կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 22:56
Տնտեսական

Կթանկանա՞ գազը 36 տոկոսով․ Մոսկվան ռեակցիա է տալիս Փաշինյանի քաղաքականությանը՝ վստահ է փորձագետը

Կթանկանա՞ գազը 36 տոկոսով․ Մոսկվան ռեակցիա է տալիս Փաշինյանի քաղաքականությանը՝ վստահ է փորձագետը

Մինչև հուլիսի 1-ը կքննարկեն, օգոստոսի 1-ից գազը հայ սպառողի համար կթանկանա․ 36 տոկոսո՞վ, թե՞ 25 կամ 20՝ կախված կլինի բանակցություններից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» դիմումին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնական գազի գինը ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչեւ 600 խորանարդ) 1 խմ-ի հաշվով 36 տոկոսով, այլ կատեգորիաների համար այլ չափով բարձրացնելու մասին:

«Ընթացակարգն այն է, որ ՀԾԿՀ-ն 90 օրում՝ մինչև հուլիսի 1-ը, պետք է պատասխան տա և քննարկման ժամանակ դիմող կողմը պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ է բարձրացնում գազի գինը և ինչո՞ւ հենց այդ չափով։ Մինչև հուլիսի 1-ը կորոշեն և գազի գինը կբարձրանա օգոստոսի 1-ից։ Ես որոշման փորձից գիտեմ, որ այն, ինչ նախապես առաջարկում են, հետագայում իջնում են․ 36 տոկոս որ առաջարկվել է, քիչ հավանական է, որ հենց այդքան կհաստատվի, հավանաբար, այդ տոկոսը կիջնի 25-20-ի»,-ասաց փորձագետը։

Գազը թանկացնելը հենց այս շրջանում, երբ կորոնավիրուսի սպառնալիքով հարկադիր պարապուրդի մատնված ժողովուրդը չգիտի՝ ինչպես է հոգալու կենսական նվազագույն կարիքները, թերևս տեղին չէ։ Բայց փորձագետը նկատում է, որ այս պայմանավորվածությունը «Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ կառավարության միջև եղել է դեռ հունվարի 1-ից․ «Գազպրոմ Արմենիան» ցանկանում էր բարձրացնել հունվարին, բայց ներքին պայմանավորվածությամբ որոշեցին, որ ձմեռն անցնի, նոր՝ ապրիլի 1-ին, դիմեն բարձրացման համար»։

Սահմանին գազի գինը մինչև տարվա վերջ չի փոխվի՝ կշարունակի մնալ 165 դոլար 1000 խմ դիմաց։ Բայց այս թիվն էլ Էներգետիկ անվտանգության փորձագետը համարում է Նիկոլ Փաշինյանի թիմի, իր խոսքով՝ «դիլետանտ» էներգետիկ քաղաքականության հետևանք։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները ի սկզբանե սխալ էին կառուցվում․ առաջին օրվանից, երբ գործող  քաղաքական դեմքերը եկան իշխանության, բավականին լուրջ սխալներ թույլ տվեցին հենց 2018 թ-ի ընթացքում, ինչը հանգեցրեց, որ 2019 թ-ի հունվարի 1-ից գազի գինը պաշտոնապես 15 դոլարով բարձրացվեց։ Այսինքն, այս ուղղությամբ մտածված, գրագետ քաղաքականություն ընդհանրապես չենք ունեցել»,-ասաց նա։

Առաջին սխալը փորձագետը համարում է այն, որ Փաշինյանի թիմը հենց 2018 թ-ին հայտարարեց՝  իբր գազի գինը արհեստականորեն բարձրացված է և այն կարելի է իջեցնել․ «Վարչապետին կից ինչ-որ հանձնաժողով էր ստեղծվել, որը հայտարարեց, որ գազի գինը կարող են իջեցնել, ինչն իրականության մեջ իրենք չէին կարող անել։ Այս ողջ գործընթացով՝ քաղաքական, իրավական և այլն, սխալ մեսիջներ էին ուղարկում Մոսկվա»։

Երկրորդ սխալը, նրա համոզմամբ, հայտարարելն էր, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ հարաբերություններում կան կոռուպցիոն ռիսկեր, ինչի հետևանքով ընկերությունը հայտնվեց Պետեկամուտների կոմիտեի անմիջական վերահսկողության ներքո․ «Մի քանի քրեական գործ հարուցեցին, իբր՝ այնտեղ կա կոռուպցիա, հետագայում ոչինչ չհայտնաբերեցին, այդ ամեն ինչը փակվեց, բայց արդյունքում «Գազպրոմի» և Մոսկվայի հետ հարաբերությունները այս թեմայի շուրջ շատ վատացան»։

Փաստն այն է, որ գազի գինն այն ժամանակ 150 դոլար էր, բայց Մոսկվային իրականում վճարում էինք 135 դոլար։

«15 դոլարի զեղչ կար ներքին պայմանավորվածության արդյունքում՝ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև։ Այդ զեղչը օգտագործում էին Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացման համար։ Նոր իշխանությունը գտել էր այդ 15 դոլարի բացը և որոշել, որ դա կոռուպցիա է։ Իրականում, դա կոռուպցիա չէր, դա զեղչ էր, որ տրվել էին Հայաստանին պայմանավորվածության արդյունքում։ Եվ այդ ամբողջ դիլետանտ, սիրողական մակարդակի աշխատանքի հետևանքով մենք ոչ միայն կորցրինք 15 դոլարանոց զեղչը, պլյուս դրան ավելացավ ևս 15 դոլար և գազի գինը սահմանին դարձավ 165 դոլար։ Դա ոչ գրագետ աշխատանքի արդյունք էր, և հիմա մենք դրա պտուղները քաղում ենք»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Մյուս սխալը փորձագետը համարում է Էներգետիկայի նախարարությունը վերացնելը․ «Սա նույնպես հիմարություն էր։ Այսինքն, մենք մեր կարևորագույն ուղղության հետ կապված ո՛չ ներքին, ո՛չ արտաքին հստակ քաղաքականություն չունենք։ Դրա համար, ինձ համար դժվար է ասել՝ իրենք ի՞նչ են անում, որ գազի գինը Հայաստանի համար չբարձրանա, ամենայն հավանականությամբ՝ ոչինչ չեն անում»։

Սա դեռ մի կողմ՝ Արմեն Մանվելյանի համար շոկային է հետևել՝ ինչպես է ՀՀ վարչապետ Փաշինյանը ռուսական գազի գնի հարցը քննարկում Բելառուսի նախագահի հետ։

«Երբ երկրի վարչապետը զանգում է՝ գազի գինը քննարկում Բելառուսի նախագահի հետ, սա սխալ մեսիջներ են, որ գնում են Մոսկվային և հասկանալի է, որ Մոսկվան համապատասխան ռեակցիա է տալիս։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական գազի գնի հարցը քննարկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Դրա իմաստը ինչո՞ւմն է, դա կնպաստի՞ գազի գնի նվազեցմանը․ ինչքան ես եմ հասկանում՝ ընդհակառակը, չի նպաստի»,-ասաց նա։

Գազի գնի բարձրացման շուրջ իրավիճակը հուշում է, որ Հայաստան-Ռուսաստան քաղաքական հարաբերություններում կան խնդիրներ և այդ խնդիրները պետք է Երևանը լուծի՝ համոզված է փորձագետը։

Հետևելով վերջին առնվազն 10 տարիների դինամիկային, Արմեն Մանվելյանը փաստում է՝ անգամ տարիներ են եղել, երբ Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը նվազեցրել է․ «Տիգրան Սարգսյանի ժամանակ գինը սահմանին հասավ 186 դոլարի 1000 խմ-ի համար։ Հետո Հովիկ Աբրահամյանի ժամանակ դա նվազեցվեց մի քանի անգամ մինչև 150 դոլարի, որի դիմաց, ինչպես ասացի՝ իրականում 135 դոլար էինք վճարում։ Հետո՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, նորից սկսեց բարձրացվել և հիմա 165 դոլար է»։

Գազի գինը որոշակի քաղաքական հարաբերությունների և տարիների աշխատանքի արդյունք է, արձանագրում է փորձագետը․ կա՛մ այդ հարաբերությունները կառուցվում են և առաջ գնում,  կա՛մ հայտնվում ես ինչ-որ իրավիճակում, երբ գազի գին է բարձրանում․ գազի գնի որոշման մեջ քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է։

Աննա Բալյան