և այն պայքարը, որ վերջին 7-8 տարում տեղի է ունենում համաշխարհային էլիտաների միջև կամ լիբերալիզմի և նեոկոնսերվատիզմի, այս անգամ գուցե վճռական լինի: Եվրախորհրդարանի ընտրություններում մենք տեսանք, որ  լիբերալիստական թևը պարտություն կրեց, այսինքն՝ լիբերալիզմից շատերը հրաժարվում են, այն նահանջ է ապրում: Այս տեսակետից շատերին ձեռք է տալիս քողարկել լիբերալիզմը, ուստի Նիկոլ Փաշինյանը փորձում է նման անորոշությամբ չհստակեցնել, թե որ ուղղությամբ է գնում»,- մանրամասնեց վերլուծաբանը: 

Վիգեն Հակոբյանը միևնույն ժամանակ ասաց, որ ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը լիբերալիզմի դրսևորում է, որը հատկապես ակներև է տնտեսության մեջ, որի հիմքը ազատ շուկայական հարաբերություններն են, երբ շուկան ինքը պետք է կարգավորի ամեն ինչ, ներդրողը ինքը պետք է որոշի, թե որ ոլորտում պիտի ներդրում կատարի, պետության ֆունկցիան միայն պայմաններ ստեղծելն է: «Սա դասական լիբերալիզմի օրինակ է, երբեմն՝ վայրի լիբերալիզմի, որն արդի էր 1990-ականներին հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի  երկրներում, բայց այդ մոդելը հիմա չի կիրառվում: Ավելին` 1990-ականներին ՀՀ-ում այդ քաղաքականությունն իրականացնողներն այսօր քննադատում են իշխանություններին հենց դրա համար»,- ընդգծեց վերլուծաբանը:

Անդրադառնալով ՀՀ-Արցախի իշխանություններ հակասությանը` նա նշեց, որ ամենավատն այն էր, որ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ-որ տարաձայնություններ կան Արցախի հարցում: «Եթե մինչ այդ թվում էր՝ ամենավատն այն է, որ թիմ-թիմ են խաղում, հներ-նորեր-կիսանորեր, այսինքն՝ ներքաղաքական խնդիր է, այդ հայտարարությունից հետո հասկացանք, որ կա ինչ-որ կոնցեպցիա, որը ներկայացվել է և Արցախի իշխանությունների սրտով չէ: Սա է ամենավտանգավորը, ոչ թե` ով ում հետ է պարում, Քոչարյանին աջակցում են, թե` ոչ: Եթե կա կոնցեպցիա, որը չի ընդունվում Արցախում, այստեղ է հարցեր առաջանում՝ ի՞նչ կոնցեպցիա է, որը չի բավարարում Արցախին»,- ասաց Հակոբյանը:

Լրագրողները հիշեցրին Փաշինյանի ասածը, թե` «ԼՂ-ի և ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ։ Պարզվել է,  որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ, էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում»:

Վերլուծաբանն արձագանքեց. «Փաստորեն, իրականում այնքան էլ համակարծիք չեն: Եթե իրար հետ խոսում են, բայց որևէ մեկը հստակ չի ասում, ուրեմն՝ անվստահության էլեմենտներ կան, որ փակ հանդիպմանը չի ասվում, բայց որը, ըստ Փաշինյանի, արտացոլվում է գրառումներում»:

Հակոբյանն ասաց, որ, իր տեղեկություններով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան ոչ ֆորմալ հանդիպում, ինչ-որ բաներ են քննարկվել: